Թուրքիայի սահմանները միայն հայերը կարող են “ճանաչել”

  • 10:59 11.12.2024

«Երևանի ու Բաքվի միջև խաղաղության հաստատման հարցում հասել ենք ամենամոտ կետին», – երկրի խորհրդարանում նախօրեին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը՝ շեշտելով՝ «Հարավային Կովկասում խաղաղության հասնելու հույսի շող կա»։

Ֆիդանը նշել է, որ Թուրքիան աջակցում է խաղաղության բոլոր ջանքերին։

Սիրիայում իրականացրած բլիցկրիգից եւ Քրդիստանի ստեղծումը իր հարավում կանխարգելուց հետո Էրդողանը անցնում է հյուսիսային սահմանին՝ Հայաստանին։ Սիրիայի գրավումից հետո նա ասել է, որ Ասադը չի ընդունել “լավ առաջարկները”, դրա համար ամեն ինչ այսպես ստացվեց։ Դա զգուշացում է հաջորդ “թիրախներին”՝ ընդունեք մեր առաջարկը, թե չե կլինի այնպես, ինչպես Արցախում եւ Սիրիայում։

Հիմա Էրդողանը հայտարարում է, որ «տարածաշրջանում ստեղծված պատմական հնարավորությունը» կնպաստի Բաքվի և Երևանի միջև խաղաղության համաձայնագրի կնքմանը։

Իսկ ի՞նչ է “առաջարկում” Թուրքիան Հայաստանին։ Որպեսզի Հայաստանը ճանաչի ներկայիս Թուրքիայի սահմանները, որոնք 100 տարուց ավելի է գոյություն ունեն ռուս-թուրքական անօրեն պայմանագրի եւ Հայաստանի լռության շնորհիվ միայն։ Թուրքիայի սահմանները հաստատված են Լոզանի պայմանագրով, որը Էրդողանը համարում է սպառված։ Սակայն Թուրքիան չունի միջազգայնորեն հաստատված հյուսիսային սահման Հայաստանի հետ։ Ռուս-թուրքական պայմանագրերը ճանաչված չեն ՄԱԿ-ի կողմից։

Ահա թե ինչու Բաքուն շարունակում է պնդել, թե “Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հասնելու համար երկու հիմնական խոչընդոտ կա”՝ պնդելով Հայաստանի Սահմանադրության փոփոխության անհրաժեշտությունը, որտեղ, ըստ Բաքվի, տարածքային պահանջ կա Ադրբեջանի նկատմամբ։ Սակայն խոսքը ոչ միայն այսպես կոչված Ադրբեջանի, այլ Թուրքիայի մասին է։ Հիշեցնենք, որ Անկախության հռչակագիրը, որին հղում է անում ՀՀ Սահմանադրությունը, հիշատակում է նաեւ Ցեղասպանության հարցը եւ պատմական պատասխանատվությունը։

ՀՀ Սահմանադրությունը տարածքային պահանջ չի պարունակում հարևան երկրների նկատմամբ, X-ում գրել է Նիկոլ Փաշինյանն, չհիշատակելով Թուրքիան։

Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովն է նշել, թե ՀՀ Սահմանադրության մեջ «նշվում է, որ Ղարաբաղը Հայաստանի մաս է»։

Փաշինյանը հակադարձել է՝ հիշեցնելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի 2024-ի սեպտեմբերի 26-ի որոշումը, որտեղ նշվում է, որ Սահմանադրության նախաբանում Անկախության հռչակագրի հղումը վերաբերում է բացառապես հռչակագրի այն դրույթներին, որոնք ամրագրված են Սահմանադրության հոդվածներում։

Այսինքն, Հայաստանը չի պատրաստռվում փոխել Սահմանադրությունը, եւ Փաշինյանը դա հայտարարում է Մակրոնի եւ Թրամփի հետ հանդիպումից հետո։

“Սիրիական սցենարը” Թուրքիան, Ռուսաստանը եւ Իսրայելը՝ ԱՄՆ եւ ԵՄ-ի հետ կոնսենսուսի գալով, փորձարկել են 2023-ին Արցախում։ Հիմա՝ այդ սցենարից խուսափելու համար Հայաստանը կարող է միայն մեկ քայլ անել՝ հաստատել իր օրինական սահմանները եւ պահանջել, որ դա անի միջազգային հանրությունը։