«Մենք պետք է հետ գնանք, որովհետև դա մեր իրավունքն է». Դրմբոնի նախկին գյուղապետ

  • 18:54 10.01.2025

Forrights

73- ամյա Սուրեն Շաբոյանը շուրջ 36 տարի Արցախի Մարտակերտի շրջանի Դրմբոնի գյուղապետն էր։ Նրա երկու որդիներն ու թոռը մասնակցել են արցախյան պատերազմներին։ Ի դեպ թոռը՝ Սուրենը, որ Երևանում ուսանող է, գիրք է գրել պատերազմի մասին։  Սուրեն Շաբոյանը 16 տարեկանում ընդունվել  է ՀՀ պոլիտեխնիկական ինստիտուտ և ուսանողության տարիներին միացել Հովհ. Շիրազի մասնակցությամբ կազմակերպված Արևմտյան Հայաստանի պատմական արդարության վերականգնման համար պայքարող երիտասարդներին։ Արդյունքում նրան հեռացրել են իստիտուտից և նա ավարտել է Հիդրոմելիորացայի տեխնիկումի հողաշինարարական բաժինը ու  որպես գեոդեզիստ աշխատանքի անցել Սարսանգի հիդրոկառույցում։ Աշխատել է նաև Միրբաշիր քաղաքի ճանապարհաշինարարության ոլորտում։

«1982թ. Դրմբոնի հասարակության և շրջանի կուսշրջկոմի քարտուղարի պահանջով նշանակվել եմ գյուղական խորհրդի գործկոմի նախագահ։ Հեռու մնալով կաշառքից՝ ձգտել եմ պահպանել արդարությունը և շրջանի ղեկավարությանը հայտնելով իմ տեսակետը։ 2016թ. քառօրյա պատերազմից հետո շրջանի խորհրդի նիստին առաջարկում էի շինարարության գումարները կրճատել և ուղղել քաղպաշտպանությանը, որ հետագա պատերազմներին տանուլ չտանք։ Բոլորս էլ սխալներ ենք ունեցել ու մեր սխալները չպետք է բարդենք ուրիշ ազգերի վրա»,-վրդովված վերհիշեց նախկին գյուղապետը։

2019թ. մարտի 1-ից Սուրեն Շաբոյանը գյուղապետի իր տեղը զիջեց երիտասարդի՝ Աշոտ Հակոբյանին։ Վերհիշելով իր ապրած տարիներն Արցախում, նա համոզված է, որ պայքարը պետք է ազգովի շարունակվի ու վաղ թե ուշ հետվերադարձ լինելու է։

«Այսօր մենք անելանելի վիճակում ենք։ Թուրքն անընդհատ խոսում էի իր տարածքների մասին, իսկ հայը Արցախի և Բաքվում գտնվող մեր գերիների մասին խոսք չի ասում, էս ինչա՞ կատարվում, միանգամից հանձնվե՞նք։ Լավ է մահանալ հողի կարոտով, քան թե ենթարկվել թուրքին ամոթով։ Մենք արժեքներ ենք թողել, այս պահին ոչնչացվում են մեր եկեղեցիներն ու սրբությունները, մեր պատմությունն ու մշակույթը։ Պապս ապրել է 100 տարի։ Նա Անդրանիկի զորքում էր ծառայում և Սարդարապատի ճակատամարտում արցախցիներով իրենց ուրույն ներդրումն են ունեցել։ Իսկ ինձ այսօր ասում են՝ դուք եկվոր եք։ Էս ի՞նչ եք խոսում։ Ասում են ինտեգրվեք, բա ինչո՞ւ մեկ հրամանով 070 կոդի անձնագրերով արցախցիներին չեք համարում Հայաստանի քաղաքացիներ։ Արհեստական խոչընդոտներ են ստեղծում։ Ես նույնիսկ իմ փաստաթղթերը, տան վկայականները չեմ կարողացել վերցնել գյուղից։ Չէի հավատում, որ պիտի դուրս գանք։ Միայն մի բուռ հող եմ հասցրել վերցնել»,-նեղսրտած ասաց մեր զրուցակիցը։

2023թ. սեպտեմբերի 19-ին Դրմբոնը ևս հայտնվեց արկակոծությունների տակ։ Արկերից մեկն ընկել է Արցախբանկի մոտ, որտեղ աշխատում էր Ս. Շաբոյանի հարսը։ Խուճապ սկսվեց։

«Դպրոցականներ լացելով տուն էին վազում։ Մեր հարևանի երեխային մի կերպ հանգստացրինք և նկուղ իջեցրինք։ Անընդհատ արկակոծում էին։ Ու լուրեր եկան, թե պետք է բնակչությանը տարհանել։ Տղաս զանգեց, թե՝ պապ աղջկադ ու չորս երեխաներին շուտափույթ հանիր, փեսաս էլ դիրքերում էր։ Շրջափակման ժամանակ մարդկանց հուսադրում էի, որ ամեն ինչ լավ կլինի ու ինչ ունեի՝ կիսվում էի գյուղացիների հետ՝ ափսոսալով, որ քաղաքացիներին չեմ կարողանում օգնել։ Մենք չէինք պատկերացնում, որ պատերազմի նույն օրը պիտի տարհանվենք։ Թոռս Սրխավենդի դիրքերում էր, բոլոր դիրքապահներից տեղեկություն ունեինք, իսկ նրանից ոչ մի լուր։ Խիստ անհանգիստ էինք ու այդ գիշեր չքնեցինք։ Առավոտյան պետք է գյուղը լքեինք։ Մեր տղաներն էլ դիրքերում էին ու մինչև վերջ պայքարում էին, իսկ այսօր մեզ ասում են՝ թե Արցախը հանձնել եք, բայց իրականում Հայաստանի ղեկավարությունն է հանձնել» ,-վշտացած խոսեց ամբողջ կյանքը Դրմբոնում ապրած արցախցին։

Նրա խոսքով՝ սեպտեմբերի 20-ին Դրբոնի գյուղապետի խնդրանքով տղան՝ Սասունը, հետ է վերադարձել և գյուղում մնացած հաշմանդամներին նստեցրել իր «Սպրինտերի» մեջ, որ տարհանի ու այդ պահին հաղորդել են, թե ներքևի խաչմերուկում թուրքերը կանգնած են։ Մի կերպ ուրիշ ճանապարհներով նա արկակոծված մեքենայով տարհանեց հաշմանդամներին։

«Այդ նույն օրն էլ թոռս վերջապես տեղեկացրեց, որ  դիրքերում է՝ բայց ընկերներով երդվել են, որ մինչև վերջ պահելու են դիրքը։ Սակայն հետո նրանց ևս ստիպել են հեռանալ և ամենավերջում են դուրս եկել Խաչենի ձորակից։ Մի քանի օր մնացինք Ստեփանակերտի 6-րդ դպրոցում ու հետո լուրեր պտտվեցին, որ ճանապարհը փակում են և պետք է դուրս գանք։ Տղաս իր ավտոմեքենաներից մեկում տեղ է տվել ստեփանակերտցի մի ընտանիքի և նրանց փրկել»,-տեղահանության իրենց պատմությունը ներկայացրեց մեր զրուցակիցը։

Սուրեն Շաբոյանը տեղահանության ժամանակ օգնել է նաև Հաթերքից տեղափոխված ընտանիքների։ Գաղթի ճանապարհին նրա կինը հաց էր թխել և եղած- չեղածով կիսվել մյուսների հետ։ Փայտից գդալ էր պատրաստել և մեղր բաժանել մարդկանց։ Սեպտեմբերի 26-ին նրանք հասել են Գորիս, հետո Մարտունի, այնուհետև Սևան, իսկ այժմ կնոջ հետ ապրում է Երևանում՝ քրոջ տանը։ Նրա քույրը մահացել էր կորոնավիրուսի հետևանքով, իսկ ամուսինը հիվանդացել էր և խնամքի կարիք ուներ։ Նախկին գյուղապետը հարազատների հորդորով տեղափոխվել է քրոջ տուն և վեց ամիս կնոջ հետ խնամել հիվանդ տղամարդուն։ Անբուժելի ծանր հիվանդությունից հետո մեկ ամիս առաջ մահացել է նաև քրոջ ամուսինը։

«Այսօր մեր հերոսներին նսեմացնում են, իսկ հարկ վճարողին հերոսացնում։ Այնինչ հարկ վճարելը քաղաքացու պարտականությունն է։ Իսկ յուրաքանչյուր մարդ ունի իրավունք և պարտականություն։ Ինքը լինելով վախկոտ, մեզ է վախեցնում ՝ հայ ազգը տանելով կործանման։ Նա պետք է հեռանա։ Ասեմ նաև, որ բազմակուսակցությունը  երկրի քայքայման հիմնաքարն է։ Ես մեծ հույսով սպասում եմ հետվերադարձին, որովհետև դա մեր իրավունքն է ու ոչ մեկն իրավունք չունի այն խլելու։ Մենք պետք է հետ գնանք։ Հայը էսքան նսեմացած կլինի՞, ամաչում եմ ասել, որ հայ եմ։ Չորի հետ թացն էլ է վառվում։ Աշխարհը փոխվել է, մարդիկ շատ են չարացել, բայց արցախցին ի ծնե հոգով նույնն է մնացել։ Աթարին կպած կրակը շատ դժվար է մարվում, Արցախում ապրած մարդը ուրիշ տեղ չի հարմարվում։ Ով իր ազգին անթերի է ծառայում, նրա առջև ողջ ազգն է ծառայում։ Ես խոնարհվում եմ մեր բոլոր  նահատակաների և նրանց հարազատների առջև։ Մենք պետք է միավորվենք։ Երբեք արցախցին ոչ ոքի չի ենթարկվել, բացի իր կամքից ու այսօր կամա թե ակամա, կռվով թե հաշտությամբ պետք է մեր իրավունքները վերականգնենք»,- հավելեց Դրմբոնի նախկին գյուղապետը։

Զառա Մայիլյան

f