Step1.am–ի զրուցակիցն է արցախցի քաղաքագետ Դավիթ Կարաբեկյանը։
–Պարոն Կարաբեկյան, Ալիեւը պահանջում է Հայաստանից հանել ԵՄ դիտորդներին, լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը, հետ կանչել Ադրբեջանի դեմ միջազգային ատյաններում ՀՀ կողմից ներկայացված հայցերը։ Նիկոլ Փաշինյանն իր հարցազրույցում չհերքեց, որ կարող է կատարել այս եւ այլ պահանջները։ Ինչպե՞ս եք գնահատում իրավիճակը։
– Կարծես թե Ադրբեջանը հնարավորություն է տալիս Հայաստանի ղեկավարությանը, որ, այսպես ասած, իր դեմքը պաշտպանի։ Այն իրավիճակն է կրկնվում, որը եղել է 1921 թվականին՝ Կարսի եւ Մոսկվայի պայմանագրերով։ Ուղղակի Աթաթուրքի դերը կատարում է Էրդողանը, իսկ Ալիեւը նույն Նարիման Նարիմանովի դերն է կատարում։ Բայց այսպիսի մի նյուանս կա՝ փաստորեն Փաշինյանը փորձում է իր դեմքը պահպանելով՝ խոսել այն մասին, որ եթե Ադրբեջանը համաձայնի դելիմիտացիայի, եթե մնացած կետերը համաձայնեցվեն, եթե կհաջողվի միջազգային հարթակներից բոլոր հայցերը հետ վերցնել, «խաղաղություն» կլինի։ Այսինքն՝ թվում է, թե ինքը Հայաստանի կողմից առաջ է քաշում որոշակի նախապայմաններ, բայց եթե պատմական զուգահեռներ տանենք, դա շատ վտանգավոր է։ Եվ պատահական չէ, որ այդպիսի կանխատեսում կա, որ արդյունքում եւ Հայաստանը, եւ Ադրբեջանը կարող են վերանալ որպես անկախ պետություններ։ Եվ դա շատ տրամաբանական ելք է։
Եթե հիշում եք, երբ ԽՍՀՄ-ը ձեւավորվում էր, Լենին-Աթաթուրք ներքին համաձայնության ժամանակ համաձայնություն է ձեռք բերվել, որ թուրքական շահերը պետք է պաշտպանվեն թե Արեւմուտքի, թե Ռուսաստանի կողմից։ Ինչպես մենք գիտենք, այն ժամանակ Ղարաբաղի հարցն այդպես էլ իրավական կարգավորում չստացավ։ Նույն Ռուսաստանի տարածքում մինչեւ 1922-23 թավակնները շարունակվեցին քաղաքացիական կռիվները, միլիոնավոր մարդիկ զոհվեցին, Մերձավոր Արեւելքում եղավ այն, ինչ եղավ, եղավ Հոլոքսոտ եւ երկրորդ համաշխարհային պատերազմ։
Ամենավատն այն է, որ թույլի եւ զիջողի դերում հանդես գալով՝ Փաշինյանը փաստորեն Հայաստանն ու հայ ժողվորդին սակարկության առարկա է դարձնում Ռուսաստանի ձեռքին։ Եթե Ադրբեջանի կողմից Անգլիան ու Իսրայելն են խոսում, ապա Հայաստանն իր Սահմանադրությամբ հանդես է գալիս սակարկության առարկա։ Ես ասեմ, որ սա Ադրբեջանի համար էլ է շատ վտանգավոր, որովհետեւ ինչպես հայ բոլշեւիկները ռեպրեսիաների ենթարկվեցին, այնպես էլ եղավ Ադրբեջանի պարագայում։ Նույն Ադրբեջանը համարում էր, որ ԽՍՀՄ կողմից անեքսիա է եղել, այսինքն համարում է, որ Խորհրդային Ռուսաստանը բռնազավթել է իր տարածքները, օգտագործել է իր բնական ռուսուրսները։ Այսինքն՝ մենք պետք է հաշվի առնենք այն, որ կտրուկ փոփոխությունների նախաշեմ է։
-Ինչի՞ կարող են հանգեցնել այդ կտրուկ փոփոխությունները։
Փաշինյանն ասում է՝ եթե համաձայնություն ձեռք բերվի, հարցերը լուծվեն, մենք պատրաստ ենք գնալ սահմանադրական փոփոխությունների, եթե համոզված լինենք, որ Ադրբեջանը մեզ վրա չի հարձակվի, եթե խաղաղություն լինի, ապա ինչի՞ համար են պետք ԵՄ դիտորդները։ Այսինքն՝ նոր աշխարհաքաղաքական դասավորումների մասին է խոսում, որոնք չեն բերելու խաղաղության, ուժերի վերադասավորման են բերելու, որը հղի է նոր պատերզմով ու կոնֆլիկտներով։ Եվ ամենավատն այն է, որ այս նոր փոփոխություններն արդեն ուրվագծվում են։ Թե Ռուսաստանի ղեկավարները, թե Ալիեւն աշխարհի կողմից ոչ միանշանակ կերպով են ընդունվում։ Այսինքն՝ սա ցույց է տալիս, որ այդ վերադասավորումների, աշխարհի նոր քաղաքական փոփոխությունների նախապատրաստման պրոցեսը մոտենում է գագաթնակետին, եւ սկսվելու է հանգուցալուծում։ Մենք պետք է զգույշ լինենք, որոհետեւ նման զիջողականությունը բերում է պետականության կորստի։ Եվ դա վտանգավոր է ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ Ադրբեջանի համար։ Ադրբեջանը եւս ինչ-որ մի պահի կունենա ինքնիշխանության կորստի վտանգ։ Եվ թե Ղարաբաղի, թե մնացած հարցերը կլուծվեն նոր աշխարհաքաղաքական իրողությունների լույսի ներքո։ Այսինքն՝ շատ հավանական է՝ լրիվ այլ սահմաններ լինեն, այլ պայմաններ լինեն։ Եվ այսօր մենք տեսնում ենք, թե ինչ է կատարվում Ռուսաստանում՝ Ռուսաստանի վճակը բավական ծանր է։
Իրավիճակն այսպիսին է՝ ոչ միանշանակ, ծայրահեղ վտանգավոր, պատմական զուգահեռներ հիշեցնող։ Եվ մենք գիտենք, որ այս պատմական գործընթացներն ավարտվել են Թուրքիայի սահմանների զգալի կրճատմամբ, մեծ արյունահեղությամբ՝ նույն Ռուսաստանում, Ադրբեջանի ինքնիշխանության կորստով, Ռուսաստանի ինքնիշխանության կորստով։ Ի վերջո դա բերել է զոհերի ու Հոլոքոստի։ Մենք պետք է զգուշությամբ վերաբերվենք եւ թույլ չտանք, որ պատմական պրոցեսները կրկնվեն։ ԱՄՆ-ն պետք է մտածի՝ արդյոք երրորդ համաշխարհային պատերազմը կշրջանցի՞ ԱՄՆ տարածքը կամ ԱՄՆ համար շահավետ կլինի՞։ Շատ հնարավոր է, որ ճգնաժամը, որ եղել է 1929 թվականին՝ Ղարաբաղի «խնդիրը լուծելուց» հետո, շատ ավելի ծանր լինի այս անգամ, որ երրորդ հաշխարհային պատերազմն ավելի դաժան ու ողբերգական հետեւանքներ ունենա, քան երկրորդ համաշխարհային պատերազմը։ Մենք տեսնում ենք, որ հիմա վիճակն ավելի լարված է, քան երկրորդ համաշխարհային պատերազմի նախաշեմին։
Ռուսները պետք է հաշվի առնեն, որ այս գործարքի հետեւանքներն ամբողջ աշխարհի վրա կազդեն եւ դրանք կարող են նաեւ հենց այդ գործարքի հեղինակների վրա խիստ ողբեգական հետեւանքներ թողնել։ Եվ դրանք Հայաստանի համար նոր պատերազմներ կբերեն, նոր ստորացում եւ ոչ թե հաղթանակ, որովհետեւ, նորից եմ ասում, պատմությունը դա է վկայում։ Մենք փորձեցինք այն ժամանակ էլ փոխել Սահմանադրությունը, հարմարվել նոր աշխարհաքաղաքական իրադարձություններին, զիջումներ կատարեցինք, արդյունքում ստացանք պետականության լիակատար կորուստ, զոհեր, ստորացում։
Ռոզա Հովհաննիսյան