«ԱԳՆ-ն չի պատասխանել Արցախի ՀԿ-ների նամակին, մեր իրավունքները ոտնահարված են, պետք է պարտադրենք, որ իրենք մեզ պատասխանեն։ Այս հարցի հետեւից պետք է գնանք, ասենք՝ ԱԳՆ-ն չի պատասխանել մեր նամակին, կա՞ այլ պետական մարմին, որը պետք է պատասխանի։ Իրավաբանները պետք է մեզ օգնեն՝ ո՞ւմ պետք է դիմենք ըստ օրենքի, որ ԱԳՆ-ն իր պարտականությունները չի կատարել»,- այսօր Արցախի հասարակական կազմակերպությունների հրավիրած «Հանուն Արցախի» խորագրով համաժողովի ժամանակ ասաց «Իմ իրավունքը» շարժման համահիմնադիր Արթուր Օսիպյանը։
Հիշեցնենք, որ արցախցիները հոկտեմբերի 21-ին ակցիա էին արել ՀՀ ԱԳՆ շենքի մոտ եւ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին փոխանցել Արցախի ոչ կառավարական կազմակերպությունների կողմից ԵԱՀԿ գործող նախագահ Յան Բորգին 2024 թվականի սեպտեմբերի 2-ին ուղղված դիմումի պատճենը։ Արարատ Միրզոյանին ուղղված նամակով Արցախի ՀԿ-ները հիշեցնում են, որ որ Հայաստանի Հանրապետությունը բավարար իրավունքներ և պարտավորություններ ունի Արցախի Հանրապետության քաղաքացիների հավաքական ու անհատական հիմնարար իրավունքների պաշտպանության հարցում, ինչն ամրագրված է ինչպես ազգային, այնպես էլ միջազգային մակարդակներում ընդունված փաստաթղթերում: Ինչպես նաեւ պահանջ են ներկայացնում, որ ԵԱՀԽ/ԵԱՀԿ փաստաթղթերի համաձայն՝ Հայաստանը լիարժեք իրավունք ունի մասնակցելու Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման հարցին:
Արթուր Օսիպյանը նշեց, որ արցախցիները կարող են ակցիա իրականացնել, բարձրաձայնել, որ իրենց իրավունքներն անտեսվում են՝ պահանջելով, որպեսզի ԱԳՆ-ն պատասխանի իրենց։
«Արցախցիների հիմնական խնդիրը վերադարձի խնդիրն է եւ մեր իրավունքների խնդիրն է։ Մյուս հարցը մեր անձնագրերի հարցն է, որը պետք է լուծվի։ Եթե դահլիճում կան իրավաբաններ, խնդրում ենք, հարցը ձեւակերպեք իրավական լեզվով, դնենք քննարկման։ Մենք պետք է նամակների ու ակցիաների միջոցով պարտադրենք, որ Հայաստանի իշխանությունները մեր անձնագրերն ընդունեն։ Եթե խոսում ենք սուբյեկտայնությունից, ուրեմն պետք է մեր անձնագրերը պահենք, որովհետեւ հիմա այնպիսի պայմաններ են ստեղծում, որ մարդիկ ստիպված են լինելու իրենց անձնագրերը փոխել»,- ասաց նա։
Անդրադառնալով Ադրբեջանի իշխանություններին քրեական պատասխանատվության ենթարկելու հարցին՝ Արթուր Օսիպյանն ասաց, որ Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունները փորձում են լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը՝ փակելով Արցախի հարցը։ «Մենք ի՞նչ անենք, որպեսզի կարողանանք Արցախի հարցը պահել օրակարգում՝ եւ միջազգային դաշտում, եւ ներսում։ Մենք, ներգրավելով Հայաստանի ՀԿ-ներին եւ ակտիվիստներին, ովքեր այս գաղափարին կողմ ենք, բազմամարդ ստորագրահավաք պետք է կազմակեպենք՝ միջազգային ատյաններում դատական հայցեր ներկայացնելու համար։ Եթե մեծաքանակ ստորագրահավաքը կարողանանք կազմակերպել, գոնե գործը հասցնենք միջազգային դատարան, դա արդեն հաղթանակ կլինի։ Եվ կարեւորն այն է, որ այդ հայցը չեն կարող մեր ձեռքից վերցնել, փակել, որովհետեւ այդ հայցը պատրաստողը Արցախի հասարակ քաղաքացիներին են, որոնք ոչ մի կերպ հնարավոր չէ համոզել, որ Արցախի հարցից հրաժարվեն»,- հավելեց նա։
Ռոզա Հովհաննիսյան