Մարդը կարիքի մեջ․ Արցախի  հանրային ռադիոյի   «Բլոկադնիկ»–ը 

  • 12:12 28.11.2024

Կարինեն Արցախի հանրային ռադիոյի հնչյունային ռեժիսորն էր։ Մեկ էլ տեսար բղավեց՝ «Մելկիիի, մին շյուտ եկ ստեղ․․․»։ Դա նշանակում էր՝  կամ եթերի հետ արագ ճշտելու հարց կա, կամ սուրճի ժամ է։

«Մելկի»–ն  լրատվականի երիտասարդներն էին՝ Վիկտորիան, Անին, Ասպրամը։ Նրանցից մեկը Կառայի հետ գործնական հարցերը պարզում, ապա նրա հետ սուրճի պատրաստություն է տեսնում, կանչում մնացածներին։ 

Բլոկադան Արցախի հանրային ռադիոյում

Շրջափակման օրերին հասկացանք՝ Կառայի սուրճը կարևոր է։ Հատկապես երբ այն մատուցվում էր իր ձեռքով  պատրաստված կոնֆետներով։

Կառայի կոնֆետն ամենահամովն էր։ Այն  եփվում էր տեղում,  հանրային ռադիոյի աշխատողների  բերած վերջին մի քանի գդալ շաքարավազով,  ընդեղենով կամ չրով, սրճելու պահն էլ ընտրվում էր համապատասխան աշխատողների գրաֆիկի․

 – Կառա, կոֆեն տինումը՞ս- հարցնում էինք։

-Սպասինք վե՞չ հըվաքվին,- հետևում էր պատասխանը։

Բլոկադայի ժամանակ Կառայի փոքրիկ սենյակն ամենաջերմն էր․ ում տանն ինչ կար՝ բերում էինք այնտեղ՝  միասին ճաշակելու։ Եվ այդ աղքատիկ ճաշկերույթներից հետո անպայման վայելում էինք Կառայի սուրճը, իր պատրաստած կոնֆետով, որին Բլոկադնիկ անունն էինք տվել։

 

Հանրային ռադիոյի ռեժիսորական սենյակում, 2023 թ․

Ռեժիսորական սենյակը 2023 թ․ սեպտեմբերի 19ին՝ պատերազմի օրը

Խոստացել էր շրջափակումից հետո նման կոնֆետների արտադրություն սկսել։

Մենք էլ խոստացել էինք լինել առաջին գնորդները։

 

Կարինեն ու  պատերազմը

Կարինեն 2023 թվականի սեպտեմբերի 19–ին առավոտյան ժամը 8-ից արդեն աշխատանքի էր։ Երեխաներին դպրոց էր ճանապարհել, եթերից հետո շտապեց տուն՝  ճաշ պատրաստելու․ ամուսինը դիրքերից էր վերադարձել։ Մինչ Կարինեն հետ եկավ Ռադիո, Ստեփանակերտում լսվեցին պայթյունները։ Կարիների դուստրը դպրոցից տուն գալու ճանապարհին կորավ։ Պարզվեց, պայթյունների ժամանակ ինչ-որ մեկը երեխային մոտակա ապաստարանն էր տարել, մինչ մայրն ու հարազատները ռմբակոծվող քաղաքում փնտրում էին նրան մի քանի ժամ։

44-օրյա պատերազմի ժամանակ Կարինեն Ստեփանակերտում էր մնացել։ Երեխաներին ուղարկել էր  Հայաստան, բայց առայսօր մեղքի զգացումը հանգիստ չի տալիս․ նրանց թաց կոշիկներով էր ճանապարհել։

Արցախյան առաջին պատերազմը հիշում է ծնողների պատմածից, փոքր է եղել, բայց դրա հետևանքները զգացել է սեփական մաշկի վրա։ Բազմանդամ ընտանիքում է մեծացել, հայրը՝ Արցախյան առաջին պատերազմից հետո հաշմանդամություն ուներ։ Այն ծանր տարիներին մայրը հաճախ էր իրենց համար ձեռքի տակ հայտնված մթերքներից քաղցրավենիք պատրաստում։ Կոնֆետ պատրաստելն էլ այն ժամանակ  է սովորել, հետո մշակել սեփական բաղադրատոմսը։

 

Ռադիոն երկրորդ տուն

Ռադիոն Կարինեի երկրորդ տունն է․ 16 տարեկան էր, երբ եկավ Ռադիո, այնտեղ մեծացավ, ծանոթացավ կյանքին, սովորեց հաղթահարել դժվարությունները, իր և ուրիշների փորձով։ Ռադիոյում աշխատեց 15 տարի, մինչև բռնի տեղահանությունը։

Հրաժեշտի օրն Անին մի քանի լուսանկար արեց, իսկ Կարինեն հասցրեց մի քանի իր վերցնել իր հետ։

Հանրային ռադիոն  հրաժեշտի օրը,  նկարները՝ Անի Աբաղյանի

 Ներկան

Կարինեն փորձում է հարմարվել նոր իրողություններին։

Ապրում է Աշտարակում։ «Բլոկադնիկ»-ի խոստացած արտադրությունը դեռևս չի սկսել։ Բայց ուժերն արդեն փորձում է փոքր բիզնեսում, հացաբուլկեղենի արտադրամաս է հիմնել։  

–«Բլոկադնիկ»–ի արտադրություն սկսելու գաղափարը դեռ ուժի մեջ է, ասում է նա, – հարմար պահ  է պետք։ 

–Մեր՝ առաջին գնորդը լինելու խոստումը նույնպես,– պատասխանում եմ։

Սրբուհի Վանյան

Այս շարքում պատմում եմ չորս տարբեր կանանց՝ այդ թվում՝ իմ պատմությունը կրկնվող բլոկադայի և 1990-ականներից 2020-ականներ հասած կենցաղային փորձառությունների ու դրանց հաղթահարման մեր հնարների մասին։

f