Կոնդը, որը ադրբեջանցիներն իրենցն են համարում
Խորհրդարանում Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունների էությունը՝ Ալեն Սիմոնյանի «ձայնակցմամբ», հանգում է նրան, որ հայ ժողովուրդը պետք է խորապես երախտապարտ լինի Փաշինյանի կառավարությանը, որ Հայաստանը դեռ գոյություն ունի որպես պետություն։ Ավելին, երախտապարտ հայ ժողովուրդը պետք է Փաշինյանի կառավարությանը մանդատ տա շարունակելու կառավարել։
Փաշինյան-Սիմոնյանի հայեցակարգը, սակայն, կառուցված է եթեական թեզերի վրա, որոնք չեն կարող ապացուցվել։ Եթե մենք չհրաժարվեինք Ղարաբաղից, Տավուշի գյուղերից, Սև լճից, չճանաչեինք Ադրբեջանի «տարածքային ամբողջականությունը», եթե չհամաձայնեինք ստորագրել «խաղաղության պայմանագիր», ապա հիմա պետություն չէինք ունենա՝ ասում է իշխանությունը։
Պատմությունը հետ չի կարելի շրջել, և անիմաստ է անգամ պատկերացնել, թե ինչպես կդասավորվեր ամեն ինչ, եթե Հայաստանի իշխանությունը վարեր ազգային քաղաքականություն և դավադրության մեջ չմտներ Հայաստանի վերացումը ձգտող ուժերի հետ։
Բայց նույնիսկ Փաշինյանն է ընդունում, որ պետականության ֆորմալ պահպանումը դեռ վերջը չէ, կան բազմաթիվ “մարտահրավերներ և վտանգներ”, այսինքն, դեռ շարունակություն կլինի։ Այդ վտանգների դեմ պայքարելու համար նա կարևոր է համարում ոչ թե բանակը եւ դիվանագիտությունը, այլ Ալիևի և Էրդողանի հետ սեպարատ պայմանավորվածությունների ձեռքբերումը, որը, իբր, կարող է դառնալ հայկական պետականության գոյության երաշխիք։
Ալիեւը չի առարկում “հայկական պետության դեմ”, նա միայն ասում է, որ պետք է վերադառնան Հայաստանում ապրած իր ցեղակիցները, այն էլ՝ այնքան, որքան ցանկանում է ինքը՝ Ալիեւը։ Ֆորմալ առումով հայկական պետությունը գոյություն կունենա, բայց նրա բնակչության կեսն այլևս հայեր չեն լինի, այլ Հայաստանը «Արևմտյան Ադրբեջան» համարող մարդիկ։
Փաշինյանի իշխանությունն արդեն այնքան է խախտել Սահմանադրությունը, հատել կարմիր գծերը, որ հաջորդ «խախտումը» ոչ ոք չի նկատի, դատող էլ չի լինի։ Մարզպետներին հաստատ արդեն հանձնարարվել է «ադրբեջանցիների վերադարձի» նախօրեին գույքագրում իրականացնել։