Եթե Ադրբեջանն այսպես կոչված «անկլավ-էքսկլավների» հատվածում սահմանազատում իրականցնելու պահանջ ներկայանցնի առաջիկայում, հայկական կողմի դիրքորոշումը ո՞րն է լինելու, հարցին այսօր հրավիրած ասուլիսում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պատասխանեց․ «Կանոնակարգը, որը ստորագրվել է երկու երկրների կողմից, հրապարակային փաստաթուղթ է, այնտեղ ամեն ինչ գրված է։ Անկլավների մասին առանձին դրույթ կա մեր միջեւ ավելի վաղ ստորագրված փաստաթղթերում։ Գիտենք, որ ՀՀ-ն ունեցել է անկլավներ Ադրբեջանում, գիտենք, որ եղել են ադբեջանական, ընդունված է ասել, անկլավներ Հայաստանի տարածքում։ Սրանք քաղաքական իրողություններ են, բայց գոյություն ունի հարցի իրավական մասը։ Ես կարծում եմ, որ հանձնաժողովներին պետք է ժամանակ տանք նաեւ այդ հարցով զբաղվելու։ Չեմ կարծում, որ երկու երկրներն պատրաստ են այս պահին այդ հարցը քննարկելու»։
Արարատ Միրզոյանը հավելեց, որ աշխարհագրական վայրը, որտեղից երկուստեք ընկալում կա շարունակել աշխատանքները, մի փոքր այլ է եւ պակաս ռիսկային։ Միրզոյանը չմանրամանեց, թե որ հատվածի մասին է խոսքը․ «Հիմա որ ասեմ Հայաստանի ամենահյուսիսային կետից կամ ամենահարավային կետից, իքս գյուղից, դա շատ բան չի փոխելու։ Դուք անկլավներից եք խոսում, ես ասում եմ՝ այդպիսի պայմանավորվածություն չկա։ Ճիշտ հակառակը, ընդհանուր առմամբ կա ընկալում՝ բոլոր հարցերը քննարկել ավելի ուշ փուլերում»։
Հարցին, թե հնարավո՞ր է սահմանազատում իրականացվի այն հայտվածներում, որտեղ ՀՀ տարածքներն օկուպացված են, Արարատ Միրզոյանը պատասխանեց․ «Ես այս փուլում՝ ի շահ սահմանազատման եւ ի շահ աստիճանական կայունացման, ավելի պակաս պոտենցիալ հակասությունների բերող կամ սրող տեղից կշարունակեի սահմանազատումը։ Բայց սա սահմանազատման հանձնաժողովների որոշելիքն է»։
«Արեւմտյան Ադրբեջանը Ադրբեջանի արեւմտյան շրջաններն են, Հայաստանի տարածքը անվանել «Արեւմտյան Ադրբեջան», արդեն իսկ խոսում է Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ հավակնությունների մասին»,- ասաց Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով Ալիեւի հայտարարություններին, թե ՀՀ իշխանությունները պետք է հանդիպեն այսպես կոչված «Արեւմտյան Ադրբեջանի համայնքի» ներկայացուցիչների հետ։ Միրզոյանը նշեց, որ երկկողմ հանդիպումներում նման հարց իրենց օրակարգում չկա։ ԱԳ նախարարի խոսքով՝ այսպես կոչված «Արեւմտյան Ադրբեջանի» համայնքի կանոնադրական փաստաթղթերում կան սպառնալիքներ ՀՀ ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության նկատմամբ։
«Այնպես որ սա հերթական շինծու եւ հավակնոտ, առավելապաշտական նախագիծն է, որը հովանավարվում է Ադրբեջանի իշխանությունների կողմից։ Մյուս կողմից, մենք երբեք չենք թաքցրել, որ խորհրդային շրջանում Հայաստանում ապրել են ադրբեջանցիներ եւ նրանք հեռացել են Հայաստանից ԽՍՀՄ փլուզման գործընթացին զուգընթաց։ Բայց ուզում եմ ընդգծել մի ուշագրավ եւ անվիճարկելի հանգամանք՝ նախ Հայաստանից ադրբեջանցիների ճնշող մեծամասնությունը հեռացել են բավական քաղաքակիրթ ճանապարհով, կարող եմ անգամ թվեր բերել՝ 100 ընտանիք կարողացել է վաճառել իր բնակարանը, 12 հազար ընտանիքից ավելի կարողացել են փոխանակել բնակարանները Ադբեջանում ապրող հայերի հետ եւ 160 հազարից ավելի ադրբեջանցիներ, ովքեր հեռացել են ՀՀ-ից, Հայաստանի կառավարությունից ստացել են փոխհատուցում։ Հետեւաբար, այստեղ իրավունքներն էլ են սպառված։ Մենք կարող ենք զուգահեռ տանել Ադրբեջանում, ապրած շուրջ 500 հազար հայերի ճակատագրի հետ, հիշել Բաքվի ջարդերը, Սումգայիթի ջարդերը, մյուս հալածանքները»,- ասաց Միրզոյանը։
2025. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: