Step1.am-ի զրուցակիցն է արցախցի գործիչ Արթուր Օսիպյանը։
–Պարոն Օսիպյան, Արցախի ՀԿ-ները համախմբման փորձեր են անում, ի՞նչ աշխատանք է տարվում, ի՞նչ ուղերձներ են հղվում միջազգային հանրությանը, եւ արդյոք Արցախի իշխանությունների հետ հանդիպումներ ունեցե՞լ եք։
-Իրոք, ՀԿ-ները փորձում են ինքնակազմակեպվել, եւ իրենց մոտ դա ստացվում է։ Արցախի Ազգային ժողովի մեծամասնությունը մասամբ Հայաստանի գործող իշխանության ճնշման տակ է, մասամբ էլ Արցախի ռազմաքաղաքական իշխանության՝ Բաքվում գերի լինելու գործոնն է ազդում Արցախի պատգամավորների վրա։ Կարճ ասած՝ Արցախի Ազգային ժողովում մեծամասամբ կամ Նիկոլի թելադրանքով են շարժվում, որովհետեւ հակառակ դեպքում քրեական գործեր են բացվում, ԱԱԾ-ն է ճնշում, կամ Ալիեւի թելադրանքով՝ այնտեղ գտնվող քաղբանտարկյալների միջոցով։
Բայց ինչ վերաբերում է Արցախի հարցին, Նիկոլի եւ Ալիեւի դիրքորոշուների միջեւ տարբերություն չկա, իրենք համակարծիք են։ Եվ փաստորեն ստացվում է, որ Արցախի Ազգային ժողովը զավթված է հակաարցախյան ուժերի կողմից։ Այս ֆոնին, քանի որ պարալիզացված է Ազգային ժողովի գործունեությունը, հասարակական կազմակերպություններն են իրենց վրա վերցնում որոշակի բեռ եւ հայտարարություններով են հանդես գալիս։ Մենք գիտենք, որ քաղհասարակությունը նախորդ տարվա դեկտեմբերի 9-ին է առաջին հայտարարությունն արել, թե ինչպես են պատկերացնում վերադարձի պայմանները։ Խոսող չկա դրա մասին, մենք երբեք չենք լսել, որ Արցախի կառավարությունը կամ Ազգային ժողովը մի հստակ ծրագիր ներկայացնեին, թե ինչպես են պատկերացնում մեր վերադարձի պայմանները։ Եվ դա արել են ՀԿ-ները։
ՀԿ-ների հաջորդ էական քայլն այն էր, որ նամակ էր հղվել ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր անդամ երկրներին, քանի որ Արցախի հարցը հենց այդ շրջանակում էր քննարկվում։ Մենք տեսել ենք, որ Արցախի Ազգային ժողովը նման քայլեր չի անում, բայց ՀԿ-ներն անում են։ Այս առումով, իհարկե, ՀԿ-ների գործը շատ կարեւոր է, բայց մենք գիտենք, որ ավելի էֆեկտիվ կլինի, եթե այդ հայտարարությունները հնչեն Արցախի Ազգային ժողովի կողմից, քանի որ այն մասամբ ճանաչված մարմին է Մինսկի խմբի շրջանակներում։
ՀԿ-ները հանդիպել են Արցախի ԱԺ պատգամավորների հետ, որպեսզի Արցախի ԱԺ-ն ակտիվ լինի այդ հարցերում։ Իհարկե, ՀԿ-ների մեծ մասը չեն ընդունում պատգամավորներին, բայց պետք է հաշվի առնել, որ կա Ազգային ժողով՝ որպես ինստիտուցիոնալ կառույց եւ իր կարեւորության ու աշխատանքի ապահովման հարցը կա։ Անկախ նրանից, թե ինչպես ենք մենք վերաբերվում պատգանավորներին եւ կուսակցություններին, անհրաժեշտ է, որ Արցախի ԱԺ-ն հայտարարություն անի։
Ճիշտ է, դեկտեմբերի 10-ին մի հայտարարություն արել են, իրենք մերժել են ՀԿ-ների առաջարկը, սեփական հայտարարությունն են արել, որը զիջում է ՀԿ-ների առաջարկին, բայց գոնե «կիսամեռած» մի հայտարարություն արել են։
Մենք գիտենք, որ ճնշումները շարունակվում են, Հայաստանի ԱԱԾ-ն արգելափակել է Արցախի Ազգային ժողովի կայք-էջը եւ ամեն կերպ փորձում է խոչընդոտել Արցախի ԱԺ աշխատանքին։ Մյուս կողմից, մենք տեսնում ենք, որ իշխանական լրատվամիջոցներն են հարձակվում այն մարդկանց վրա, ովքեր փորձում են ի օգուտ արցախցիների հարցեր բարձրացնել։ Եվ Արցախի Ազգային ժողովից էլ նման հարձակումներ կան, ես նկատի ունեմ կեղծ լուրեր տարածելը, որպեսզի այս կամ այն անձին վարկաբեկեն ու թույլ չտան նրա քաղաքական ծրագրերի իրականացումը։ Այսինքն՝ մենք շատ ծանր վիճակում ենք, քանի որ Ազգային ժողովը լրիվությամբ գտնվում է Նիկոլ-Ալիեւ ազդեցության տակ։ Եվ այդ ազդեցությունը որոշիչ է։
–Արցախի ԱԺ պատգամավորներն ասում են, որ մեծ աշխատանք է կատարում Արցախի ԱԺ կողմից ստեղծված հանձնախումբը, որը ղեկավարում է Վարդան Օսկանյանը։ Դուք համամի՞տ եք, ինչպե՞ս եք գնահատում այդ աշխատանքը։
-Օրինակ՝ մենք տեսել ենք, որ Շվեյցարիայի Դաշնային խորհուրդը հայտարարություն է արել՝ կոչ անելով Շվեյցարիայի կառավարությանը Արցախյան հակամարտության վերաբերյալ միջազգային խաղաղության ֆորում գումարել, որ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները բանակցեն Ադրբեջանի հետ՝ երրորդ երկրում, միջազգային երաշխիքների ներքո։ Բայց դրան Արցախի Ազգային ժողովը չի արձագանքել։ Համենայնդեպս, հրապարակային հայտարարություններ չեն եղել, եւ սա էական նշանակություն ունի։ Եթե թաքուն նամակներ են գրել, դրանք շատ թույլ նշանակություն ունեն, մեր կողմից հրապարակային ու բաց պետք է ողջունվեր այդ նախաձեռնությունը, պետք է պատրաստակամություն հայտնեին՝ համապատասխան պատվիրակություն ուղարկելու այդ բանակցություններին։
Բայց ոչ Արցախի Ազգային ժողովը, ոչ էլ Օսկանյանի թիմը դա չեն արել։ Նույն պասիվութունն իրենք ցուցաբերել են Եվրախորհրդարանի բանաձեւի վերաբերյալ, որը էլի համահունչ էր Շվեյցարիայի խորհրդարանի հայտարարությանը։ Բացի այդ, Վարդան Օսկանյանի քաղաքականությունը չի արտացոլում Արցախի եւ հայության շահերը, որովհետեւ Օսկանյանն Արցախի հեռուստաընկերությանը հարցազրույց է տվել եւ ասել է, որ Լաչինի միջանցքը պետք է բացվի հայելային սկզբունքով՝ «Մեղրիի միջանցքի» հետ։ Սա շատ վտանգավոր հայտարարություն է։ Եվ մեծ կասկածներ ունեմ, որ սա հենց Կրեմլի կողմից թելադրված թեզ էր։ Իսկ Արցախի խնդիրը եւ ողբերգությունը հենց այն է եղել, որ Արցախի ամբողջ Ազգային ժողովը՝ թե իշխանությունը, թե ընդդիմությունը՝ իրենց վերնախավով հանդերձ, առաջնորդվել են Կրեմլի թելադրանքով։ Դրա հետեւանքով ունեցել ենք այն, ինչ ունեցել ենք, բայց դա էլ դաս չեղավ Արցախի ԱԺ-ի համար։ Մինչ այսօր շարունակում են Կրեմլի հրահանգները կատարել։
Իսկ ՀԿ-ներն անկախ են։ Հարկ է նշել, որ նախքան Արցախից տարհանումը, միակ հայտարարությունը, որտեղ նշվել է միջազգային խաղաղապահների անհրաժեշտությունը՝ ռուս խաղաղապահների թերի գործունեության պատճառով, եղել է ՀԿ-ների կողմից։ Այսինքն՝ այս առումով ՀԿ-ների գործունեությունն ավելի կոռեկտ էր նաեւ Արցախում, բայց քանի որ քաղաքական առումով կշիռ չունեին, այդ հայտարարությունները մնացին միայն հայտարարություններ՝ ի լուր Արցախի եւ աշխարհի, որ Արցախում կան այսպիսի տրամադրություններ։ Հասարակությունը լրիվությամբ պրոռուսական չէր, իսկ եթե մի մասը հույսը ռուսի հետ էր կապում, դա հասարակության մեղքը չէր, պատճառը նույն իշխանություններն էին, որոնք ամեն անգամ դուրս էին գալիս ու հայտարարում էին, որ «այլ երկիր ցանկություն էլ չունի այստեղ խաղաղապահ ուղարկելու, ռուսից բացի, մենք ոչ ոքի պետք չենք»։ Եվ հասարակությանը թվում էր, թե այլընտրանք չկար, սա հենց իշխանության կեղծ քաղաքականության հետեւանքն էր։
Հիմա մենք տեսնում ենք, որ ինչքան էլ Արցախի Ազգային ժողովի պատգամավորներին ասենք՝ պատասխանատու եք 150 հազար մարդու համար, նրանցից յուրաքանչյուրը հիմնականում իր կաշվի մասին է մտածում։ Եվ ՀԿ-ները եկել են այն եզրակացության, որ անհրաժեշտ է նոր լեգիտիմ մարմին ձեւավորել, որը կներկայացնի արցախահայության շահերը միջազգային հարթակներում ու կզբաղվի ներքին սոցիալական խնդիրների լուծմամբ։ Հիմա խնդիր է, թե ոնց անենք, որ այդ մարմինը լինի լեգիտիմ, այսինքն՝ ընտրված, այն դեպքում, երբ ՀՀ իշխանություններն ամեն կերպ խոչընդոտելու են ընտրություններին ու նոր մարմին ձեւավորելուն։ Մյուս կողմից, եթե մենք դա չանենք, լիրվությամբ կկորցնենք Արցախը վերադարձնելու վերջին հույսը։
-Դուք նկատի ունեք, որ ընտրություններով Արցախի նոր Ազգային ժողո՞վ պետք է ձեւավորվի՝ հաշվի առնելով, որ գործող խորհրդարանի ժամկետն ավարտվում է 2025-ի մայիսին։
-Մայիսին լրանում է այս Ազգային ժողովի ժամկետը, բայց իրենք հակված են որոշում կայացնել, որ շարունակեն իրենց գործունեությունը՝ առանց ընտրությունների։ Սա անթույլատրելի է, քանի որ իրականում չեն գործում եւ պատարստ չեն զոհաբերության՝ հանուն Արցախի ու իրենց ազգի։ Այո, նոր մարմին պետք է ձեւավորվի, անունը կլինի Ազգային ժողով, թե Ազգային խորհուրդ, բայց կարեւորը, որ լինի լեգիտիմ։ Կարեւոր է, որ դրա կազմում լինեն այնպիսի մարդիկ, ովքեր կկարողանան դիմադրել այստեղի իշխանություններին ու անկախ ճնշումներից, անել այն, ինչ պետք է անել հանուն Արցախի։
Ռոզա Հովհաննիսյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: