Step1.am-ի զրուցակիցն է ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը։
-Պարոն Կարապետյան, վերջին ամսիներին մենք ակտիվություն ենք նկատում Եվրոպայում Արցախի հարցով։ Վերջերս Եվրոպական խորհրդարանը հերթական բանաձեւն ընդունեց, որով կոչ էր արվում ապահովել արցախցիների անվտանգ վերադարձը, նաեւ Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու անհրաժեշտության հարցն էր բարձրացվում։ Ի՞նչ արդյունք կարող ենք ակնկալել, արդյոք գործադիր իշխանությունը քայլեր կանի՞՝ իրագործելու այդ բանաձեւերն ու որոշումները։
-Գործադիր մարմինը միշտ պետք է նկատի ունենա օրենսդիրի ընդունած որոշումները կամ բանաձեւերը, բայց պարտավոր չէ հետեւել դրանց։ Անշուշտ, որքան շատ բանաձեւեր ու որոշումներ լինեն, որքան ճնշումն ավելի է մեծանում գործադիրի վրա, այնքան ավելի մեծ ուշադրություն կարող է ունենալ գործադիրը օրենսդիրի որոշումների նկատմամբ։ Օրինակ՝ այս վերջին բանաձեւը, որը երկրորդն էր կարճ ժամանակահատվածում, կրկնեց Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքը։ Նաեւ խոսեց Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանելու անհրաժեշտության, Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների, հայկական մշակութային հուշակոթողների ավերումը դադարեցնելու մասին։ Այսինքն՝ երբ այս մասին խոսվում է, ի վերջո գործադիրը ստիպված կլինի ուշադրություն դարձնել։ Բայց անմիջական արդյունք չենք կարող սպասել, սա երկարատեւ, համառ աշխատանքի արդյունք է։ Պետք է շարունակենք մեր աշխատանքը, հիմա նոր գործադիր մարմին պետք է ունենանք, օրերս քվեարկություն տեղի ունեցավ, դեկտեմբերի սկզբին պետք է ստանձնի իր պարտավորությունները։ Եվ նույնկեպ իրենց հետ պետք է աշխատենք, որպեսզի տեսնենք, թե ինչպես կարող են օժանդակել, որպեսզի ավելի լավ որոշումներ ընդունվեն, որոնք կօժանդակեն Արցախը հայերով վերաբնակեցնելուն։
-Գործադիրից ի՞նչ ակնկալիներ կան, կարծում եք՝ ճնշումնե՞ր պետք է գործադրվեն Ադրբեջանի վրա, պատժամիջոցնե՞ր պետք է կիրառվեն։
-Սպասել, որ օտարները պետք է լուծեն մեր հարցերը, իրատեսական չէ։ Մեր հարցերը մենք պետք է լուծենք։ Անշուշտ, օտարների դերակատարությունը կարող է կարեւոր լինել՝ Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու տեսանկյունից, որպեսզի իր այսօրվա մարդասպան եւ ցեղասպան քաղաքականությունն Արցախի ժողովրդի հանդեպ դադարեցնի, նաեւ դադարեցնեն Արցախի պատմամշակութային հուշարձանների քանդումը ու Հայաստանի տարածքի նկատմամբ հավակնությունները։ Այս ճնշումն է, որը կարող են գործադրել օտարները, որպեսզի Ադրբեջանին ստիպեն դիմել որոշ քայլերի։ Բայց դրանից այնկողմ մենք պետք է մեր ձեռքով մեր ապագան կերտենք։ Եվ դա կախված է նաեւ Հայաստանի Հանրապետության իշխանությունից, թե որքանո՞վ են պատրաստ եւ ուզում դա անել։
Դրա համար մեր կոչն այն է, որ Հայաստանի հետ պետք է միասին աշխատենք, առանձին աշխատանքը բավարար չէ։ Մենք ամեն ինչ անում ենք եւ պետք է անենք Արցախի մեր հայրենակիցների համար, բայց Հայաստանի Հանրապետության իշխանություններն իրենց հերթին պետք է այդ հարցերը բարձրացնեն եւ պետք է փորձեն հզորացնել Հայաստանի Հանրապետությունը, որպեսզի կարողանանք պաշտպանել թե Հայաստանը, թե ապահովել Արցախի մեր հայրենակիցների վերադառանալու իրավունքը։ Մենք մեր հերթին ինչ կարողանում ենք, Սփյուռքի մեջ անում ենք՝ ամբողջ Հայ դատի ցանցերը, մեր գրասենյակը 14 հանձնախմբերի, «Եվրոպացիները հանուն Արցախի» հարթակի հետ փորձում ենք ամեն ինչ անել, որպեսզի օժանդակենք Արցախի մեր հայրենակիցներին։ Եվ որոշ բաներ հաջողում ենք, անշուշտ, շատ բաներ չենք բացահայտում, որովհետեւ բացահայտումը կարող է թշնամու ձեռքին խաղաքարտեր տալ։
-Կան տեսակետներ, որ Սփյուռքն ինքը չի ուզում աշխատել Հայաստանի այսօրվա իշխանության հետ, համագործակցություն կա՞։
-Տարբեր երկրներում Հայաստանի դեսպանների հետ համագործակցություն կա։ Իսկ Հայաստանի կենտրոնական կառավարության մեջ լուրջ պրոբլեմ կա, կան երկդիմի հայտարարություններ վարչապետի կողմից, որոնք կարող են շփոթմունք ստեղծել։ Սակայն կան երկրներ, որտեղ դեսպանների հետ կա համագործակցություն։ Օրինակ՝ Բրյուսելում Եվրոպական միության ներկայացուցչության ղեկավարի՝ դեսպանի հետ ունենք համագործակցություն գերիների ազատ արձակման հարցով։ Նույնը նաեւ Արցախի ժողովրդի իրավունքների հարցով ունենք լավ համագործակցություն։ Կան դեսպաններ, որոնք հավանաբար իրենց անձնական նախաձեռնությամբ փոքր-ինչ այլ կողմ են գնում Հայաստանի իշխանության գավառապետական որոշումներից, բայց դա բավարար չէ, հիմնականը կենտրոնն է։ Կենտրոնական իշխանությունը պետք է ակտիվ լինի, հստակեցնի, թե իսկապես ուզո՞ւմ է, որ Արցախի ժողովրդի համար աշխատենք, թե՞ ոչ։
-Արցախցիների վերադարձի հարցի քննարկման համատեքստում «Եվրոպացիները հանուն Արցախի» հարթակը քննարկում է վերադարձի իրավունքի իրացման հարցը, ինչպե՞ս պատկերացնում դրա իրագործումը։
-Մեր պատկերացումը Արցախի ժողովրդի հավաքական վերադարձն է։ Այսինքն՝ եթե 4000-5000 մարդ պետք է գնա, դա վերադարձ չէ։ Արցախի ժողովրդի հավաքական վերադարձը պետք է տեղի ունենա իր պապենական հողերի վրա։ Եվ դա պետք է տեղի ունենա միջազգային պաշտպանության երաշխիքներով։ Այսինքն՝ իսկապես պետք է երեւա միջազգային պաշտպանությունը, որ ժողովուրդը կարողանա վերադառնալ եւ զգալ, որ ինքն ապահով է, եւ իր կամ իր զավակների կյանքը վտանգված չէ։ Դրա համար Ադրբեջանը պետք է ապագայի մասին բանակցի ու խոսի Արցախի ժողովրդի ներկայացուցիչների հետ։ Համենայնդեպս, մեզ համար հստակ է, որ Արցախի ժողովուրդն ինքը պետք է որոշի, թե ինչ ձեւ եւ ինչպես պետք է լինի իր ապագան իր հողերի վրա։ Դա մեզ համար սկզբունքային հարց է, որ Արցախի ժողովուրդն ինքը պետք է որոշի։ Եթե տեսաք, Եվրոպական խորհրդանի վերջին բանաձեւն էլ այդ մասին էր, որ Ադրբեջանը պետք է խոսի Արցախի ժողովրդի ներկայացուցիչների հետ։ Մենք երկար ժամանակ պաշտպանել ենք այս հարցը, նաեւ Եվրոպական խորհրդարանի առաջ, եւ այս անգամ այդ հարցն արտացոլվեց նաեւ իրենց բանաձեւի մեջ։ Առանց միջազգային երաշխիքների, այսօվա պայմաններում ո՞վ պետք է ուզենա վերադառնալ Արցախ, ի՞նչ պայմաններով, բոլորս էլ գիտենք, թե ինչ ապագա է նրանց սպասվում, եթե վերադառնան։ Պետք է իսկական միջազգային պաշտպանության երաշխիք լինի, միայն խոսքով չլինի, պետք է գետնի վրա լինի այդ երաշխիքը, որպեսզի մարդիկ վերադառնան։
–Հայաստանի իշխանությունն Արցախի քաղաքական հարցերն ընդհանրապես փակել է։ Այս հարցով ի՞նչ հնարավորություններ եք տեսնում։
-Շատ ավելի ուժեղ կլինեին մեր դիրքերը, եթե Հայաստանի իշխանություններն այդ ուղղությամբ աշխատեին։ Դժբախտաբար, ունենք այն, ինչ ունենք, այդ մեր ունեցած իրականության շրջանակներում մենք մշակում ենք ծրագրեր, մեր աշխատանքային ուղին, որոնց հիման վրա պետք է պաշտպանենք Արցախի ժողովրդի իրավունքները։ Որքանո՞վ կկարողանանք մարդկանց համոզել, դա կախված է նաեւ մեզանից եւ նաեւ դիմացինից, թե որքանով են պատրաստ ընկալել մեր ասածները։ Բայց պետք է ասել, որ բավական ճանապարհ ենք անցել, որովհետեւ Արցախի Ազգային ժողովի կողմից ստեղծվել է հանձնախումբ, որն Արցախի ժողովրդի հիմանարար իրավունքներն է առաջ տանում միջազգային գետնի վրա։ Ինչպես գիտեք, այն ղեկավարում է Հայաստանի արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը։ Նաեւ այս հանձնախմբի վեց ամսվա աշխատանքի արդյունքն է այն, որ այսօր չկա հակառակ տեսակետ, որ Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքը գոյություն ունի։ Յուրքանչյուրը տարբեր կերպ է դա հասկանում, բայց մենք ելակետը սա պետք է վերցնենք եւ միշտ մեջտեղ պետք է բերենք այս հարցը, որ Արցախի ժողովրդի իրավունքը պետք է միշտ մնա սեղանի վրա։ Դրանից հետո արդեն սկսելու ենք մշակել ծրագիր, թե ինչ ձեւով պետք է դա արվի։ Ես ընդհանուր ներկայացրեցի, բայց դեռ շատ աշխատանք կա անելու։ Բայց շատ կարեւոր է նաեւ Արցախի ժողովրդի դերակատարությունը։ Մենք կկարողանանք հաջողել, եթե Արցախի ժողովուրդն ինքը ցանկանա վերադառնալ իր հայրենիք։ Մեր ունեցած տվյալներով՝ Արցախի ժողովրդի 90 տոկոսը ցանկանում է վերադառնալ։ Բայց Արցախի ժողովուրդն այս հարցում հաստատակամ պետք է մնա, նրանք պետք է մնան Հայաստանում, եթե Արցախցին հեռանա Հայաստանից, ի՞նչ իմաստ կա խոսել վերադարձի մասին։ Արցախի ժողովուրդը պետք է հաստատակամ մնա, որպեսզի ի դեմս Արցախի ժողովրդի հենարան ունենանք, որ ավելի լավ կատարենք մեր աշխատանքը։
–Արցախի հարցով հիմնականում առաջ են քաշվում «էթնիկ զտում» եւ «վերադարձի իրավունք» հասկացությունները, այնինչ, պարզվեց, դրանք միջազգային իրավունքի նորմ չեն։ Որքանո՞վ է արդյունավետ այս ուղղությամբ աշխատանք իրականացնելը։
-Ես արդեն ասացի, որ այսօր որեւէ մեկը չի ժխտել, որ տեղի է ունեցել էթնիկ զտում, եւ այսօր չկա որեւէ մեկը, ով կակսկածի տակ կդնի Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքը։ Գրավոր ինչ կա, ինչ չկա, դա այլ հարց է, ամեն ինչ գետնի վրա է։ Կա նաեւ Միջազգային դատարանի որոշումը, որն Ադրբեջանին պարտավորեցնում է քայլեր ձեռնարկել Արցախի ժողովրդի վերադարձի համար։ Կա նաեւ Օկամպոյի ուսումնասիրությունը, որ Արցախում ցեղասպանություն է տեղի ունեցել։ Այս ամենը նշանակում է, որ արցախցիների իրավունքն է՝ վերստանալ իրենց ունեցվածքը, իրենց կյանքն այնպես, ինչպես ապրում էին։ Դա նշանակում է վերադարձի իրավունք, ուրիշ բան չի նշանակում։
–Սփյուռքում ի՞նչ տրամադրություններ են Արցախի ու Հայաստանի հարցով։
– Սփյուռքը Արցախի ժողովրդին սատարում է եւ զորավիգ է Հայաստանի Հանրապետությանը։ Այսօր Հայաստանի Հանրապետությունն էլ է վտանգված «Արեւմտյան Ադրբեջան» խոսույթով, որն սկսել է Ալիեւը։ ՀՀ տարածքներից ավելի քան 200 քառակուսի կիլոմետրը Ադրբեջանի ձեռքին է, բռնազավթված է։ Սփյուռքը պատրաստ է իր կարողությունների շրջանակներում անել այն, ինչ կարող է՝ օգտագործելով իր ձեռքին ունեցած գործիքակազմը, որպեսզի օժանդակի Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանությանը, որը վերադաձի իրավունքից բացի ներառում է նաեւ մեր պատմամշակութային կոթողների, հայ ժողովրդի հարստության պահպանումը Արցախում։ Նաեւ Սփյուռքը պատրաստ է եւ պետք է աշխատի Հայաստանի Հանրապետության անվտանգության ու հայ ժողովրդի բարօրության ուղղությամբ։
Ռոզա Հովհաննիսյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: