Ստեփանակերտի վերականգնողական կենտրոն. առաքելությունը՝ օգնել, աջակցել, բուժել

  • 12:45 03.12.2024

1992 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 47/3 բանաձեւով դեկտեմբերի 3-ը հռչակեց Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օր, որոնց թիվը, ցավոք, տարեցտարի ավելանում է աշխարհում։

2023 թվականի էթնիկ զտումների հետևանքով Արցախը լքած փախստականների թվում զգալի թիվ են կազմում ամենախոցելի կատեգորիաների ներկայացուցիչները՝ Արցախյան չորս պատերազմների մասնակիցներ, վիրավորներ, Ստեփանակերտի վառելիքի պահեստում պայթյունի հետևանքով վիրավորներ, հաշմանդամություն ունեցող անձինք և այլն։

25 տարի շարունակ Ստեփանակերտի Ք.Քոքսի անվան Վերականգնողական կենտրոնը զբաղվում է Արցախի բնակչության վերականգնմամբ՝ մատուցելով ծառայությունների լայն շրջանակ։

Արցախից բռնագաղթումից որոշ ժամանակ անց կենտրոնի մասնագետները՝ տնօրեն և հիմնադիր, Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Վարդան Թադևոսյանի գլխավորությամբ, բացեցին հասարակական կազմակերպություն։

«Հասարակական կազմակերպություն բացելու գաղափարն առաջացել է Երևանի այրվածքների կենտրոն առաջին այցելությունից հետո, որտեղ բուժվել են Ստեփանակերտի վառելիքի պահեստում պայթյունից տուժած մեր հայրենակիցները։ Հաշվի առնելով նրանց հետագա և երկարատև վերականգնման անհրաժեշտությունը, ինչպես նաև վերականգնողական և բժշկական օգնության բազմաթիվ խնդրանքները՝ մենք որոշեցինք բացել «Ք․Քոքսի վերականգնողական կենտրոն» հասարակական կազմակերպությունը։

Այս կազմակերպության կազմում մեր անձնակազմը արդեն իրականացնում է տնային այցեր՝ հիվանդներին տրամադրելով բժշկական պարագաներ և անհրաժեշտ խորհրդատվություն: Մեր մասնագետներն աշխատում են Երևանի այրվածքների կենտրոնում՝ օգնելով կենտրոնի բուժանձնակազմին վառելիքի պահեստում պայթյունի հետևանքով տուժածների վերականգնման գործում։ Հաշվի առնելով աուտիզմի համախտանիշով երեխաների հետ աշխատելու մեր արցախյան փորձը՝ մենք Լուսե վերականգնողական կենտրոնի հետ համատեղ իրականացնում ենք աուտիզմով երեխաներին հասարակությանը ինտեգրելու նախագիծ։

Բարոնուհի Քերոլայն Քոքսի, ինչպես նաև այլ բարերարների աջակցությամբ մեզ բախտ վիճակվեց գնել շենք և ստանալ նոր հասցե՝ Եղվարդ, Նար Դոսի փ․, 44։ Շենքը կապիտալ ​​է, բայց ոչ պիտանի հաշմանդամություն ունեցող անձանց համար։ Ուստի անհրաժեշտ է վերակառուցում, որը կապված է լրացուցիչ միջոցների որոնման հետ։

Վերակառուցման ավարտից հետո կենտրոնը կրկին իր դռները կբացի բոլորի համար, ովքեր վերականգնման կարիք ունեն։ Կենտրոնը կդառնա մի վայր, որտեղ հաշմանդամություն ունեցող անձինք կարող են վերականգնողական փուլ անցնել, նոր մասնագիտություն գտնել, դառնալ ավելի անկախ և ինտեգրվել հասարակությանը»,- ասաց Վարդան Թեդևոսյանը։

Վերականգնողական կենտրոնի վերածնունդը շատերի նվիրական երազանքն է, և հուսով ենք, որ այն կիրականանա գալիք տարում։

Արսեն Աղաջանյան

f