“Հիմնական խնդիրները տան արժեքի մասով են”․ 434 հավաստագիր է տրամադրվել

  • 17:54 13.01.2025

Step1.am-ի զրուցակիցն է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության տարածքային ստորաբաժանումների առանձին գործառույթների համակարգող խորհրդական Գայանե Ղարագյոզյանը։

Տիկին Ղարագյոզյան, Արցախից բռնի տեղահանված քանի՞ ընտանիք է դիմել բնակապահովման ծրագրից օգտվելու համար, քանի՞ հավաստագիր է տրամադրվել եւ քանի՞ ընտանիք է այսօրվա դրությամբ բնակարան կարողացել ձեռք բերել։

-Այսօրվա դրությամբ տրամադրել ենք 434 հավաստագիր, դիմումների մի մասը մերժվել են, որովհետեւ ընտանիքի առնվազն մեկ անդամը ծրագրի որեւէ պայմանի չի բավարարել։ Բայց դա խնդիր չէ, իրենք կարող են կարգավորել խնդիրները եւ նորից դիմել։ Ենթադրենք, ընտանիքի մի անդամը չունի քաղաքացիություն, կարող են ստանալ ու նորից դիմել։ Մերժված դիմումների թիվը 500-ից ավելի է, այդ թվում՝ շահառու ունենք, որ մի քանի անգամ է մերժվել։ Հաստատված 434 դիմումից 373-ը ձեռքբերման բաղադրիչով է, 20-ը՝ բնակարանի կառուցման եւ 41-ը՝ գործող հիփոթեքի մարման աջակցության բաղադրիչով։ Այս պահին ունենք իրացված շուրջ 13 հավաստագիր, որովհետեւ գործընթացը նոր է մեկնարկել, եւ այդ 13-ից արդեն առք ու վաճառքը եղել է, մյուսների մոտ մոտ հիփոթեքային վարկավորման գործընթացը վերջին փուլում է, մինչեւ ամսվա վերջ, կարծում եմ, արդեն գործարքները կլինեն։

Ուսումնասիրություն իրականացրե՞լ եք, արդեն բնակարնների ձեռք բերման փուլում մարդիկ ի՞նչ դժվարությունների են հանդիպում։

-Որպես այդպիսին օբյեկտիվ խոչընդոտներ չունենք։ Հիմնական խնդիրները տան արժեքի մասով են, երբ շահառուները նախընտրում են 3 մլն արժողությամբ բնակավայրերը, մասնավորապես, Երեւանը կամ երեւանամերձ բնակավայրերը։ Եվ փոքր կազմով ընտանիքների դեպքում իրատեսական չէ, որ կտեղավորվեն հավաստագրի շրջանակում։ Այստեղ կպահանջվի իրենց ֆինանսական մասնակցությունը, եւ իրենց մոտ կլինեն խնդիրներ։ Եթե հավելյալ վարկի մասին են խոսում, ապա բանկը պետք է որոշի՝ իրենց հավելյալ վարկ տալ, թե ոչ՝ հաշվի առնելով իրենց վարկունակությունը։ Այստեղ մի փոքր խնդրահարույց հարցեր կան՝ կապված իրենց վարկային պատմության ու վարկունակության հետ։ Սուբսիդավորման եւ հավաստագրի իրացան մասով օբյեկտիվ որեւէ խոչնդոտ չկա այս պահին, այսինքն՝ կա հավաստագիր, կան բնակավայրերի ցանկերը, մնում է շահառուները կատարեն իրենց ընտրությունը եւ մոտնեան բանկ։

-Այդուհանդերձ, արցախցիներն ակտիվ չեն դիմում այս ծրագրից օգտվելու համար, ինչո՞ւ, վերլուծե՞լ եք։

-Հակառակի պես արդեն ակտիվացել են, որովհետեւ պասիվությունը տարեվերջի դրությամբ էր, բայց դեկտեմբերի կեսերից արդեն կար ակտիվություն։ Մեզ մոտ օրական մինչեւ 10-ի հասնող հավաստագիր ենք հաստատում։ Եվ վստահ ենք, որ առաջիկա ամսում այդ թիվը կմեծանա, որովհետեւ քաղաքացիության համար դիմած քաղաքացիների հոսքով էլ է դա պայմանավորված։ Այսինքն՝ դիմում են, ստանում քաղաքացիություն, այնուհետեւ դիմում են մեզ։

-Բայց մենք գիտենք, որ ծրագրի հիմքում որպես պարտադիր պայման դրված ՀՀ քաղաքացիություն ստանալու դրույթն է նաեւ մարդկանց վանում։ Շատերը չեն ուզում ՀՀ քաղաքացիություն ստանալ, քանի որ ասում են՝ իրենք արդեն իսկ ունեն ՀՀ անձնագրեր։ Հնարավո՞ր է այս դրույթը վերանայվի առաջիկայում։

-Քաղաքացիության դրույթը վերանայման ենթակա չէ, այլ փոփոխություններ նախատեսվում են։ Քաղաքացիության դրույթի վերանայման մասով քննարկում անգամ չկա, դա վերջնական որոշում է, ենթակա չէ փոփոխման։ Նշեմ նաեւ, որ վերաբերմունքն այդ պայմանի նկատմամբ արդեն էական փոխվել է։ Դա է փաստում դիմումների թվի աճը։

Ռոզա Հովհաննիսյան