“Սոցիալական վիճակը, որում գտնվում է արցախցին, քաղաքական եւ իրավական չլուծված հարցերի հետեւանք է”

  • 21:58 17.12.2024

Շվեյցարիայի Դաշնային խորհուրդը՝ խորհրդարանի ստորին պալատը այսօր ընդունեց բանաձեւ, որով երկրի կառավարությանը կոչ է արվում հրավիրել միջազգային խաղաղության ֆորում՝ նպաստելու Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի հայերի միջեւ բաց երկխոսությանը միջազգային հսկողության ներքո՝ նրանց անվտանգության եւ հավաքական վերադարձի իրավունքի հարցերը քննարկելու համար: Արցախցիներն այսօր Հայաստանում Շվեյցարիայի դեսպանատան միջոցով նամակ ուղղեցին Շվեյցարիայի խորհրդարանին եւ կառավարությանը՝ կոչ անելով կազմակերպել Արցախյան հակամարտության վերաբերյալ խաղաղության միջազգային համաժողով: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Շվեյցարիայի ԱԳՆ-ն հրաժարվել է խորհրդարանի առաջարկից, համարելով, որ դա Հայաստանի եւ Ադրբեջանի գործն է։ 

Արցախի «Գեն» նախաձեռնությունների կենտրոնի հիմնադիր Արմինե Ավագիմյանը step1.am-ի հետ զրույցում ասաց, որ արցախցիները ողջունում են Շվեյցարիայի Դաշնային խորհրդի այս որոշումը եւ ակնկալիք ունեն, որ խոսքերից ու հայտարարությունից հետո գործնական քայլեր կլինեն։ «Մեր ակցիայի կազմակերպման նպատակը հենց դա էր, որ նախ շնորհակալություն հայտնենք Շվեյցարիային՝ նման դիրքորոշման եւ արցախցիների քաղաքական, մշակութային իրավունքները բարձրաձայնելու համար։ Մենք նամակ ենք փոխանցել դեսպանությանը, որում նշված է, որ հույս ունենք՝ Շվեյցարիայի կառավարությունը եւս կողմ է քվեարկելու այդ բանաձեւին, որը թույլ կտա արդեն ավելի առարկայական քայլերի ականատես լինել։ Այսօրվա ակցիայի հիմնական շեշտադրումը հենց դա էր, որ Շվեյցարիան՝ որպես աշխարհում իր մարդասիրական, համամարդկային արժեքներով առաջնորդվողի համբավ ունեցող երկիր, ներգրավված լինի մեր հիմնախնդրի վերաբերյալ բանակցությունների ձեւաչափ ստեղծելու աշխատանքներին»,- ասաց նա։

Արցախցիներն այսօր ցանկացել են նաեւ հանդիպել Հայաստանում Շվեյցարիայի դեսպանի հետ, սակայն հանդիպումը հետաձգվել է, պայմանավորվել են ավելի ուշ այն կազմակերպել։ Արմինե Ավագիմյանը պարզաբանեց, թե ինչու են ցանկանում անձամբ հանդիպել ու զրուցել դեսպանիի հետ․ «Նամակում դետալեր կան, որոնք երես առ երես հանդիպում են պահանջում, մենք ցանկանում ենք դեմ առ դեմ քննարկում ունենալ, որովհետեւ արցախցիների վերադարձի հարցը շատ նուրբ հարց է, շատ բաղադրիչներ կան, որոնք մենք՝ որպես Արցախի քաղհասարակության ներկայացուցիչներ, ցանկանում ենք անձամբ ներկայացնել իրենց»։

Արցախի ՀԿ-ները եւ քաղհասարակությունն այս փուլում համախմբման փորձեր են անում՝ ուղերձներ հղելով նաեւ միջազգային հանրությանը։ Անդրադառնալով այս հարցին՝ Արմինե Ավագիմյանն ասաց, որ Արցախի իշխանությունների կողմից պասիվություն է նկատվում, բացը փորձում է լրացնել քաղհասարակությունը։ «Պարզ է, թե ինչ կարգավիճակում է Արցախի կառավարությունը։ Գոնե հնարավորության շրջանակներում սոցիալ-տնտեսական հարցերի լուծմանն էլ ներգրավված չեն։ Օրինակ՝ նախորդ շաբաթ ինձ մի քաղաքացի է ահազանգել սոցիալական հարցի շուրջ։ Ես հարցրեցի՝ ինչո՞ւ եք ինձ հետ կապվել, ես որեւէ պաշտոն չեմ զբաղեցրել Արցախում, համապատասխան գերատեսչության ղեկավար կա, որը Հայաստանում է, իր հետ կապվեք։ Քաղաքացին պատասխանեց, որ իրենք պատասխանում են՝ մեզ այդ հարցերով մի անհանգստացրեք։ Այսինքն՝ նույնիսկ կենցաղային հարցերին չեն արձագանքում Արցախի իշխանությունները։ Արցախյան ՀԿ-ներով փորձում ենք համագործակցության եզրեր գտնել Արցախի Ազգային ժողովի հետ։ Իրականում այս աշխատանքը, որը մենք ենք իրականացնում, իրենք պետք է անեին, բայց տեսնում ենք, որ իրենք բավականաչափ ներգրավված չեն, գուցե ինչ-որ ձեւով կաշկանդված են։ Դրա համար էլ փորձում ենք ինքնակազմակերպվել, հնարավորության սահմաններում մաքսիմալ աշխատանք իրականացնել»,- նշեց նա։

Արմինե Ավագիմյանի խոսքով՝ արցախյան ՀԿ-ներն ակտիվացել են՝ նաեւ հաշվի առնելով Հայաստանի իշխանությունների դիրքորոշումը։ ՀՀ իշխանությունների օրակարգում Արցախի ու արցախցիների վերադարձի հարցերը չկան։ Անգամ բարեկամ երկրների հետ հարաբերություններում  ՀՀ իշխանությունը չի քննարկում Արցախի ու արցախցիների հարցերը։ Այսինքն, ըստ նրա, Արցախի քաղաքական ու իրավական հարցերը ՀՀ իշխանությունները նպատակադրված հասցրել են կենցաղային ու հումանիտար մակարդակի։ «Բայց մենք գիտենք, որ այս սոցիալական վիճակը, որում գտնվում է արցախցին, քաղաքական եւ իրավական չլուծված հարցերի հետեւանք է։ Հենց դրա համար էլ փորձում ենք ինքնակազմակերպվել»,- ասաց Արմինե Ավագիմյանը։

Ռոզա Հովհաննիսյան