Step1.am-ի զրուցակիցն է քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը։
-Պարոն Ղուկասյան, Ալիեւի հայտարարությունները եւ Հայաստանի իշխանության արձագանքը ի՞նչ են ցույց տալիս։
-Սա առնվազն ցույց է տալիս, որ 2025 թվականին խաղաղության պայմանագիր չի կնքվելու։ Առնվազն ինձ համար դա ի սկզբանե պարզ էր, որովհետեւ Հայաստանի այսօրվա իշխանությունները որեւէ լծակ չունեն՝ ազդելու Ադրբեջանի վրա։ Իսկ Թուրքիան, Ռուսաստանը, Ադրբեջանը խաղաղության մեջ հետաքրքրված չեն տարբեր պատճառներով։ Եվ այս իրավիճակը դժվար չէր կանխատեսել։
-Առաջիկայում էսկալյացիայի վտանգ կա՞։
-Ի՞նչ է նշանակում հրաժարվել խաղաղություն հաստատելուց, դա նշանակում է պահպանել ռազմական գործողությունների տեսական հնարավորությունը։ Քանի որ չկա խաղաղության հասնելու հնարավորությունը, այդ տեսական վտանգը գործում է, քաղաքական գործոն է դառնում, ներքին եւ արտաքին առումով ազդեցության որոշակի ռեսուրս է։ Թուրքիան, Ռուսաստանը եւ Ադրբեջանն այդ ռեսուրսը ցանկանում են պահպանել։
–Իսկ դա կանխելու ի՞նչ հնարավորություններ կան։
-Կառավարության այսօրվա որոշումը՝ Եվրամիության հետ եվրաինտեգրման գործընթացի մեկնարկի վերաբերյալ, ուշացած է։ Այդ որոշումը պետք է կայացվեր անցյալ տարի հունվարին, եւ այդ դեպքում մենք հնարավորություն կունենայինք Եվրամիության լծակներն օգտագործել Ադրբեջանին խաղաղության բերելու համար։ Եվրամիությունն ունի բավարար ռեսուրս՝ Ադրբեջանին պարտադրելու խաղաղություն։ Եվրամիությունն ունի բավարար ռեսուրս՝ Ադրբեջանին պարտադրելու Արցախի հարցի կարգավորում, այսինքն՝ հանձնել Արցախը միջազգային կառավարման, միջազգային զորքերի անվտանգության ներքո ապահովել փախստականների վերադարձը։ ԵՄ-ն ունի այդ բոլոր ռեսուրսները, եւ Եվրամիության հետ հնարավոր է կառուցել քաղաքականություն, որը եւ խաղաղություն կհաստատի, եւ Արցախում մեր հայրենակիցների ինքնորոշման իրավունքի իրացման հնարավորությունը կապահովի։ Դրանք իրար հակասող խնդիրներ չեն։ Այսօրվա իշխանությունն ի վիճակի չէ դա անել, դրա համար ունենք այն, ինչ ունենք։
-ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը երեկ նաեւ հայտարարեց, որ Եվրամիության քաղաքացիական դիտորդների ներկայությունը Հայաստանում անհրաժեշտություն է։ Սա ինչպե՞ս եք գնահատում։
-Արարատ Միրզոյանին ոչ ոք չի հարցնում՝ նրանք կմնան Հայաստանում, թե չեն մնա։ Այդ հարցում գործում է հակառակ ուժը․ նույնիսկ եթե Արարատ Միրզոյանն ու Նիկոլ Փաշինյանը ցանկանան դուրս բերել ԵՄ դիտորդներին Հայաստանից, դա իրենց մոտ չի ստացվի։ Ոչ բոլոր ցանկություններն են իրականանալի։
-Տեղեկություն եղավ, որ հաջորդ շաբաթ հնարավոր է ԱՄՆ-Հայաստան ռազմավարական համագործակցության փաստաթուղթ ստորագրվի։ Բաքվից հնչող հայտարարությունները կապվա՞ծ են այդ տեղեկության հետ, եւ ի՞նչ հնարավորություն եք տեսնում այդպիսի փաստաթուղթ կնքելու հարցում։
-Կարծում եմ՝ այո, դա կարող է դառնալ կարեւոր հանգամանք։ Չնայած հրապարակումը, որը վերջերս եղավ, վկայում է, որ վստահություն չկա, որ այդ համաձայնագիրը կկնքվի։ Եթե նման համաձայնագիր ստորագրվի, շատերի համար դա Հայաստանում նույնիսկ կարող է անակնկալ լինել, որովհետեւ մարդիկ պարզապես անպատրաստ են նման գործընթացի։ Դա վկայում է, որ այսօրվա իշխանությունը չունի ռեսուրս՝ վարելու բաց, թափանցիկ, ազնիվ ու բոլորին հասկանալի քաղաքականություն։
Ալիեւի հարցազրույցը, որն այդքան աղմուկ բարձրացրեց, իր մեջ պարունակում էր մի տեղեկություն, որ 2020 թվականի պատերազմի ժամանակ Ֆրանսիան մտադրություն ուներ ճանաչել Արցախի Հանրապետությունը։ Ինձ համար դա կարեւոր դետալ է՝ Ալիեւի շուրթերից հնչող, որովհետեւ 4 տարի անձամբ ինձ մեղադրում են, որ հայ ժողովրդի մոտ ստեղծում եմ սպասումներ, որոնք իրականում գոյություն չունեն, որ Հայաստանը բարեկամ չունի։ Իսկ այդ փաստը մեծ նշանակություն ունի եւ վկայում է, որ եւ ԱՄՆ-ն, եւ Ֆրանսիան բազմաթիվ առաջարկներ են անում Հայաստանին։ Այդ առաջարկությունները իրականություն չեն դառնում կամ մասնակի են դառնում իրականություն Հայաստանի իշխանությունների պատճառով, այլ ոչ թե այդ պետությունների։ Եվ այդ ամբողջ նարատիվը, որն այս տարիներին շրջանառության մեջ է դրված ու ամենաբարձր ամբիոններից հնչում է, թե Արեւմուտքը ցանկություն չունի Հայաստանին օգնելու, իրականությանը չի համապատասխանում։ Ալիեւի այդ հայտարարությունները դրա ապացույցն են։ Հայաստանը կարող էր ունենալ այլընտրանքային քաղաքականություն 2020 թվականի պատերազմի ժամանակ, կարող էր ճանաչել Արցախի Հանրապետությունը, եւ բոլոր գործընթացները լիովին այլ ընթացք կունենային։ Բայց իշխանություններն ընտրեցին որոշակի ճանապարհ եւ փորձում են ներկայացնել, թե իբր դա միակ ճանաապարհն է։ Բայց դա իրականությանը չի համապատասխանում։
Ռոզա Հովհաննիսյան
2025. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: