«Դուք ասում եք, որ Արցախն իր օրենքներով Հայաստանը նույնպես դիտարկում էր որպես օտարերկրա պետություն, ես մի մեջբերում անեմ․ Արցախի Հանրապետության Գերագույն դատարանը 2023 թվականի մայիսի 31-ի որոշմամբ արձանագրում է, որ 01․12․1989 թվականին Հայկական ԽՍՀՄ Գերագույն խորհուրդը եւ ԼՂ Ազգային խորհուրդն ընդունել են Հայկական ԽՍՀ-ի եւ ԼՂ վերամիավորման մասին համատեղ որոշումը, որի 3-րդ կետի 2-րդ նախադասությամբ ամրագրված է, որ ԼՂ բնակչության վրա տարածվում են ՀԽՍՀ քաղաքացիության իրավունքները, ինչից էլ բխում է, որ Արցախի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացի եզրույթներն ըստ էության նույնական են։
Հետեւաբար, ըստ Գերագույն դատարանի, Հայաստանի Հանրապետությունն Արցախի Հանրապետության համար չի կարող ընկալվել որպես օտարերկրյա պետություն, իսկ Հայաստանի քաղաքացիները՝ որպես օտարերկրյա քաղաքացիներ։ Սրանով ես ցանկանում եմ ուղղակի նկատել, որ Արցախի Հանրապետության օրենսդրական համակարգում ՀՀ-ն որպես օտարերկրյա պետություն չէր դիտարկվում»,- Ազգային ժողովում արցախցիների քաղաքացիության վերաբերյալ քննարկման ժամանակ ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանին դիմեց արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը։
Արմեն Ղազարյանը նշեց․ «Վերամիավորման մասին որոշմամբ ՀԽՍՀ քաղաքացիությունը կտարածվեր ԼՂ բնակչության վրա, եթե չլինեին հաջորդական իրադարձությունները։ Վերամիավորման մասին որոշումից հետո տեղի են ունեցել մի քանի իրադարձություններ, օրինակ, Հայաստանի Հանրապետությունը հռչակել է անկախություն, օրինակ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հռչակել է անկախություն, օրինակ, Հայաստանի Հանրապետության հռչակած անկախությունն ամրագրվել է սեպտեմբերի 21-ի հանրաքվեով, որին չի մասնակցել Լեռնային Ղարաբաղի բնակչությունը։ Հիմա, որ ԼՂ Գերագույն դատարանը նման որոշում է կայացրել, դրանից չի բխում այն հանգամանքը, որ չեն եղել նշածս իրադարձությունները։ Այսինքն՝ դե ֆակտո այդ որոշման այդ կետը երբեւէ չի գործել»։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: