Մարդը կարիքի մեջ․ Պատմություն առաջին՝ իմ մասին

  • 09:46 27.11.2024

Այս շարքում պատմում եմ չորս տարբեր կանանց՝ այդ թվում՝ իմ պատմությունը կրկնվող բլոկադայի և 1990-ականներից 2020-ականներ հասած կենցաղային փորձառությունների ու դրանց հաղթահարման մեր հնարների մասին։ Շարքը սկսում եմ իմ պատմությամբ։

 

Իմ փորձառությունը, եւ թե ինչպես այն պետք եկավ 21-րդ դարում 

90-ականների սկզբին, ապրելով պատերազմող Արցախում, ես առաջին անգամ առնչվեցի կարիքին․ Ստեփանակերտը շրջափակված էր, ցամաքային կապ արտաքին աշխարհի հետ չկար. Շուշին, Լաչինը, որտեղով անցնում էր Արցախի հայերիս արտաքին աշխարհին կապող ճանապարհը՝ փակ էր։ Քաղաքը հրետակոծվում էր, չունեինք լույս, ջուր, ուտելիք, հագուստ։

Մենք սկսեցինք կարիքը հաղթահարելու ելքեր փնտրել․ մոխիրից մաքրող միջոց ստացանք,  քարե երկանքով ցորեն ու գարի աղալով՝ ալյուր, այդ ալյուրից՝ մակարոնեղեն, կաթի փոշուց՝  խտացրած կաթ։ Սովորեցինք բուրդ մշակել, թել մանել, գործել ու կարել։

Բայց այս ամենը պիտի մնար հեռավոր 90-ականներում, ու երբեք չպիտի տեղափոխվեր 21-րդ դար, որն իմ մանկական երազանքներում լուսավոր էր, գունեղ ու այնքան սպասված։ 

 

Ստեփանակերտ․ 80-ականներ

Մայրս կարի մեքենա ուներ, հայրս էր նվիրել մարտի 8-ին։ Այդպիսիք կային Խորհրդային  Միությունում ապրող շատ ընտանիքներում։ Դրանով են կարվել մեր գրեթե բոլոր տոնական զգեստները, թարմացվել մեր շրջապատի կանանց հագուստը, կարճացվել տղամարդկանց տաբատները։ Դրանով մայրս հետագայում նաև պատերազմող տղաների  համար բռոնեժիլետներ է կարել։

Մորս կարի մեքենան ավելի շատ օգտագործում էր քույրս՝ իր տիկնիկների համար հագուստ  կարելու համար։ Թաքուն, քանի որ մայրս չէր թողնում այն օգտագործել՝ վախենում էր փչանալուց։ Ես  ավելի քիչ էի կարում։

Բայց  90-ականները նոր մարտահրավերներ առաջ քաշեցին, և ես  ստիպված եղա կրտսեր քրոջս հետ կատարելագործել կարելու իմ հմտությունները։

Քրոջս՝ Գեղուհու  հետ, Պյատաչօկ, 1991 թ․

 

Ստեփանակերտ 90-ականներ

Հայրս ինձ համար նոր կոշիկ էր գտել։  Ես այն  շատ էի հավանել, բայց հագնել  չէի կարող, քանի որ կոշիկի կողքը մուկը կրծել էր։ Պետք էր մի բան մտածել։ Օգնության եկավ մայրիկի հին դրամապանակը, որի կաշին էլ կարի մեքենայի օգնությամբ սիրուն դետալի վերածեցի ու կպցրեցի կրծած կոշիկին՝ անհամբեր սպասելով այն հագնելու տոնական առիթին, որն այդ տարիներին նույնքան հազվադեպ էր, որքան նոր կոշիկը։

Առիթը եկավ։ Բայց երբ դուրս եկա տնից, միացավ օդային տագնապի ազդանշանը, որին  հետևեց ռմբակոծիչի սուլոցը։ Ես պառկեցի գետնին, մինչև վտանգն անցավ, իսկ երբ բարձրացա, առաջին միտքս կոշիկի մասին էր, որ հանկարծ վնասված չլիներ։

Համադասարանցիներով,  տեքստի մեջ նշված կոշիկով, 1993 թ․

 

Ստեփանակերտ․ 21-րդ դար

90-ականներից ավելի քան 30 տարի անց նորից շրջափակման մեջ էինք։ Էլեկտրաէներգիայի հովհարային անջատումներ էին, հացի հերթեր, վառելիքի ու մթերքի սղություն։ Դուստրս՝  Աստղիկը, գրեթե նույն հասակին է, ինչ ես էի 90-ականներին և ես նրա համար պայուսակ էի կարում․ Ստեփանակերտում դպրոցական նոր պայուսակ գնելը խնդիր էր։

Տանը գտնված մի քանի հատիկ չիր ու ընդեղենից, դոշաբից ու կակաոյի փոշուց պատրաստված ձեռագործ կոնֆետներով վերջին սուրճն էինք վայելում միասին։

Աստղիկի պայուսակը, պատրաստվում ենք սեպտեմբերի 1-ին, 30.08.23 թ․

Ձեռագործ կոնֆետներն ու  սուրճը

 

Ծանր թեմաները շրջանցում էինք․ երկուսս էլ գիտեինք՝ այն, ինչ կատարվում է, պիտի մնա հեռավոր անցյալում, ու երբեք չպիտի տեղափոխվի հաջորդ տասնամյակ ու հարյուրամյակ, որը մանկական երազանքներում, անկախ ամեն ինչից, լուսավոր է ու գունեղ․․․

 

Սրբուհի Վանյան

f