Կա՛մ օրապահիկների տրամադրում՝ մինիմալ սննդով, կա՛մ դասաժամերի խտացում, կա՛մ էլ անցում հիբրիդային կրթություն

  • 15:42 14.08.2023

Գրեթե երկու շաբաթից արդեն սեպտեմբեր է, ինչը նշանակում է, որ ավարտվում են ամառային արձակուրդները և սկսվում է նոր ուսումնական տարին:

Արցախում ուսումնական տարվան նախապատրաստությունը ընթանում է մեծ դժվարությամբ: Այս ամենին ավելանում է տարրակարծությունը, թե արդյո՞ք նման պայմաններում պետք է սկսվի ուսումնական տարին, թե՞ ոչ:

Մենք փորձել ենք հենց դպրոցականների ծնողներից ճշտել, թե ո՞ր տարբերակն է նախընտրելի նրանց համար: Մ.Մ և Վ.Պ-ը, ում երեխաները այս տարի պիտի հաճախեն 1 դասարան, նշել են, որ անհամբեր սպասում են ուսումնական տարվա սկզբին, քանի որ ուսումը երեխաների համար կենսական նշանակություն ունի։ Իսկ այն հարցին, թե արդյո՞ք հնարավոր է առանց տրասպորտ դպրոց հաճախել, նշել են, որ գոնե այս մասով մի քիչ հեշտ է ինքնակազմակերպվելը, քանի որ գրեթե բոլոր թաղամասերում դպրոցներ կան:

Մ.Մ նաև հավելեց, որ հնարավորության դեպքում անհրաժեշտ է դպրոցներոմ գոնե մինիմալ ռեսուրսներով ճաշարաներ ներդրվեն, քանի որ կան ընտանիքներ, որոնք սննդի հետ կապված լուրջ խնդիրների հետ են բախվել, և պարզ է, որ թերսնված երեխան չի կարող նորմալ ուսանել:

Ըստ հարցման արդյունքների՝ ծնողների մեծամասնությունը հակված է ուսումնական տարվա մեկնարկին, սակայն կան նաև ծնողներ, որոնք դեմ են և որպես պատճառ նշում են սննդի պակասը:

Ըստ Օ.Ծ-ի՝  այս պայմաններում, երբ չկա նորմալ սնունդ նույնիսկ երեխայի նախաճաշը կազմակերպելու համար, և դպրոցում էլ, ամենայն հավանականությամբ, սնունդ չի տրամադրվելու և ոչ էլ վաճառվելու, երեխաները ուղղակի ի վիճակի չեն լինելու նորմալ դպրոց հաճախել, ոչ էլ նորմալ ուսում են ստանալու:

Հավելենք նաև, որ այս պահին իհարկե իրավիճակը կրիտիկական է, և եթե տրանսպորտի հարցը հնարավոր է լուծել՝ օգտագործել հեծանիվներ, կամ ուղղակի քայլել, ապա սննդի հարցի լուծումը առավել դժվար է:

Մենք բոլորս հաճախել ենք դպրոց և հասկանում ենք, որ 5-6 ժամյա դասերի դեպքում անհնար է չունենալ սննդի ընդմիջումներ, և բոլորիս փրկում էին դպրոցական ճաշարանները կամ տնից բերված սնունդը: Պարզ է, որ հիմա Արցախի աշակերտների մեծամասնությունը զրկված են այդ հնարավորությունից, ինչն անհետևանք չի մնալու նաև ուսման որակի համար:

Այս պարագայում մինչև ուսումնական տարվա մեկնարկը ԱՀ կառավարությունը և մասնավորապես ԱՀ ԿԳՄՍ նախարարությունը պետք է հետամուտ լինեն նաև այս խնդրի լուծմանը, ինչը ենթադրում է կա՛մ օրապահիկների տրամադրում՝ մինիմալ սննդով, կա՛մ դասաժամերի խտացում, կա՛մ էլ անցում հիբրիդային կրթության:

 

f