1989 թվականի դեկտեմբերի 1-ին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը և ԼՂԻՄ Ազգային խորհուրդը համատեղ որոշում ընդունեցին Արցախը Հայաստանին վերամիավորելու մասին։
Այս բանաձեւը հիշատակվում է 1990 թվականի օգոստոսի 23-ին ընդունված Հայաստանի Անկախության հռչակագրում որպես հիմնարար փաստաթղթերից մեկը։ 1991թ. սեպտեմբերի 2-ին ընդունված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Անկախության հռչակագրում դեկտեմբերի 1-ի որոշումը նշված չէ, սակայն Հայաստանին վերամիավորվելու Արցախի ցանկությունը եւ փաստացի վերամիավորումը միշտ եղել են Արցախի ժողովրդի քաղաքական կուրսի հիմքում։ Արցախը երբեք Հայաստանին «այլ պետություն» չի համարել՝ դրա դիմաց ստանալով նույն վերաբերմունքը։ Հայաստանը չէր կարող ճանաչել Արցախի անկախությունը, քանի որ Արցախն արդեն Հայաստանի մաս էր։
Այժմ, երբ Արցախը ֆիզիկապես օկուպացված է, իսկ ԼՂՀ-ն դե ֆակտո լուծարված, Արցախի կարգավիճակը մատնանշող միակ փաստաթուղթը 1989թ. որոշումն է։
Ռուսաստանը, որը 1990-ի սկզբին պաշտոնապես ճանաչեց հետխորհրդային հանրապետությունների անկախությունը և նույնիսկ Արցախի ինքնորոշման իրավունքը (տե՛ս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկները, որտեղ Ռուսաստանը դեռևս համանախագահ է), գործնականում ամեն ինչ արեց թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի քաղաքականությունը կառավարելու համար։ Ռուսաստանը տիրել է Հայաստանի տնտեսական ակտիվների մեծ մասը, հաղորդակցությունները, ռուս սահմանապահները պահպանում են Հայաստանի սահմանները Թուրքիայի և Իրանի հետ՝ որպես «ԽՍՀՄ արտաքին սահմաններ», Ռուսաստանը պահպանել է Հայաստանում 102-րդ ռազմակայանը և 2020 թվականին իր զորքերը անօրեն ուղարկել է Արցախ։ Լրտեսների և ազդեցության գործակալների ընդարձակ ցանցը թույլ է տալիս Մոսկվային մինչ օրս տիկնիկավարի պես կառավարել Հայաստանը, ներառյալ Արցախը։ Ռուսաստանի քաղաքականությունն էր, որ բերեց նրան, որ վերամիավորման որոշումը չիրականացվեց և ընտրվեց «անկախ» Արցախի ի սկզբանե պարտվող տարբերակը։
2020-2024 թթ Ռուսաստանը, հիմնվելով Թուրքիայի հետ պայմանավորվածությունների վրա, ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ կոնսենսուսի շրջանակներում (հիշենք ԵՄ-ՌԴ-ԱՄՆ գաղտնի հանդիպումը 2023թ. սեպտեմբերի 17-ին Պոլսում, որտեղ տրվել է Արցախի օկուպացման կանաչ լույսը), «զիջում է» Արցախը և Հայաստանի հարավը Թուրքիային՝ հետխորհրդային երկրներում ազդեցությունը պահպանելու դիմաց։
1989 թվականի որոշման հիշատակումը Հայաստանի Անկախության Հռչակագրում և, համապատասխանաբար, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մեջ անհաղթահարելի խոչընդոտ է 2020-2023 թվականների ահաբեկչական պատերազմի արդյունքների օրինականացման ծրագրերի համար։ Զուր չէ, որ Ալիեւը Հայաստանի Սահմանադրության փոփոխությունն անհրաժեշտ պայման է համարում «խաղաղության պայմանագիր» կնքելու համար։ Քանի դեռ Հայաստանը չի փոխել Սահմանադրությունը, քանի դեռ գործում է Հայաստանի Անկախության հռչակագիրը և 1989 թվականի դեկտեմբերի 1-ի որոշումը, Արցախը կհամարվի Հայաստանի օկուպացված տարածք։ Ալիեւը, Էրդողանը եւ մյուս պուտինները դա հասկանում են։
Կարևոր չէ, թե ինչ են ասում Ալիևը, Պուտինը, Փաշինյանը, կարևորն այն է, որ փաստաթղթավորված և փաստորեն Արցախը Հայաստանն է։ Կարևոր չէ, որ Հայաստանի իշխանություններն ու ընդդիմությունը չեն հիշում 1989թ որոշումը։ Ոչ մի երկիր, այդ թվում՝ Ռուսաստանը, չի դիմել Հայաստանին՝ Սահմանադրությունը փոխելու և Միացումի մասին որոշումը այնտեղից հանելու կոչով։ Այդ մասին չեն խոսում եւ Հայաստանի քաղաքական ուժերը։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: