Թրամփը չի բացառել Գրենլանդիան եւ Պանաման ուժով վերցնելու տարբերակը, նաեւ գովաբանել է «իր ընկեր» Էրդողանին, որ «տարբեր ձեւերով» իրեն մարդկանց ուղարկել է Սիրիա եւ ուժով վերցրել իշխանությունը։ Ու թեկուզ Կանադայի վարչապետը մերժել է ԱՄՆ-ին միանալու Թրամփի առաջարկը, սակայն նրա հրաժարականը խոսում է նման ընթացքի հավանականության մասին։
Տարածքային հարցերը ուժով լուծելու ԱՄՆ նոր վարչակազմի հակումը՝ քարտ-բլանշ է աշխարհի բոլոր բռնապետերի համար։ Նրանք կանխավ պատրաստակամություն են հայտնում վերցնել այդ քարտ-բլանշը։
Դեռ մինչեւ Թրամփի պաշտոնավարման սկիզբը՝ հունվարի 20-ը Ալիեւը «ուժի իրավունքից» բխող մի քանի հայտարարություն է արել։
«Հայաստանն իրականում սպառնալիքի աղբյուր է տարածաշրջանի համար։ Հայկական անկախ պետությունը, ըստ էության, ֆաշիստական պետություն է։ Որովհետև այս երկիրը մոտ 30 տարի ղեկավարել են ֆաշիստական գաղափարախոսության ջատագովներ»,- ասել է Ալիեւը։ «Ֆաշիզմը պետք է ոչնչացվի։ Կա՛մ Հայաստանի ղեկավարությունը դա պետք է կատարի կամ մենք։ Այլ ելք չկա»,- հավելել է նա:
Ի՞նչ նկատի ունի Ալիեւը, ասելով, որ Հայաստանը պետք է ինքը դա անի։ Միայն մեկ բան՝ հայտարարել երրորդ հանրապետության ավարտը՝ փոխել Անկախության հռչակագիրը, Սահմանադրությունը, հրաժարվել բանակից, զենքից, «բացել» սահմանները եւ Հայաստանը ճանաչել «թյուրքական աշխարհի» խաչմերուկ։ Պետք է ասել, որ ՀՀ կառավարությունն այս ուղղությամբ բազմաթիվ քայլեր արդեն կատարել է։
«Զանգեզուրի միջանցքը» պետք է բացվի և կբացվի», ասել է Ալիեւը, ընդգծելով, որ Հայաստանը չպետք է պատնեշ լինի Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ։
Ալիևը ընդգծել է նաեւ, որ “սորոսականները փաստացի կորցնում են իրենց դիրքերը, ԱՄՆ-ում նրանց դարաշրջանն անցել է, եւ Հայաստանի ղեկավարությունը պետք է հաշվի առնի դա”։
Նա նաեւ ասել է, որ եթե Հայաստանին «խաղաղության պայմանագիր» պետք չէ, Ադրբեջանը հաստատ առանց այդ պայմանագրի կապրի։
Ալիեւը փաստացի ասում է, որ «միջպետական» պայմանագրերն այլեւ ոչինչ չեն նշանակում, ամեն ինչ որոշվելու է «մեծ բաժանման» ժամանակ, եւ այդ բաժանման մեջ ամենակարեւորը՝ ուժի իրավունքն է եւ Թրամփին ընկեր լինելը։
Իսկ այդ ընթացքում Հայաստանում պառակտումը ավելի է խորանում, երկրի փլուզման նախադրյալ դառնալով։