Step1.am-ի զրուցակիցն է Արցախի ինքնապաշտպանական ուժերի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանը։
-Պարոն Կարապետյան, արցախցիները ինչո՞ւ չեն կարողանում համախմբվել, ի՞նչ աշխատանք պետք է տարվի, որպեսզի մարդիկ համախմբվեն ու առաջ տանեն իրենց իրավունքներին առնչվող հարցերը։
-Ամեն ինչ ասված է, ամեն ինչ գրված է, Աստծու կողմից ամեն ինչ տրված է։ Ասված է՝ նայելու եք, չեք տեսնելու, լսելու եք, չեք ընկալելու։ Ժամանակին Ղարաբաղում էլ ենք ասել, թե որը որից հետո է, չեն լսել։ Կան պարզ բաներ, որոնք եթե չես անում, ընկնում ես ցեխը։ Գաղափարախոսություն չունես, պատմությունդ չգիտես, լեզուդ չգիտես, դաստիարակության պակաս ունես, վարի ես գնում։ Այնքան պարզ բաներ են, որ մեկ-մեկ զարմանում եմ՝ ինչո՞ւ, սա պետք է մարդկանց բացատրե՞լ։ Ես միշտ հնարավորություն եմ ունեցել իշխանության մեջ լինելու, բայց այնքան հոգնել եմ մարդկանց պարզ բաներ բացատրել, դրա համար որեւէ ցանկություն չունեմ։
Բայց մյուս կողմից էլ, դա իմ պարտքն է, որովհետեւ ես փորձ ունեմ, որը պետք է փոխանցեմ։ Միասնությունն այս պարզ լուծումները չիմանալով՝ չի լինում։ Եթե միացնող բան չկա, միասնություն չի լինելու, դա սուտ գաղափար է։ Իսկ եթե մարդ հասկանում է, որ ինքը պետք է միանա, ինքը պետք է հասկանա, թե ինչ է ուզում, կողքինն ինչ է ուզում։ Եվ ինքը կարող է միայն միանալ այն գաղափարի հետ, որն իրեն հոգեհարազատ է։
Ամենամեծ խնդիրն այն է, թե ինչի՞ շուրջ ենք համախմբվում, ի՞նչ ենք ուզում։ Միասնությունը լինում է այն ժամանակ, երբ միտքը վեր է ածվում խոսքի ու գործի։ Եվ ի վերջո գործով ստեղծվում է միասնություն։ Ղարաբաղցիների պարագայում դա մի քիչ հեշտ է, որովհետեւ մենք այսօր այն վիճակում ենք, որ մարդիկ հասկացել են, թե ինչ են կորցրել։ Մինչեւ չես կորցնում, դրան վերաբերվում ես որպես մի բանի, որն արժեք չունի, դրա համար չես պայքարում։
Այս նոր սերունդն ինչո՞ւ պարտվեց, որովհետեւ չկարողացանք այս նոր սերդին դաստիարակել։ Նոր սերունդը չիմացավ, թե այդ ոնց եղավ, որ իրենք ազատություն ունեցան, պետություն ունեցան։ Ինչո՞ւ եմ ասում՝ ղարաբաղցիների պարագայում միավորվելը հեշտ է, որովհետեւ գրեթե բոլորն ուզում են վերադառնալ Ղարաբաղ։ Այդ վերադարձն այսօր մեր գերխնդիրն է։ Հիմա մենք ղարաբաղցիներին պետք է հասկացնենք, թե այդ գաղափարին ոնց պետք է հասնենք։ Այդ իմաստով հեշտ է, որովհետեւ խնդիր կա, եւ ոչ Նիկոլը կարող է ճնշել այդ պահանջը, ոչ էլ աշխարհը։ Մի մասին կարելի է ճնշել, բայց դա օգուտ չի տա։ Ջհուդները մինիմում 2000 տարի այդ հույսով ապրում էին եւ Իսրայել ստեղծեցին։ Իսկ հիմա, երբ ժամանակները խտացել են, դա 2000 տարի չի տեւի, մի քանի տարի է տեւելու մաքսիմում։ Դրա համար, ով հիմա փորձի ղարաբաղցիներին ճնշել, նրանց հորդորում եմ՝ մի տանջվեք, մեկ է, պարտվելու եք, գործ չունեք։ Կարողանում եք, սատարեք, չեք կարողանում, մի կողմք անցեք, որ կատոկի տակ չընկնեք։ Իմ կատոկի տակ չէ, Աստծո կատոկի մասին է խոսքը։
–Այսինքն՝ դուք Արցախ վերադարձի հնարավորությունը տեսնո՞ւմ եք։
-Իհարկե, ես տեսնում եմ, որ մենք վերադառնալու ենք, ես գիտեմ դա։ Երբ աշխարհը սկսի քանդվել, կերեւա, թե ինչ ճանապարհեվ ենք վերադառնալու, հիմա որ ասեմ, չեն հասկանա։ Մենք որպես տեր ենք գնալու այնտեղ, ոչ մի Ադրբեջան, ոչ մի բան։ Մարդկանց ասում եմ, զարմանացած նայում են, թե այս ինչ եմ ասում։ Այն, ինչ Ղարաբաղում կատարվել է, Հայաստանում էլ է կատարվելու, այնտեղ փորձ են արել հայության վրա։ Մարդկանց թվում է, թե դա միայն Ղարաբաղի խնդիրն էր, բայց հայության խնդիրն է դրված։ Ղարաբաղը Հայաստանի մասն ու հայության մասն է։ Բայց մեզ կարողացել են բաժանել ու պառակտել։
-Արցախցիներն ասում են՝ մինչեւ միջազգային երաշխիքներ չլինեն, վերադարձն իրատեսական չէ, ի՞նչ կասեք դուք։
-Դա սուտ գաղափար է, դա նույն պատրանքն է, որ ռուսը մեզ փրկելու է։ Հիմա էլ ասում են՝ Արեւմուտքն է փրկելու։ Բայց մեզ ոչ ոք չի փրկելու, մեզ փրկելու է Աստված, եթե մենք դառնանք դեպի իրեն։ Դրա համար մի օր պետք է բոլորս դա հասկանանք ու ապաշխարհենք։
-Ի՞նչ ներուժ ունենք մենք այսօր։ Պատերազմից հետո իշխանությունն անընդհատ հասարակությանը ներարկում է, որ մենք թույլ ենք, պարտված ենք։ Մենք գիտենք, որ 1990-ական թվականներին էլ մեծ ռեսուրս չունեինք, բայց ինչպե՞ս հաղթեցինք։
-Մենք առաջին պատերազմում եւ հաղթել ենք, եւ չենք հաղթել․ հաղթել է ժողովուրդը, պարտվել է իշխանությունը։ Այն, որ որեւէ ռեսուրս չունեինք, ամենալավը ես գիտեմ։ Բայց մենք չպարտվեցինք, որովհետեւ 4 տարի կարողացանք ժողովրդի մեջ գաղափարախոսություն մտցնել ու պատրաստել կռվի։ Նժդեհն ասել է՝ հաղթանակի կամուրջը նախ քո հոգու մեջ պետք է կառուցես։ Եթե դու ներքուստ համոզված ես, որ չես պարտվելու, չես պարտվի, կհաղթես։ Ի՞նչ է արվում հիմա՝ զոռով փորձում են մեզ համոզել, որ մենք որեւէ շանս չունենք, պարտված ենք։ Մենք 1988 թվականից պատերազմի մեջ ենք եւ հիմա էլ ենք պատերազմի մեջ, մարդիկ դա չեն հասկանում։ Մենք 1990-ականներին որեւէ շանս չունեինք հաղթելու, ոչ զենք ունեինք, ոչ զինամթերք, ոչ հրամանատար։ Բայց ունեինք պատրաստակամություն՝ գնալ ու կռվել, ընկերոջը չթողնել մենակ։ Իսկ դա Աստծո շնորհ է, Աստված մեզ կրեդիտով հաղթանակ տվեց, իսկ մենք այդ կրեդիտը չվերադարձրեցինք։ Այդ իներցիայով մենք հաղթել ենք, որովհետեւ եթե մենք իրականում հաղթեինք, հիմա այլ իրավիճակում կլինեինք, հիմա Ադրբեջանի կեսը կլիներ մերը, դրա հնարավորությունը մեկից մեկ էր։ Բայց 1992 թվականից այդ գաղափարախոսությունը ջարդեցին։
Ինչն է նպաստում միասնությանը եւ ինչը չի նպաստում, սա եթե տարբերակենք, պարզ կլինի, թե ինչ են արել ու հիմա ինչ են անում։ Օրինակ՝ եթե տրանսպրոտի ուղեվարձը բարձրացնում են, ի՞նչ հարց են լուծում։ Ամենամեծ հարցը, որը լուծում են, այն է, որ մենք իրար հետ էլ չենք կարող շփվել, որովհետեւ ես չեմ կարող ամեն օր գնալ հասնել իմ երեխային, որն, օրինակ, ապրում է Չարբախում։ Այսինքն՝ մարդկանց միջեւ կապ է կտրվում։ Երբ հարցնում եք՝ ի՞նչ անել, մենք պետք է նախ հասկանանք, թե ինչն է խանգարում մեր միասնությանը։ Եվ ամեն ինչ դառնում է շատ պարզ։ Ասացի՝ արցախցիների դեպքում կարեւորն այն է, որ մենք ուզում ենք վերադառնալ Արցախ։ Դրան ի՞նչն է նպաստելու, այն, որ մենք կարողանանք իրար կողքի կանգնել, կարողանանք մեր սուբյեկտայնությունը պահել։ Համայնքների այս խոշորացումն ի՞նչ նպատակ ունի, որ մարդկանց սուբյեկտայնությունից կտրեն։ Գյուղը, որը նախկինում գյուղ էր, հիմա ինչ-որ անհասկանալի մեծ համայնք է։ Սովետի տարիներին դա արել են, տեսել ենք, Ղարաբաղում որոշ գյուղեր այդպես ոչնչացան։
Իմ կարծիքով՝ առաջին հերթին գործողություններ պետք է անենք, որոնք չեն հակասում Աստծուն։ Հակասեց, չի ստացվելու։ Այս ամենն այնքան պարզ է, ուղղակի գործել է պետք։ Հիմա ասում են՝ եկեք միանանք ու առաջ շարժվենք, բայց մի հատ անալիզ արեք, տեսեք ինչ է եղել, եւ ով է մեղավոր։ Հասկանանք, թե որ գործողությունների շարքը մեզ բերեց այս օրվան, որ էլ չկրկնենք։ Եթե ինչ-որ մեկը մեծ-մեծ խոսում է, ինքը չի կարող լավ բաներ անել, եթե չապաշխարհի։
Ազգերը ստեղծել է Աստված, ասել է՝ ժողովրդին բաժանեցի ազգերի եւ տվեցի իրենց լեզուն ու տարածքը, որտեղ իրենք պետք է գտնեն իրենց ճշմարիտ Աստծուն։ Այն տարածքը, որը մեզ տրվել է, դա մեր ուխտն է Աստծո հետ, որը մենք մեր մեղքերի պատճառով չպահեցինք եւ զրկվեցինք դրանից։ Կռիվն այս աշխարհում մարդու կամքի վրա է, եթե մեր կամքին տիրեցին, ինչ ունես, տալու ես։ Հարստությունը ոսկին չէ, նավթը չէ, եթե մարդը կամազուրկ եղավ, նավթն էլ է քեզ տալու, ոսկին էլ, այնպես, ինչպես Ղարաբաղը տվեցին, հիմա էլ Հայաստանն են տալիս։ Հենց կամազրկվեցին, տալու են։
-Հիմա մեզ մոտ մի գործընթաց է, որ իշխանությունն է մարդկանց կամազրկում ու նախապատրաստում հերթական զիջումներին։
-Այո, այդպես է։ Ես միշտ ասել եմ՝ այս իշխանությունն ինչքան քիչ խոսի, այնքան լավ։ Ինչքան խոսում են, այնքան հարցեր են առաջանում՝ լավ, այս ի՞նչ պետություն ենք ուզում սարքել։ Լավ, եթե դու ինձ չես սիրում, մեր հայրենիքը չես սիրում, կարո՞ղ ես լավ բան անել։ Ինչի՞ հիման վրա կարող ես լավ բան անել, օրենքի՞, օրենքն ամեն օր փոփոխում են։ Այս 100 տարվա մեջ հազար օրենք փոխվեց, մի հատ փաստաթուղթ ցույց տվեք, որ ստորագրված է մեր մասին ու հայերի մասին, գործել է։
Բայց եթե կարճ ձեւակերպենք՝ Ղարաբաղը սուրբ հող է, եւ Աստված մեզ այնտեղից քշեց, որ մենք մեր սխալներն ընդունենք, ըստ Աստծո խոսքի կարողանանք մեր ծրագրերը կազմել ու ոտքի կանգնել։ Բոլորն ապշած են, ոչ ոք չէր սպասում, որ ղարաբաղցիները բոլորը դուրս կգան, այդտեղ Աստծո մատն է խառը։ Եվ ցույց տվեց ղարաբաղցիներին, որ այն, ինչ սարքել եք, հիմա ձերը չէ, թե ինչու ձերը չէ, գնացեք մտածեք։ Հենց հասկացաք, թե ինչու ձերը չէ, հետ է գալու ձեզ։ Բայց Աստված մեր ձեռքերով է գործում, այնպես չէ, որ հույսներս պետք է դնենք Աստծո վրա ու ոչինչ չանենք։ Դրա համար պետք է ճգնենք, տքնենք ու վերադառնանք։ Ես շատ իրատեսական բաներ եմ ասում, ինձ թվում է՝ Աստված այս 100 տարվա մեջ մեզ ամեն ինչ ցույց է տվել, ամեն ինչ տեսել ենք, պետք է հասկանանք, թե ինչու այդպես եղավ։ Բայց մենք չենք ուզում հասկանալ, եթե չենք ուզում հասկանալ, առանց հայրենիք էլ կմնանք։
Մենք պետք է մեր սուբյեկտայնությունը պահենք՝ դրանից բխող ճանապարհային քարտեզով։ Մենք հիմա փորձում ենք միասնություն ստեղծել, աշխատանք ենք իրականացնում, կստացվի։ Փորձում ենք հասկանալ՝ ով որտեղ է, ինչ է մտածում։ Հիմա տարբեր թեզեր կան՝ ջնջենք, մոռանանք։ Չի լինի ջնջել ու մոռանալ, ներել կլինի, բայց ջնջել ու մոռանալ չի լինի։ Ամենալավ զինվորը քրիստոնյա զինվորն է։ Իսկական քրիստոնյան, բացի նրանից, որ աղթում է, պետք է նաեւ միշտ պատրաստ լինի խորը հավատով ու զենքով պաշտպանել իր հայրենիքը:
Ռոզա Հովհաննիսյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: