Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը կապող միջանցքում արդեն ութ ամիս փոխադրումների սահմանափակումն ու ամբողջական շրջափակումը հանգեցրել է ներկայիս ճգնաժամի։ Այս մասին օգոստոսի 16-ին Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման թեմայով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ում Ֆրանսիայի պատվիրակության ներկայացուցիչ Նատալի Բրոդհերսթը։
«Այդ միջանցքի շրջափակումը շարունակում է մեկուսացնել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը ամբողջ աշխարհից։ Ընդ որում, նման իրավիճակն արդարացնելու լեգիտիմ պատճառներ չկան, այն հակասում է միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքներին։
Այս իրավիճակը գազի եւ էլեկտրաէներգիայի մատակարարման խափանումների, ինչպես նաեւ ջրի դեֆիցիտի հետ մեկտեղ բնակչության համար դժվարություններ է առաջացնում, իսկ վառելիքի պակասը խանգարում է գյուղատնտեսական աշխատանքներին, եւ դա խորացնում է հումանիտար ճգնաժամը: Նկատվում է նաեւ դեղորայքի լայնածավալ դեֆիցիտ։
Ֆրանսիան ցավում է ԿԽՄԿ-ի եւ այլ հումանիտար դերակատարների գործունեությունը սահմանափակելու եւ խոչընդոտելու համար։ Դա անընդունելի է։
Մարդասիրական իրավիճակի ծանրության լույսի ներքո Ֆրանսիան կոչ է անում անվերապահ եւ անհապաղ վերականգնել ապրանքների, մարդկանց ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով երկու ուղղություններով եւ կոչ է անում գազի եւ էլեկտրաէներգիայի շարունակական մատակարարում ապահովել։
Մեր վերջին նիստից ի վեր Միջազգային դատարանը հրապարակել է 2023 թվականի փետրվարի 22-ի որոշումը, որը մատնանշում է ժամանակավոր պարտադիր միջոցները, որոնք Ադրբեջանից պահանջում են, ռասայական խտրականության բոլոր ձեւերի վերացման միջազգային կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների համաձայն, ձեռնարկել բոլոր միջոցները Լաչինի միջանցքով անձանց, տրանսպորտային միջոցների եւ ապրանքների տեղաշարժն ապահովելու համար։
2023 թվականի հուլիսի 6-ի իր վճռով դատարանը հաստատել է փետրվարի 22-ի վճռում նշված միջոցների անհապաղ ընդունման անհրաժեշտությունը»,-նշել է Բրոդհերսթը։
Նա հավելել է, որ Ֆրանսիան կրկին կոչ է անում Ադրբեջանին կատարել միջազգային պարտավորությունները եւ իրականացնել միջանկյալ միջոցներ, որոնք նշված են Միջազգային դատարանի կողմից:
«Ֆրանսիան կոչ է անում մարդասիրական կազմակերպությունների եւ ՄԱԿ-ի հաստատությունների համար ապահովել անհապաղ, ազատ եւ անարգել մուտքը եւ բացել Լաչինի միջանցքը։
Ֆրանսիան շարունակում է հավատարիմ մնալ տարածաշրջանում երկարաժամկետ եւ կայուն խաղաղության որոնմանը։ Այս կապակցությամբ Ֆրանսիան կոչ է անում վերսկսել բանակցությունները, որոնք ուղղված են մնացած հարցերի կարգավորմանը, ներառյալ Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքներն ու երաշխիքները:
Նման կարգավորումը հնարավոր է միայն երկխոսության միջոցով եւ բացառում է ուժի ցանկացած կիրառում կամ ուժի կիրառման սպառնալիք:
Եվրամիության հետ միասին Ֆրանսիան շարունակելու է ջանքերը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկխոսությանն աջակցելու ուղղությամբ։ Մենք լիովին աջակցում եւ մասնակցում ենք ԵՄ-ի կողմից ղեկավարվող միջնորդական ջանքերին։ Մենք աջակցում ենք բանակցությունների շրջանակներում բոլոր հարցերում առաջընթացի որոնմանը, ներառյալ խաղաղության պայմանագրի նախագիծը, սահմանների դելիմիտացիան, հումանիտար հարցերը եւ հաղորդակցության ուղիների բացումը: Ֆրանսիան պատրաստ է աջակցել այդ նպատակներին ՝ պահպանելով շփումները բոլոր կողմերի եւ դերակատարների հետ»,-շեշտել է դիվանագետը։