Ալիեւին պետք է հիշեցնել, որ հայերի հանդեպ բարոյական եւ գույքային վնասը կազմում է մոտ 100 մլրդ դոլար

  • 21:52 05.12.2024

«Այս զարգացումները բավական վտանգավոր են, Ադրբեջանը անթաքույց հող է նախապատրաստում նոր ռազմական ագրեսիայի ու հանցագործության համար, այս պարագայում արդեն Հայաստանի Հանրապետության տարածքում»,- step1.am-ի հետ զրույցում ասաց Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ Գրիգորի Այվազյանը՝ անդրադառնալով Բաքվում այսպես կոչված «Արեւմտյան Ադրբեջանի» համայնքի կազմակերպած համաժողովին։  Ըստ Այվազյանի՝ Հայաստանում այս ամենին պետական մակարդակով պետք է լինի հակազդեցություն, ինչը տեսանելի չէ։

«Հայատյացությունը ներկայիս Ադրբեջանի պետականության հիմքն է հանդիսանում, բավականաչափ վտանգավոր իրավիճակ է ստեղծված, եւ դա պահանջում է կոնկրետ արձագանք։ Հայկական կողմը շատ ավելի հիմնավոր, պատճառաբանված արգումենտներ ունի՝ ներկայացնելու նաեւ Ադրբեջանի հանդեպ պահանջատիրական դիրքերից հանդես գալու։ Դա նախ եւ առաջ կապված է արցախցիների օրինական իրավունքների պաշտպանության, միջազգային անվտանգության երաշխիքների ներքո վերադարձի հարցի հետ։ Պետք է ապահովել արցախցիների ինչպես կյանքի, այնպես էլ գույքի անվտանգությունը։ Եթե Ադրբեջանը շատ է խոսում իրենց կողմից հորինված ադրբեջանական համայնքի մասին, թող Ալիեւին հիշեցնեն, որ գոյություն ունի նաեւ ադրբեջանահայության խնդիրը, իրենք պարտք ունեն Ադրբեջանից բռնի տեղահանված հայերի հանդեպ՝ բարոյական եւ գույքային վնասը կազմում է մոտ 100 մլրդ դոլար։ Եվ այդ հարցն անընդհատ պետք է շրջանառության մեջ դնել, որպեսզի բռնապետն իրեն թուլացած վիճակում չզգա եւ որպեսզի նրա զառանցանքը ժամանակի ընթացքում չգրավի այլ ամբիոններ»,- ասաց Գրիգորի Այվազյանը։

Նրա խոսքով՝ պատմական տեսանկյունից Ադրբեջանը կարելի է կոչել Արեւմտյան Հայաստան․ «Մենք պետք է հիշեցնենք մեր պատմական հողերի մասին, այն է՝ Արցախը, Ուտիքը, Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության տարածքը, ինչո՞ւ չէ, նաեւ բուն Աղվանքի մասին պետք է հիշենք։ Հիշենք նաեւ Ադրբեջանի մայրաքաղաքի հայկական ծագման ու հայերի դերակատարման մասին այս քաղաքի կառուցման ու զարգացման հարցում»։

Ըստ Այվազյանի՝ դիվանագիտական դաշտում համաշխարհային հանրության ուշադրությունը պետք է հրավիրել Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ նախապատրաստվող նոր հնարավոր ագրեսիայի, հայկական պատմամշակութային ժառանգության դեմ ուղղված գործողությունների վրա։ Ինչպես Ադրբեջանը չի հոգնում անընդհատ նոր ստեր հորինել, հայակական կողմն էլ, Գրիգորի Այվազյանի խոսքով, չպետք է հոգնի ճշմատությունը ջրի երես հանել ամբողջ համաշխարհային հանրության աչքի առաջ։ «Համաշխարհային հանրությանը պետք է ցուցադրենք հակամարտության պատմական հենքերը։ Իհարկե, այստեղ գիտական համայնքի դերակատարությունը մեծ է, բայց դա պետք է արվի պետական ամենաբարձր մակարդակով։ Հասարարական ցանկացած նախաձեռնություն  չի կարող լինել շատ հաջողված»,- հավելեց նա։

Ռոզա Հովհաննիսյան