Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում է փոփոխություններ և լրացումներ կատարել Արցախից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրում։ Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ հոկտեմբերի 24-ի դրությամբ ծրագրում ընդգրկվելու համար դիմել է 1200 ընտանիք՝ 4199 անձ, որից միայն 24-ի դիմումն է հաստատվել, 264-ինը մշակման փուլում է, իսկ 912-ի դիմում մերժվել է, քանի որ ընտանիքի առնվազն մեկ անդամը չի բավարարել ծրագրի պայմաններից որեւէ մեկին:
Թեմայի շուրջ step1.am-ը զրուցել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի իրավաբանական բաժնի համակարգող Անի Չատինյանի հետ։
–Ի՞նչ են ցույց տալիս ձեր դիտարկումները, ինչո՞ւ է բնակապահովման ծրագրի շահառուների թիվն այսքան փոքր։
-Մենք մեր վերլուծություններն արել ենք՝ ելնելով արցախցիներից ստացած ահազանգերից։ Բնակապահովման ծրագրից օգտվելու շեմը շատ բարձր է, մասնավորապես, քաղաքացիություն ընդունելու պարտադիր պահանջն ինքնին արդեն եւ խտրական է, եւ անթույլատրելի։ Երբ պետությունը փախստականների համար է նման ծրագիր իրականացնում, չպետք է չափազանց բարձր շեմ սահմանի, ինչը հաղթահարելը կլինի անհնարին։ Մենք գործ ունենք զանգվածային բռնի տեղահանված անձանց հետ, ովքեր իրենց հետ չեն բերել փաստաթղթեր կամ կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելու հանգամանքով պայմանավորված՝ որոշ ընտանիքներ չէին էլ կարող բերել իրենց փաստաթղթերը։ Իսկ Հայաստանի պետական մարմինները չեն տիրապետում այդ փաստաթղթերի ամբողջ բազային, նկատի ունեմ ծննդյան, ամուսնության, մահվան վկայականները։ Այսինքն՝ ողջամիտ չէ որոշ փաստաթղթերի առկայությունը պարտադիր համարել այն դեպքում, երբ դրանք ապահովելու պարտավորություն ՀՀ-ն չունի։ Թվերն արդեն խոսուն են՝ 1200 դիմումից 24-ն է հաստատվել․ սա հիմք է տալիս պնդելու, որ ծրագիրն ամբողջությամբ ձախողված է։ Եվ քաղաքացիության ընդունման պահանջի, եւ ժամկետների, եւ անհրաժեշտ փաստաթղթեր ներկայացնելու, եւ այդ փաստաթղթերը ձեռք բերելու մեխանիզմների տեսանկյունից ինքն անհաղթահարելի է։
Ծրագրի ամբողջ կոնտեքստը խտրական է, քանի որ Փախստականների մասին կոնվենցիայի դրույթներով՝ տվյալ երկրում փախստականները պետք է հավասարեցված լինեն օտարերկրացիներին։ Այս պահանջը ՀՀ-ն չի ապահովում, օտարերկրացիների համար նման պահանջներ օրենսդրությամբ նախատեսված չեն։ Իմ կողմից մատնանշված խնդիրները եւ դատական լուծում պահանջող մոտեցումներն ինքնին արդեն ծրագրի ձախողման մասին են խոսում։ Ծննդյան, մահվան, ամուսնության վկայականները պարտադիր է ներկայացնել այս ծրագրից օգտվելու համար, այնինչ, արցախցի գրեթե բոլոր ընտանիքերում կան առնվազն 90-ականներին մանհացած անձինք։ Այդ փաստաթղթերը պահպանված չեն, իսկ Հայաստանը չունի Արցախի տվյալների բազաները։ Ստիպված այս անձինք գնում են դատարաններ՝ դատական կարգով վերկանգնելու այս փաստաթղթերը։ Իսկ դատական կարգով վերկանգնելու համար անհրաժեշտ են լրացուցիչ ռեսուրսներ, ժամանակ, հնարավորություններ։ Մյուս կողմից, պետության ռեսուրսներն են վատնվում, մասնավորապես, դատարանների ծանրաբեռնվածությունն է ավելանում։
–Այսինքն՝ ստացվում է, որ այս ծրագիրը հիմնավին վերանայման կարի՞ք ունի։
-Այո, հիմնովին վերանայման կարիք կա, պարտադիր պայմանների վերացման կարիք կա։ Փաստաթղթերը վերականգնելու այլ ընթացակարգ պետք է նախատեսվի։ Այսինքն՝ պետությունը պետք է հնարավորություն տա անձանց գոնե փաստաթղթերի վերականգնման հարցում հեշտացված լուծումներ գտնել, ոչ թե դատարաններ գնալ։ Դատարան դիմելը նույնիսկ փաստաբանների համար է դժվար, իսկ կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված անձանց համար այս փաստաթղթային աժիտոժից գլուխ հանելը շատ բարդ է։ Դա այն դեպքում, երբ ծրագրի իրականացման համար աննախադեպ սեղմ ժամկետներ են նախատեսված։ Դա նաեւ հոգեբանական ծանր վիճակի մեջ է դնում մարդկանց, որովհետեւ որեւէ փաստաբան չի երաշխավորի, որ դիմում տալու պայմաններում մեկ ամսից կամ երկու շաբաթից դատարանի որոշում կունենա։
–Արցախցիները դժգոհում են հատկապես ՀՀ քաղաքացիություն ստանալու պարտադիր պահանջից, սա արհեստական պահանջ են որակում։ Որքանո՞վ է իրավաչափ այս պահանջը։
-Ես արդեն ասացի, որ սա ամբողջությամբ խտրականություն է եւ հակասում է Փախստականների մասին կոնվենցիայով Հայաստանի ստանձնած պարտավորություններին։ Քաղաքական մոտեցումների մասին չեմ ուզում խոսել, բայց իրավական տեսանկյունից նման շեմ սահմանելն անթույլարելի է ու խտրական։ Պարտադիր պայմանը չպետք է լինի պարտադիր, կարող են լինել դեպքեր, երբ անձինք ուղղակի կամավոր ցանկություն կունենան ՀՀ քաղաքացիություն ստանալ։ Երկրաատեւ բնակություն հաստատելու պայմաններում մարդիկ իրենք կգան այդ որոշմանը՝ ուզում են քաղաքացիություն ընդունել, թե ոչ։
Ռոզա Հովհաննիսյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: