Եթե նույնիսկ պատրաստվեինք հայց ներկայացնել Ալիեւի դեմ, պատկերացնո՞ւմ եք, որ ես ասեի՝ այո, պատրաստվում ենք վաղը չէ, մյուս օրը ներկայացնելու հայց, մի քիչ ճիշտ չէ լինի, նաև ինձ որպես պետության ներկայացուցչի տեսանկյունից նման բաներ բացահայտելը։ Այս մասին դեկտեմբերի 9-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը: Հիշեցնենք, որ Հռոմի կանոնադրության հաստատումից հետո սպասվում էր, որ Հայաստանը Ալիեւի դեմ հայց կներկայացնի Միջազգային դատարան։
«Եվրոպական դատարանում ունենք չորս ընդհանուր միջպետական գործընթաց ընդդեմ Ադրբեջանի, և ունենք նաև երկու միջպետական գործընթաց ընդդեմ Հայաստանի Եվրոպական դատարանում: 4 միջպետական գործընթացները Հայաստանի կողմից, որոնք տարվում են ընդդեմ Ադրբեջանի Եվրոպական դատարանում, վերաբերում է 44-օրյա պատերազմի և դրան հաջորդող ժամանակահատվածին, վերաբերվում են գերեվարված անձանց նկատմամբ իրականացված ապօրինի դատական պրոցեսներին, ապօրինի ազատությունից զրկելուն, վերաբերվում են ՀՀ ինքնիշխան տարածքում ադրբեջանական զինված ստորաբաժանումների ներկայությանը և դրա հետևանքով մարդու իրավունքների կոպիտ խախտումներին, ինչպես նաև վերաբերվում են ԼՂ-ից հայերի բռնի տեղահանման և դրան ուղեկցող բոլոր խախտումներին:
Մինչև դա էլ, սկսած Լաչինի արգելափակումից, Լաչինի միջանցքում տեղի ունեցող զարգացումները, որոնք սկսել էին դեռ 2022 թվականի սկզբին, մարտից սկսած, հետո արդեն դեկտեմբերին, բլոկադայի պրոցեսը, բլոկադային հաջորդող գործընթացը, և դրանից հետո արդեն նաև բռնի տեղանման ամբողջ ընթացքը և դրան հաջորդող պրոցեսը, դա մեր միջպետական չորրորդ գանգատն է, որը ներկայացված է ընդդեմ Ադրբեջանի»,-ասաց Կիրակոսյանը:
Նա չի մեկնաբանել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն, ըստ որի Հայաստանն Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման դեպքում պատրաստ է միջազգային ատյաններից փոխադարձության սկզբունքով հայցերը հետ կանչել: Եղիշե Կիրակոսյանը վստահեցնում է՝ այժմ նման հարց չի քննարկվում:
Միջազգային ատյաններից հայցերը հետ կանչելու պահանջ Բաքուն է ներկայացնում, հարցն, ըստ ադրբեջանական կողմի, խաղաղության պայմանագրի կետերից է, հայկական կողմը սա չի հերքել: Ավելին՝ վարչապետն ասել է, որ համաձայնագրի կնքման դեպքում պատրաստ են գործարքի: