Գորիս մինուս է ու քամի: Տեղադրում են քաղաքի գլխավոր տոնածառը, խանութների լուսափեղկերն են տեղադրում, ցիտրուսներ վաճառում, երեխաները ճայթուկներ են նետում` զվարճանում, ակնաղբյուրեցի տիկին Երջանիկի ժենգյալով հացի հոտը տարածվել է Վիենայի պուրակում:
Հրապարակում թարմացրել են Արցախի գունաթափ դրոշը: Եկեղեցում քահանան նույնպես Սիրիայի իրադարձություններից է խոսում, ով իր բացաըտրությունն ունի. Հայտնության գրքի մարգարություներն են պարզապես կատարվում:
Բոլորը կհիշեն, թե ինչպես էր Գորիսի դրամատիկական թատրոնի շենքը` հարակից տարածքով 2023թ. վերածվել փախստականների ճամբարի։ Մոխրագույն-քառակուսի այս շենքի մոտ տաքսիստները կանգնում են ամբողջ օրը, ակնհայտ է, որ գործ չկա: Կամ տաքսի, կամ բանակ, ասում է նրանցից մեկը: Ասում է նաեւ, որ մի 1000-1200 արցախցիներ կլինեն մնացած այստեղ:
Արցախցիների ես գրեթե չեմ հանդիպում Գորիսում, իսկ այսօր ում հանդիպեցի, պատրաստ էր վիզը կտրել, թե 4 կամ 5 հարյուր մնացած լինեն:
Ինչեւէ, որպեսզի պատահական վիճակագրություն չստացվի, փորձենք տվյալներ ճշտել Գորիսի համայնքապետարանից: Համայնքի ղեկավարի տեղակալ Իրինա Յոլյանը Step1.am-ին հայտնել է, որ Գորիսում այսօր Արցախից շուրջ 370 ընտանիք է ապրում: Թիվն անընհատ փոխվում է, քանի որ ներքին միգրացիա կա:
Գորիսի կոմունալ ծառայության նախկին շենքը ձեւափոխվում եւ մեկ, երկու, երեք սենյականոց բնակարաններ է կառուցվում, որտեղ ըստ քաղաքապետ Առուշ Առուշանյանի, գորիսեցիները նույնպես բաժին կունենան (պարզվում է այստեղ էլ դոմիկներում ապրողներ կան), սակայն առաջնահերթությունն արցախցիներին է տրվելու:
200 մլն․ դրամ նախագծով այս շենքն ունենալու է 18 բնակարան: Այն կառուցվում է Գորիսի համայնքապետարանի եւ բարերաների աջակցությամբ: Ստացվում է մնացածը վարձով են ապրում եւ պարզ չէ, թե ներքին միգրացիան ինչ պատկեր կունենա ապագայում:
Դեռեւս մեկ տարի առաջ քաղաքագետ Ալեքսանդ Իսկանդարյանը CivilNet-ի տաղավարում ասել է, որ եթե արցախցիների խնդրով լուրջ չզբաղվի Հայաստանի կառավարությունը, մենք կարող ենք կորցնել այդ մարդկանց, ինչպես դա եղավ սիրիահայերի պարագայում: Առաջարկ է եղել արցախցիներին Սյունիքում բնակեցնել, քանի որ աշխարհագրորեն ու մշակույթով մոտ են միմյանց:
Տեղի է ունեցել այն, ինչ տեղի ունեցել, Հայաստանում հարյուր հազարից ավել փախստական է հայտնվել: Դա շատ լուրջ փիվ է Հայաստանի համար: Նախնական շրջանում նրանց ընդունելը պատշաճ կերպով կազմակերպվել է, ֆինանսական աջակցություն է տրամադրվել, շատերը բարեկամներ, ընկերներ են ունեցել, ովքեր իրենց բնակարանները ձրի են տրամադրել։
Սակայն սա երկարաժամկետ խնդիր է, աշխատանքի, կեցության հարց է առաջանում, որի համար փող կա: Չէ որ Հայաստանը Արցախի համար հսկայական գումարներ էր հատկացնում, բանակ եւ այլն: Մի բան է ղարաբաղցին գորիսեցու համար, մեկ այլ բան երեւանցու, ասել է Իսկանդարյանը:
Սակայն մեկ տարի անց պարզ է դառանում, որ ոչ միայն արցախցիներ չբնակվեցին այնտեղ (ցանկալի խտությամբ գոնե), այլ մարզի բնակչությունը շեշտակի նվազել է:
Արցախի նախկին օմբուդսմեն եւ պետնախարար Արտակ Բեգլարյանը Արցախի հեռուստատեսության հետ հարցազրույցում ասել է, որ մարդիկ հիմանկանում Երեւան են գնում զբաղվածության պատճառով: Բեգլարյանն ասել է նաեւ, որ փորձագիտական հաշվարկներով արցախցիների 80%-ն այսօր բնակվում է Երեւանում եւ նրա հարակից բնակավայերեում:
Անկեղծ ասած, ես չեմ հասկանում, թե Հայաստանի կառավարությունն ինչու է ձախողման տանում բնակարանային ծրագիրը: Լուրջ ռազմավարական խնդիրներ կան, որոնք ըստ իս, բխում են Հայաստանի իշխանությունների քաղաքական կուրսից: Այսինքն նպատակ կա որեւէ կերպ մեզ չխթանելու, կամ չաջակցելու մեր համախմբմանը, մեր կոմպակտ բնակությանը, մեր ինքնության պահպանմանը:
Արցախի ներկայիս օմբուդսմեն Գեղամ Ստեփանյանի պնդմամբ, ՀՀ կառավարության իրականացրած ծրագրով ընդամենը 1.500 արցախցի է աշխատանք գտել, եւ 40+10 հազար աջակցության ծրագրի կասեցումը արցախցիներին փաստի առաջ է կանգնեցնելու:
Հայաստանում տարածված կարծիք կա, որ արցախցիների գերակշռող մասը պետական հիմնարկներում է աշխատել, պետբյուջեից աշխատավարձ ստացել, որը ՀՀ համամեատ ավելի բարձր է եղել, դրա համար էլ Հայաստանում չեն կարողանում աշխատանք գտնել, հարմարվել:
Արցախցիների բարձր աշխատավարձի ու պետբյուջեից սնվելու մասին Արցախի ՏԿԵ նախկին նախարար Հայկ Խանումյանն իր ֆեյսբուքյան գրառմամբ չոր փաստեր է ներկայացրել, որը լրիվ հակառակ պատկերն է արտացոլում:
Խանումյանը տնտեսագետ Աղասի Թավադյանի հետազոտությունն է օրինակ բերում, ըստ որի Հայաստանում մասնավոր աշխատանքի գրեթե 80% կենտրոնացված է Երևանում։
Հայաստանում առնվազն 4 մարզում պետական տեղերի եւ մասնավոր տեղերի հարաբերակցությունը հօգուտ պետականի ավելի բարձր է, քան Արցախում էր, այսպես, Գեղարքունիքում պետական են աշխատատեղերի 65,4 տոկոսը, Արագածոտնում՝ 61,2 տոկոսը, Շիրակում՝ 56,5 տոկոսը, Տավուշում 52,8 տոկոսը։ Եթե այսօր Արցախը շարունակեր գոյություն ունենալ, այս ցանկում նա կհաջորդեր Տավուշին։
Բարձր աշխատավարձի մասին պնդումը եւս չափազանցված է, պետական ծառայության ոլորտում աշխատավարձերը զգալիորեն, որոշ դեպքերում անգամներով զիջում էին հայաստանյան աշխատավարձերին, քիչ ինչ բարձր էին ուսուցիչների, բուժաշխատողների աշխատավարձերը։
ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից նաեւ շեշտվում է, որ տարիներ շարունակ գումարներ են ուղարկել Արցախ, որպեսզի այնտեղ բարեկեցություն լինի եւ այլն, այս միտքը տարբեր մակարդակներով կրկնվում է հանրության շատ շերտերի կողմից։ Արցախի գոյությամբ ստեղծված անվտանգային ու տնտեսական միջավայրի շնորհիվ ՀՀ բյուջեն հարկերի տեսքով ավելի շատ գումար էր հավաքագրում (մեծամասամբ հանքարդյունաբերության ոլորտից), քան Արցախի տրամադրվող միջպետական վարկի գումարն էր։
Սրանք չոր փաստեր են, որոնք լավ կլինի, որ հաշվի առնվեն կարծիք հայտնող տարբեր գործիչների, նամանավանդ՝ պաշտոնյաների կողմից, եթե իհարկե նպատակը կեղծ թեզերի շուրջ արցախցիների նկատմամբ ատելություն առաջացնելը չէ, գրում է Խանումյանը:
Հ.Գ. Դեռ անցած ամիս Գորիսում Ստեփանակերտ տանող տրաֆարետի մոտ մեծ բիլբորդ կար` ԴԵՊԻ ԵՎՐՈՊԱ գրությամբ: Արդեն Բրուսե՞լ ենք հասել, որ հանվել է պաստառը: Կանգնելով բիլբորդի ու տրաֆարետի մոտ, գիտակցում ես, որ իրականում ոչ Եվրոպա, ոչ էլ Ստեփանակերտ չենք կարող գնալ: “Ներքին” միգրացիան շարունակվում է:
Մարութ Վանյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: