Այս տեմպերով մի քանի տարի անց հայերը փոքրամասնություն են լինելու Հայաստանում

  • 20:43 07.12.2024

Ծնելիության անկում, արտագաղթ, ուղեղների արտահոսք, վաղաժամ մահեր, ծերացող հասարակություն. սա Հայաստանի ժողովրդագրական պատկերն է:

Ինչպես գրում է Ազատությունը, անցած տարի Հայաստանից ավելի շատ քաղաքացի է մեկնել, քան՝ ժամանել։ Բացասական հաշվեկշիռն ավելի քան 36 հազար է։ Մեկնողների և չվերադարձողների թիվը 10 տարվա կտրվածքով արդեն գրեթե 300 հազարի է հասել։ Վերջին տասնամյակում միայն 2020 թվականին է ժամանողների թիվը գերազանցել մեկնողներինը։

Հայաստանում ծնելիության գործակիցը տատանվում է 1.6–1.7 շրջանակներում, այն տարիներ շարունակ չի փոխվում։ Իսկ բնակչության բնական աճի համար անհրաժեշտ է, որ այդ գործակիցը հասնի առնվազն 2.2-ի։ Հայաստանում միայն այս տարվա հունվար-սեպտեմբերին ծնելիության մակարդակը, 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է 7.2 տոկոսով։

Բնակչության 39 տոկոսը վերաբերում է տարեց սերնդին՝ 65 տարեկանից մեծ, իսկ երիտասարդ սերնդին հասնում է միայն 61 տոկոսը, այս տեմպերով 2050 թվականին 60 տոկոսը մեր ռեսուրսների վերաբաշխվելու է տարեց սերնդի համար, և միայն 40 տոկոսն է հասնելու երեխաներին՝ մինչև 15 տարեկան սերնդին:

Համաձայն ՄԱԿ-ի 2019-ի հետազոտությանը՝ Հայաստանի մշտական բնակչությունը 2050-ին կկազմի 2.5 միլիոն: Հայաստանում այժմ մշտական բնակչության թիվը 2.9 միլիոն է։

Սակայն կառավարությունը համարում է, որ 300 հազարից 1.5 մլն դրամ երեխայի ծննդի համար միանվագ նպաստը  պետք է վերանայվի, որպեսզի վերացվի «փող տանք, որ երեխա ունենաք» սկզբունքը: Արդյո՞ք դա նշանակում է, որ երեխա ունենալու միակ քիչ թե շատ խթանող ծրագիրը միտումնավոր վերացվում է։

Հայաստանում բազմաթիվ այլազգի աշխատանքային միգրանտների առկայության, “ադրբեջանցիների վերադարձի” մասին խոսակցության ֆոնին կարելի է ենթադրել, որ մի քանի տարի հետո հայերը փոքրամասնություն են լինելու Հայաստանում։