1990 թվականի Բաքվի Սև հունվարին նախորդել է մարդասպանների և ջարդարարների անպատժելիությունը
Չնայած այն ժամանակվա խորհրդային մամուլը ամեն կերպ փորձում էր թաքցնել և խեղաթյուրել նախկին Ադրբեջանական ԽՍՀ-ում կատարվողը, արտասահմանյան մամուլը բավականին անկեղծ էր։ Այդուհանդերձ, անգամ խորհրդային լրատվամիջոցներում երբեմն հայտնվում էին ճշմարտացի նյութեր և հաղորդումներ։
Ստորև ներկայացնում ենք որոշ հատվածներ այն ժամանակվա խորհրդային և արտասահմանյան մամուլում տպագրված հոդվածներից և ականատեսների վկայություններից։ Դրանք հստակ պատկերացում են տալիս այն մասին, թե ինչ էր կատարվում “ինտերնացիոնալ” Ադրբեջանական ԽՍՀ-ում 1990 թվականի «սև հունվարին» նախորդող ժամանակաշրջանում։
«Այժմ ես գիտեմ, թե ինչ էին զգում Գերմանիայի հրեաները 1938 թ.
(Իսրայել գաղթած նախկին բաքվեցիի օրագիրը), KRUG Weekly, Թել Ավիվ, 23.07.1989թ.
22.11.88թ. «Արդեն վեցերորդ օրն է, ինչ մարդիկ շուրջօրյա բողոքի ցույց են անում հրապարակում, բայց եթե 4 օր ամեն ինչ սահմանափակվում էր հրապարակով, ապա երեկ ամեն ինչ թափվեց քաղաք։ Մարդկանց ամբոխը թափառում էր՝ գոռալով «Ղարաբաղ», «Սումգայիթ» եւ այլն։ Իրանցի մահապարտների պես թեւկապներով տղերք են շրջում… Առավոտյան Արմենիքենդում արդեն քարեր էին նետում, հիմա էլ ասում են, որ արդեն մեքենաներ են շուռ տալիս… Հրապարակում հսկայական բազմություն է հավաքվել։ Էնտուզիաստներն այնտեղ խմում են, ուտում ու քնում։ Գիշերը կրակ են վառում։ Բուլվարում կտավե վրաններ էին, մեկում՝ շտաբը՝ գանձապահի հետ, մյուսում՝ հացադուլավորները։ Ցուցարարներին անվճար սնունդ ու խմիչք են տալիս, իսկ ըստ լուրերի՝ Զեյնաբ Խանլարովան նվեր է ուղարկել մի բեռնատար սերվելատ։ Պատվո տախտակը, առաջնորդների դիմանկարների մետաղական կոնստրուկցիաները ծածկված են կարգախոսներով՝ «Հայե՛ր, հեռացե՛ք Ադրբեջանից», «Հայե՛ր, հեռացե՛ք», «Ազատություն Ախմեդովին» (նա Սումգայիթյան մարդասպանն է, նրա հսկայական դիմանկարը կախված է կառավարության վրա): Մոտակայքում կախված են Խոմեյնիի, իսկ նրա կողքին՝ Ալիևի և Մուսլիմ-զադեի (ԽՄԿԿ Սումգայիթի քաղաքային կոմիտեի առաջին քարտուղար, 1988 թվականի փետրվարին Սումգայիթում հայերի զանգվածային ջարդերի կազմակերպիչներից մեկը, – խմբագիր) դիմանկարները։
Ցուցարարների մեջ ես տեսա ծաղրանկարներով պաստառներ՝ սրընթաց ադրբեջանցին իր տնից դուրս է մղում ստոր արտաքինով, կարմիր քթով հայերին, որոնց մեջ մի կին կար՝ կախած կրծքերով և վզին խաչով»։
23.11.88 «Երեկ տեղական հեռուստատեսությունը (կենտրոնականը լռում է, ինչպես Զոյա Կոսմոդեմյանսկայան) հրապարակում ցույց տվեց հանրահավաքը։ Պաղեստինցի եղբայրները ամբիոնից խոսեցին։ Նրանք, ըստ երևույթին, հրավիրված էին կիսվելու իրենց փորձառությամբ… Այժմ ես գիտեմ, թե ինչ էին զգում գերմանացի հրեաները 1938թ.։ Վերջերս այնտեղ, որտեղ ես աշխատում եմ, Խոմեյնիի նման մի տիկին, շրջվելով դեպի ինձ, թրթռում էր. «Հայաստանի ողջ պատմությունը զզվելի է»։ Սումգայիթի վերաբերյալ տիկինն ասաց. «Սումգայիթը քաղաք է, որտեղ ադրբեջանցիները հերոսաբար պաշտպանել են հայերին»։ Կոտորածը, բնականաբար, հրահրվել է հայ սադրիչների կողմից։ Հայերը ամբաստանյալներին հանձնեցին ՌՍՖՍՀ-ին՝ իրենց կեղտոտ գործերը թաքցնելու համար։ Թերթերում մի հոդված հայտնվեց աշխարհասփյուռ հայկական դավադրության մասին»։
Շարունակությունն այստեղ