Միրզոյան․ ԵՄ դիտորդները կմնան Հայաստանում

  • 17:29 08.01.2025

«Քանի դեռ խաղաղության պայմանագիրը փաստ չէ, ես անընդհատ էսկալյացիայի հավանականություն եմ տեսնում»,- այսօր հրավիրած ասուլիսում ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով Ալիեւի հայտարարություններին։

«Քանի դեռ մենք տեսնում ենք այսպիսի հռետորաբանություն, ես ինքս անընդհատ էսկալյացիայի հավանականություն տեսնում եմ։ Նաեւ այդ էսկալյացիայի կանխման համար է, որ գոյություն ունեն Եվրոպական միության քաղաքացիական դիտորդները։ Քանի դեռ սահմանին չկա կայունություն, քանի դեռ չունենք սահմանազատված սահման, քանի դեռ մենք ունենք այսպիսի հայտարարություններ, ինչպիսիք մեր զինված ուժերին կրակոցներ արձակելու մեղադրանքներն են, մենք շարունակելու ենք ունենալ երրորդ կողմի չեզոք կարծիք եւ մշտադիտարկում գետնի վրա։ Հետեւաբար, մենք ունենք իրենց կարիքը, ես հուսով եմ, որ ԵՄ-ն կկայացնի որոշում՝ երկրարաձգելու առաքելության ժամկետը, մենք դա կողջունենք»,- ասաց նա։

Արարատ Միրզոյանը նշեց, որ ամբողջ իմաստն այն է, որ ունենանք սահմանազատված սահման ու կայունություն, եւ ապագայում որեւէ դիտորդի կարիք չլինի։

Արարատ Միրզոյանն ասաց՝ քանի դեռ բանակցությունները շարունակվում են, անընդհատ հնարավոր է համարում «խաղաղության պայմամագրի» ստորագրումը։ «Դուք հարցնում եք ինձ՝ իսկ Ադրբեջանը ուզո՞ւմ է, թե՞ չէ, ըստ ամենայնի մինչեւ այս պահը երեւի թե չէ, որովհետեւ մենք ուզում էինք, եթե ուզեր, կստորագրվեր։ Երեւի թե չի ուզում, արդյոք սա նշանակո՞ւմ է այս պատմության ավարտ, կարծում եմ, որ ոչ։ Մենք ունենք երկու երկիր, մեկը մենք են, եւ մյուս երկիրը, որը չի ուզում խաղաղություն, ասենք թե հանդես է գալիս ագրեսիվ հայտարարություններով, քո գործողությունները որո՞նք են։ Վերցնել, նույն ձեւ հակադարձե՞լ՝ իմանալով, որ եթե պատմությունը շատ զարգացավ, դու, մեղմ ասած, շահեկան վիճակում չես հայտնվելու։ Կամ գուցե հենց այդպես էլ մտածած է շատ խոշոր շնաձկների կողմից, որ այդ խայծը կուլ տաս, եւ իրենք քեզ միանգամից կուլ տան։ Գուցե պետք չէ միանգամից գնալ այդ ուղղությամբ եւ ոչ էլ պետք է հանձնվենք, հետեւաբար պետք է շարունակենք աշխատել, ջանքեր գործադրել։ Մենք իսկապես ուզում ենք Հարավային Կավկասում ունենալ խաղաղություն, Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորում, մենք իսկապես ուզում ենք բաց սահման Թուրքիայի հետ, իսկապես ուզում ենք, որ Հայաստանի տարածքով կարողանան ադրբեջանական ու թուրքական բեռներ անցնել»,- հավելեց նա։

Անդրադառնալով հայերին ֆաշիզմի մեջ մեղադրելու Ալիեւի հայտարարություններին՝ Արարատ Միրզոյանն ասաց․ «Մեծ է գայթակղությունը անմիջապես արձագանքելու եւ հրապարակային ներկայացնելու անհերքելի փաստեր ու հայտարարություններ, որ Ադրբեջանում խրախուսվում է ֆաշիստական վերաբերմունքը հայերի նկատմամբ։ Բայց ես ձեռնպահ կմնամ ու կառաջարկեմ գնահատել, թե ինչո՞ւ են նման հայտարարություններ արվում։ Գուցե նրանք պարզապես ուզում եմ լսել պատասխան հայտարարություննե՞ր, ընդհուպ իրական կրակոցներ ու էսկալյացիա։ Չեմ կարծում, որ սա լավագույն ուղին է։ Մեզ ամուր նյարդեր են պետք, որ չշեղվենք խաղաղության օրակարգից»,- ասաց նա։

Միրզոյանը նշեց նաեւ, որ «խաղաղության պայմանագրի» նախագծում առկա 17 կետերից 15-ը համաձայնեցված են Բաքվի հետ․ «Տեսնենք ինչպիսին կլինի ադրբեջանական կողմի պատասխանի այն երկու հոդվածների առնչությամբ։ Մենք վստահ ենք,որ փոխընդունելի լուծումներ ենք առաջարկել ադրբեջանական կողմին, լուծումներ, որոնք հնարավորություն կտան հնարավորինս հիմնարար ու ամբողջական լուծում տալ գոյություն ունեցող խնդիրներին»։

 

f