Թելալյանի ուշագրավ նշանակումը ԵԱՀԿ-ում՝ ինչ են պայմանավորվել թուրքերն ու հույները

  • 14:20 16.12.2024

Վերջերս ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստում հայտարարվեց Թուրքիայի նախկին արտգործնախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուին ԵԱՀԿ գլխավոր քարտուղար նշանակելու մասին։ Միաժամանակ Հունաստանից Մարիա Թելալյանը նշանակվել է ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի տնօրեն։

Թուրք-հունական «կոնսենսուսը» քննարկվում է հուլիսից. Էրդողանը առաջարկել է Թուրքիայի ներկայացուցիչ նշանակել ԵԱՀԿ գլխավոր քարտուղար, փոխարենը Հունաստանը կառաջարկի իր թեկնածուին ԺՀՄԻԳ-ի ղեկավարի պաշտոնում։ Աթենքն առաջարկել է ազգությամբ հայ կնոջ։

Մի քանի տարի առաջ Էրդողանը Մանածկերտի ճակատամարտի հերթական տարեդարձի կապակցությամբ ասել էր, որ թուրքերն այստեղ են արդեն 1000 տարի եւ չեն պատրաստվում ոչ մի տեղ հեռանալ։ Նա փաստորեն խոստովանել է, որ թուրքերը եկվորներ են այս հողում, սակայն Էրդողանը նախընտրում է չխոսել, թե ով է եղել այստեղ 1000 տարի առաջ։ Թեև վիճակագրությունը, պատմությունը, գենետիկան, տեղանունները և բազմաթիվ հուշարձաններ ասում են, որ Անատոլիան և Փոքր Ասիան հազարավոր տարիներ եղել են հայերի և հույների բնօրանը։

Թրամփի ընտրվելուց հետո Էրդողանը բացեիբաց խոսում է Առաջին համաշխարհային պատերազմի արդյունքների և Օսմանյան կայսրության փլուզման արդյունքների վերանայման, Լոզանի և Սևրի պայմանագրերի մասին՝ չթաքցնելով, որ թուրքամետ ուժերի ներխուժումը Սիրիա հետապնդում էր Սիրիայի հյուսիսը «վերադարձնելու» նպատակը։

Առաջին համաշխարհային պատերազմից հետո նախկին օսմանյան Մերձավոր Արևելքը բաժանվեց Բրիտանիայի և Ֆրանսիայի միջև: Մեծ Բրիտանիայի ժառանգած մասում հետագայում առաջացան Իսրայելն ու Հորդանանը։ Ֆրանսիան կորցնում է իր «պրոտեկտորատը»՝ Լիբանանն ու Սիրիան։

Հունաստանի և Թուրքիայի “կոնսենսուսը” կարող է պայմանավորված լինել նրանով, որ Եվրոպան՝ ի դեմս Հունաստանի, Թուրքիային և Իսրայելին ազատություն է տալիս Մերձավոր Արևելքում՝ մի պայմանով, որ նրանք չվերանայեն Առաջին համաշխարհային պատերազմի արդյունքները բուն Եվրոպայում։ Դրա դիմաց Եվրոպան խոստանում է չհիշել Սեւրի պայմանագիրը։

Սեւրի պայմանագիրը «փոխարինվեց» Լոզանի պայմանագրով։ Բայց ներկայիս Թուրքիայի հյուսիսային սահմանները Հայաստանի (ներառյալ Նախիջևանի) և Վրաստանի հետ Լոզանի պայմանագրում նշված չեն։ Այդ սահմանները որոշվել են 1921 թվականի ռուս-թուրքական պայմանագրերով, որոնց օրինականությունը չի ճանաչվել։

Մինչ Լոզանի պայմանագրի վերանայումը, Թուրքիան արդեն լուծել էր Արցախում առկա խնդիրները Ռուսաստանի օգնությամբ և պատրաստվում է Հայաստանի և Վրաստանի «ինկորպորացիային»՝ համարելով, որ դրանք անարդարացիորեն են «խլվել» Օսմանյան կայսրությունից։

Արդյո՞ք Հարավային Կովկասը թուրք-եվրոպական գործարքի «մենյուում» է։ Եւ ինչպե՞ս կարձագանքի Մարիա Թելալյանը, երբ Սինիրլիօղլուն առաջարկի հետ կանչել ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատը։