Հասարակական գործիչներ, տարբեր ոլորտների փորձագետներ և իրավապաշտպաններ բազմիցս հայտարարել են, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների համար բնակապահովման պետական ծրագիրը ձախողված է և նույնիսկ վնասակար: Փախստականներն անընդհատ շեշտում են, որ ծրագրում առաջադրված պայմաններն անընդունելի են, իսկ ֆինանսական աջակցությունը չի համապատասխանում անշարժ գույքի շուկայում գներին։
Հայաստանի կառավարությունը չի ցանկանում լսել քննադատությունները՝ պնդելով ծրագրի մատչելիությունը։ Անգամ հայտարարեցին, որ ծրագրից արդեն օգտվել է 270 ընտանիք։ Գոնե մեկ «երջանիկ» ընտանիք գտնելու մեր փորձերն ապարդյուն անցան։ Անգամ սոցիալական ցանցերում ոչ ոք չարձագանքեց հայտարարությանը։ Որից երկու եզրակացություն է արվել՝ կա՛մ նման ընտանիքներ չկան, կա՛մ նրանք ստորագրել են «չբացահայտվելու» մասին փաստաթուղթ։
Եվ այս ամենի ֆոնին Հայաստանում հայտնվում են զարգացման ընկերություններ, որոնք ավելի լավ են գնահատել փախստականների հնարավորությունները՝ հաշվի առնելով նրանց սոցիալական ու կենցաղային դժվարությունները։ Առաջարկներ կան ձեռք բերել շարժական փայտե տներ այնպիսի գներով, որոնք ցածր են անշարժ գույքի շուկայում գոյություն ունեցողների համեմատ:
Այդպիսի նախագծերից է Երևանի Էրեբունի վարչական շրջանի Արին Բերդ էկո գյուղը։ Այն առաջարկում է շարժական փայտե տան կառուցում կարճ ժամանակում՝ ընդամենը երկու ամսում։ Քառակուսի մետրի արժեքը գնահատվում է 180 հազար դրամ։ Հողատարածքը, որտեղ գտնվում է տունը էկո-գյուղում, տրվում է վարձով, գումարած ամսական սպասարկման վճար։
Շինհրապարակ ամեն օր այցելում են տասնյակ հետաքրքրված ընտանիքներ։ Նրանց թվում կան բազմաթիվ ղարաբաղցի փախստականներ։ Ծրագրի ղեկավարները շրջայց են կատարում և խոսում ձեռքբերման պայմանների մասին: Եւ անօթևանների համար նման առաջարկը դիտվում է որպես վարձակալած բնակարանների շահավետ այլընտրանք:
Շինարարության ոլորտի երկարամյա փորձ ունեցող մասնագետների շրջանում թերահավատ վերաբերմունք կա փայտե տների նկատմամբ։ Կարծիք է հնչել, որ «քարերի երկրում փայտից տներ կառուցելը լուրջ չէ», ինչ-որ մեկը հիշեց «Երեք խոզուկների» մասին հեքիաթը։
Բայց Արին Բերդ էկո գյուղի կառուցապատողները խոստանում են որակ և անհատական մոտեցում յուրաքանչյուր ծրագրին։ Մի քանի տներ արդեն ունեն բնակիչներ։ Նրանց թվում կան փախստականների ընտանիքներ։ Կան այնպիսիք, ովքեր բրիգադներում աշխատանքի են անցել՝ էկո-գյուղում տուն գնելու հեռանկարով։
Ստեփանակերտից փախստական Էդուարդ Նարիմանյանը փայտե տուն գնելը գրավիչ գաղափար համարեց. «Մենք սովոր ենք, որ տունը պետք է քարից լինի, մի քանի սերունդի համար։ Սակայն փախստականները չեն կարողանա հավերժ վճարել վարձակալած բնակարանների ամսական բարձր վարձավճարները. դա անտանելի բեռ է նույնիսկ աշխատող փախստականների համար: Ավելին, շատերի մոտ, ինչպես իմ ընտանիքի, այլեւս խնայողություններ չեն մնացել, ուստի ես սկսեցի մտածել փայտե տան մասին։ Ես կփորձեմ գումար հավաքել ընկերներից եւ հարազատներից: Հուսով եմ, որ կգտնեմ պահանջվող գումարը։ Թքած ունեմ նյութի վրա, որից տունը կառուցված է, գլխավորն այն է, որ հնարավորություն կա սեփական տանիք ունենալ և չանհանգստանալ, որ չվճարելու պատճառով փոքր երեխաներ ունեցող ընտանիքը վտարվելու է վարձով տնից»։
Անժելա Սարգսյանի ընտանիքը փորձել է բնակություն հաստատել մարզերում, որտեղ բնակարանների վարձավճարն ավելի էժան է, սակայն գործազրկության պատճառով ստիպված են եղել վերադառնալ Երևանին ավելի մոտ։ Ամուսինները դիտարկում են էկո-գյուղում բնակություն հաստատելու տարբերակը. «Միայն սեփական տանիք ունենանք: Այս տարի մեր ամբողջ խնայողությունները ծախսեցինք։ Փայտե տունը, հավանաբար, իմ և ամուսնուս փրկությունն ու կարճատև ապագան է՝ հաշվի առնելով մեր տարիքը»։
Փախստականներին բնակարանով ապահովելու պետական ծրագրի վերաբերյալ կինը միայն հույս հայտնեց, որ պայմանները կվերանայվեն հօգուտ փախստականների։
Օլեսյա Մանգասարյանն ամուսնու հետ գնել է էկո-տուն և վերջերս տեղափոխվել այնտեղ։ Նրանք պարտքով գումար են վերցրել այն գնելու համար։ Սա միակ հնարավորությունն էր։ «Ինչպես արցախցի ընտանիքների մեծ մասը, մենք էլ ենք կորցրել ամեն ինչ, իսկ վերականգնումը հոգեբանորեն և սոցիալապես ուղղակի անհնար է։ Աշխատանք գտնելու հետ կապված դժվարությունները և մեծ խնայողությունների սպառումը ավելի վատթարացրին իրավիճակը։ Ուստի ես ու ամուսինս որոշեցինք գոնե սեփական տուն գնել՝ հուսալով, որ դա մեզ կհանգստացնի»։
Նորապսակներին միայն վերջերս է հաջողվել աշխատանք գտնել։ Նրանք հույս ունեն, որ տունը թույլ կտա իրենց ձմեռը անցնեն առանց խնդիրների։ «Գյուղում ջուր, լույս կա։ Դեպի Երեւան տրանսպորտի խնդիր կա, սակայն ընկերությունը խոստացել է լուծել այս հարցը»։
Ալվարդ Գրիգորյան