Step1.am-ի զրուցակիցն է քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը։
-Պարոն Մանասյան, Նիկոլ Փաշինյանը շարունակում է խեղաթյուրել Արցախի հիմնախնդիրը՝ հայտարարելով, թե «1994 թվականից ի վեր, այսինքն հրադադարից հետո, մեկնարկի պահից՝ բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին»։ Արդյոք այդ մասի՞ն էր բանակցային գործընթացը։
-Ցավն այն է, որ ոչ միայն պատասխանատու անձինք, այլ նաեւ մեր փորձագիտական շրջանակները հարցը ճիշտ չեն պատկերացնում։ Մենք բոլոր փաստաթղթերի խորքային, գիտական հետազոտության կարիք ունենք։ Դրանց թվում նաեւ այն է, ինչի մասին հիմա խոսվում է, թե իբր 30 տարի շարունակ հայկական կողմը բանակցել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն Ադրբեջանի կազմում թողնելու մասին։ Այդպիսի բան չի եղել, եթե մենք ճիշտ ուսումնասիրենք փաստաթղթերը, ապա կտեսնենք, որ 1991 թվականի դեկտեմբերի 10-ին, երբ արցախցիները հռչակել են ԼՂՀ-ն, այդ հանրապետությունը հիմնել են մի տարածքում, որն արդեն Սովետական միության տարածք չէր, որովհետեւ ԽՍՀՄ-ն իր գոյությունը դադարել էր 1991 թվականի դեկտեմբերի 8-ին։ Դեկտեմբերի 10-ին արցախցիները հռչակել են անկախություն՝ արդեն Սովետական միությանը չպատկանող տարածքում եւ Ադրբեջանին չպատկանող տարածքում, որովհետեւ Ադրբեջանը տարածքներ չէր հռչակել, վերկանգնել էր ադրբեջանական դեմոկրտական հանրապետություն կոչվածը, որը չգիտես՝ ով է հռչակել եւ որտեղ։ Հռչակել է Ադրբեջանի մուսուլմանների ազգային խորհուրդ կոչվածը, որը գոյություն ունենալ չէր կարող, այդ խորհուրդը կարող էր կամ լինել ազգային խորհուրդ, կամ մուսուլմանների խորհուրդ։ Եվ այդ մուսուլմանների ազգային խորհուրդ կոչվածը «հռչակել է հանրապետությունը» Անդրկովկասի արեւելյան եւ հարավային տարածքներում։
Շատ փորձագտեներ ասում են՝ էս ինչ խելոք են եղել նրանք, իրենց շահերը պաշտպանել են։ Բայց մեր մասնագետները չեն նկատում, որ իրավունքի տեսանկյունից դա անհեթեթություն է, որովհետեւ այդպես տարածք չեն հռչակում։ Ի տարբերություն մուսուլմանների կամ կովկասյան թաթարների (չեմ ասում ադրբեջանցիներ, որովհետեւ Ադրբեջան չի եղել) Հայաստանը հռչակվել է հայկական գավառներում, այսինքն՝ էթնիկական սկզբունքով։ Իրենցը չես հասկանում՝ որտե՞ղ է վերջանում արեւելյան Անդրկովկասը, մանավանդ, որ Արցախն ու Հայաստանը գտնվում են կնետրոնական Անդրկովկասում։ Ազգերի լիգան, նաեւ դա նկատի ունենալով, ասել է՝ հնարավոր չէ այդ պետության սահմանները գծել, եւ Ադրբեջանը չի ճանաչել որպես պետություն։
1991 թվականին Բաքուն հրապարակել է «ադրբեջանական հանրապետության անկախության մասին սահմանադրական ակտ», որտեղ փոխել են «Անդրկովկասի հարավային եւ արեւելյան տարածքներ» հասկացությունը՝ հասկանալով, որ դա իրավունքի տեսնակյունից նոնսենս է։ Եվ գրել են, որ «ադրբեջանական հանրապետության տարածքները պատմականորեն ձեւավորված սահմաններում անբաժանելի են, անօտարելի են»։ Բայց դա ավելի անհեթեթ է, քան նախկինը, որովհետեւ ի՞նչ է նշանակում՝ «պատմականորեն ձեւավորված սահմաններում», ոչ մի կերպ չես կարող ասել՝ դա որտեղ է։ Մինչեւ օրս էլ նրանք չեն կարողանում դա բացատրել, դրա համար են մտցրել «Արեւմտյան Ադրբեջան» հասկացությունը։
Այս անհեթեթ ձեւակերպումներով այսօրվա ադրբեջանական հանրապետությունը մտել է ԽՍՀՄ լուծարման ընթացքի մեջ։ Եվ շատ գնահատականներ կախված են եղել Արեւմուտքից, առաջին հերթին Եվրոպայից։ Եվ Եվրոպական միությունը, որն այն ժամանակ 12 պետություն է եղել, Բելովեժյան բացատի հայտարարությունից հետո, դեկտեմբերի 9-10-ին որոշել են քննարկել այդ հարցը, իսկ դեկտեմբերի 16-ին ընդունել են այսպես կոչված «12-ի հայտարարությունը»։ Այսինքն՝ Եվրոպան ԽՍՀՄ լուծարման ընթացքում հայտարարել է, որ ինքը նորանկախ պետությունները ճանաչելու է նախկին միութենական հանրապետությունների սահմաններում։ Իհարկե, Բաքվում ուրախացել են եւ գնացել են Ալմա-Աթա։ Այնտեղ նրանք միացել են Ռուսաստանի, Բելառուսի եւ Ուկրաինայի կողմից հռչակված ԱՊՀ-ին։ Եվ դեկտեմբերի 23-ին Եվրոպան ողջունել է դա։
Իմ համոզմամբ՝ Բաքվին համոզել են, որ ոչ ադրբեջանական դեմոկրատական հանրապետությունը, ոչ խորհրդային Ադրբեջանը, ոչ էլ դուք չեք կայացել անկախության հանրաքվեով, գոնե մի հանրաքվե արեք, որ օրինական դառնաք։ Ալմա-Աթայից հետո միայն դեկտեմբերի 29-ին Բաքուն կազմակերպել է անկախության հանրաքվե, բայց դա էլ չի տվել նրան սահմաններ։ Ինչո՞ւ, որովհետեւ հանրաքվեում դրել են մի հարց, որը պետք է քվեարկեին՝ «համաձա՞յն եք արդյոք սահմանադրական ակտի հետ, որտեղ գրված է, որ պատմականորեն ձեւավորված սահմաններում է կայացել»։ Այսինքն՝ նորից սահմաններ ձեռք չի բերել։
Բայց Եվրոպայի մոտեցումը դարձել է հիմք, որ Եվրոպան ճանաչի նախկին միութենական հանրապետություններին, այդ թվում՝ Ադրբեջանին։ Հարց է ծագում՝ Եվրոպա դու ո՞նց ես ճանաչում, երբ Ադրբեջան անվամբ պետությունների մեջ դա առաջին հանրաքվեն է եղել, որին Արցախը չի մասնակցել, որովհետեւ օրինաբար հռչակել էր իր անկախությունը։ Ուրեմն Ադրբեջանն առնվազն պետք է կայանար առանց Արցախի։ Եվրոպան թքել է բոլորի վրա եւ ճանաչել է Ադրբեջանը Արցախով հանդերձ։ Արցախի հարցը մտել է ուրիշ փուլ՝ Եվրոպայի մեղքով՝ եթե ուզում ես անկախանալ, ուրեմն ինքնորոշվիր։
Եվ Հայաստանի առաջին նախագահը, որի օրոք այս ամենը եղել է, եւ հաջորդած քաղաքական միտքը ադեկվատ չի գնահատել այս իրողությունը։ Մեզ քաղաքագիտական, իրավագիտական միտք էր պետք, որ այս իրողություններում ճիշտ կողմնորոշվեինք, բայց չենք ունեցել։ Եվ մենք գերի ենք դարձել սխալ բանաձեւերի։ Երբ մենք ինքներս ենք արդեն մտել ինքնորոշման դաշտ, այսինքն՝ պայքարել ենք ինքնորոշման իրավունքի համար, դա իր հիմքում ունեցել է այն միտքը, որ Արցախը պետք է պոկվի Ադրբեջանից, որովհետեւ Եվրոպան եւ աշխարհն այդպես ճանաչել են։ Երկրորդ եւ երրորդ նախագահները պայքարել են, որ ճանաչվի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։ Միայն առաջին նախագահն է ասել, որ միջազգային հանրությունը չի հանդուրժելու, վաղ թե ուշ մենք Ղարաբաղը տալու ենք։
Եվ մերօրյա ղեկավարությունը նույնպես այդ մտքին է։ Պարոն վարչապետը, երբ դեռ լրագրող էր, բազմաթիվ հոդվածներ ունի, որտեղ ասում էր՝ «Արցախը Ադրբեջան է»։ Հիմա հարց է ծագում՝ մենք այսօր ունե՞նք այն դիվանագիտական, քաղաքագիտական, իրավագտական, միջազգային իրավական հարաբերությունների խորը իմացությունը, որպեսզի ճիշտ բանաձեւերով գնանք ու աշխարհին ասենք։ Կարողանո՞ւմ ենք մենք հենց հիմա հարցը տեղափոխել իրավական դաշտ։ Այստեղ գլուխ գովելու տեղ չէ, պետք է հիմնվել գիտության վրա եւ ոչ թե ինքնուրույն տնային վերլուծություններ անել։
-Իշխանությունները փորձում են ներկայացնել, որ Արցախի հարցը փակված է։ Այս տարբերակով հարցի լուծումը համարվո՞ւմ է օրինական։
-Ո՞նց կարող է Արցախի հարցը լուծված լինել, եթե ցեղասպանություն է եղել, եւ այդ ցեղասպանության զոհերը հայտնվել են իրենց հայրենիքից դուրս։ Դա փակ հարց չէ, նույնիսկ միջազգային հանրությունը չի փակում այդ հարցը։ Եվրոպական կազմակերոպությունները բազմաթիվ որոշումներով ասում են, որ հարցը փակ չէ։ Մենք չպիտի փակենք, գոնե պիտի ասենք, որ պայքարելու ենք, որպեսզի բոլոր հարցերը լուծվեն իրավունքի հողի վրա։ Եվ ոչ ոք դրա դեմ խոսել չի կարող։
Ռոզա Հովհաննիսյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: