«Հայկական Կարիտաս» կազմակերպության միգրացիոն ծրագրի փորձագետ Տաթեւիկ Բեժանյանն այսօր հրավիրած ասուլիսում ներկայացրեց, թե Ռուսաստանի միգրացիոն օրենսդրությունում ինչ փոփոխություններ են կատարվել։
Նա նշեց, որ հունվարի 1-ից ուժի մեջ են մտել երկու օրենքներ, որոնք ուժեղ ազդեցություն են ունենալու մեր միգրացիոն հոսքերի վրա։ Առաջինն այն է, որ ոչ վիզային ռեժիմի երկրների քաղաքացիները տարեկան յուրաքանչյուր 180 օրվա ընթացքում կարող էին 90 օր գտնվել ՌԴ-ում, այդ ժամկետը կրճատվել է, եւ հունվարի մեկից սկսած տարվա ընթացքում կարող են գումարային 90 օր գտնվել ՌԴ-ում, եթե չեն պատրաստվում աշխատել, չունեն ժամանակավոր բնակության կամ կացության կարգավիճակ։ «Կոնկրետ օրենքի այս կետից կտուժեն մեր այն վարորդները, որոնք բեռնափոխադրումների ծառայությունnերում են աշխատում, որովհետեւ տարվա ընթացքում գումարային 90 օր կարող են գտնվել ՌԴ-ում։ Եթե այնպես ստացվի, որ իրենց աշխատանքն ավելի երկար ժամանակ պահանջի, եւ 90 օրը լրանա, նրանք ուղղակի մուտքի արգելք կստանան։ Այսինքն՝ կստացվի, որ առնվազն 3 տարի իրենք այլեւս չեն կարող մուտք գործել ՌԴ»,- ասաց նա։
Բեժանյանի խոսքով՝ հաջորդ փոփոխությունը, որն ուժի մեջ է մտել, այն է, որ սահմանապահները սահմանին, ելնելով նրանից, որ իրենք կարծում են՝ անձը կարող է ՌԴ անվտանգությանը սպառնալիք հանդիսանալ, իրենց հայեցողությամբ կարող են օտարերկրացուն թույլ չտալ մուտք գործել ՌԴ։ Սա նշանակում է՝ որեւէ այլ գերատեսչության միջամտություն չի պահանջվում, միայն սահմանապահը ինքնուրույն կարող է որոշել՝ օտարերկրացուն թույլ տալ մուտք գործել ՌԴ տարածք, թե ոչ։
Փետրվարի 5-ից ուժի մեջ կմտնի վտարման մասին օրենքը։ Մինչեւ հիմա արտաքսումներն ու վտարումները տեղի են ունեցել դատարանի որոշումներով։ Փետրվարի 5-ից սկսած ոստիկանությունը, առանց դատարանի որոշմամբ, իրավունք ունի անօրինական գտնվող, քրեական հանցագործության, միգրացիոն օրենսդրությունը խախտելու մեջ կասկածվող, վարակիչ հիվանդություն կրող միգրանտներին 48 ժամով կալանավորել։ Այնուհետեւ առանց դատարանի որոշման ոստիկանությունն իրավունք ունի այդ անձին վտարել ՌԴ-ից։
Մյուս փոփոխությունն այն է, որ ներդրվելու է օտարերկրյա միգրանտների ռեեստեր, որտեղ կհաշվառվեն միգրացիոն ոլորտում որեւէ խախտում կատարած միգրանտները։ Իսկ սա նշանակում է, որ այդ անձինք ՌԴ-ում չեն կարող որեւէ գործարք անել։ «Այսինքն՝ չեն կարող տուն կամ մեքենա գնել ու իրենց անունով գրանցել, չեն կարող ՔԿԱԳ մարմիններում ամուսնություն, երեխայի ծնունդ գրանցել։ Այդ բոլոր կազմակերպությունները կհրաժարվեն նրանց որեւէ ծառայություն մատուցելուց»,- նշեց Տաթեւիկ Բեժանյանը։
Նա նշեց, որ 2024 թվականին ՌԴ ՆԳ նախարարությունը հայտարարեց, որ օգոստոսի 31-ի դրությամբ ՌԴ-ում գտնվում էր 246 հազար ՀՀ քաղաքացի։ Այդ թվի մեջ մտնում են եւ օրինական, եւ անօրինական, եւ ժամանակավոր բնակության իրավունք ունեցող անձինք, բացի երկքաղաքացիներից։
«Վերջերս ոչ պաշտոնական աղբյուրներից հնչեց 46-48 հազար թիվ, որ այդքան ՀՀ քաղաքացի այս պահին անօրինական գտնվում է ՌԴ-ում։ Այդ թվերը հնչեցվեցին այն ժամանակ, երբ ՌԴ նախագահ Պուտինը հայտարարեց, որ անօրինական միգրանտները պարտավոր են մինչեւ ապրիլի 30-ը կամ օրինականացնել իրենց գտնվելը ՌԴ-ում, կամ ՌԴ-ն ստիպված կլինի միջոցներ ձեռնարկել եւ արտաքսել նրանց։ Այս թվերը ես համարում եմ իրատեսական, որովհետեւ մենք միշտ խոսում էինք, որ եթե 16 հազար մարդ արդեն մուտքի արգելք ունի, առնվազն 2-3 անգամ ավելին գտնվում են ՌԴ-ում, եւ նրանք վստահաբար անօրինական կարգավիճակ ունեն, պարզապես դեռ չեն հայտնվել այդ ցուցակներում»,- հավելեց նա։
Տաթեւիկ Բեժանյանն ասաց նաեւ,որ ոչ բոլորը կարող են օրինականացնել իրենց գտնվելը ՌԴ-ում, որովհետեւ եթե միգրացիոն հաշվառման ժամկետից անցել է 90 օր, 180 օր, 270 օր, այս մարդիկ արդեն ունեն 3, 5, 10 տարով մուտքի արգելք։ Այսինքն՝ հենց իրենք սահմանը հատեն ու փորձեն վերադառնալ, 3-10 տարով մուտքի արգելքն ուժի մեջ է մտնելու։
«Մեր քաղաքացիներին ուզում եմ եւս մեկ անգամ հիշեցնել՝ անկախ նրանից, գնում եք աշխատելու նպատակով, թե հյուր, եթե պատրաստվում եք 30 օրից ավելի գտնվել ՌԴ-ում, պարտավոր եք մուտքի պահից սկսած 30-օրյա ժամկետում ձեր իրական բնակության հասցեում միգրացիոն հաշվառման կանգել։ Ինչու եմ շեշտում՝ իրական բնակության հասցեում, որովհետեւ եթե իրական բնակության հասցեում չեք հաշվառվում, դա հիմք է մինչեւ մեկ տարով ազատազրկվելու համար։ Միգրացիոն հաշվառման չկանգնելը հիմք է, որպեսզի անձը ճանաչվի անօրինական՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով։ Եթե գնացել եք աշխատելու նպատակով, ապա 30-օրյա ժամկետում դուք պետք է հասցենք անել 4 գործողություն՝ միգրացիոն հաշվառում իրականացնել, անցնել բուժզննում, որը վճարովի է, բուժզննման տեղեկանքը ներկայացնել հաշվառման տարածքային միգրացիոն ծառայություն, որտեղ կհանձնեք կենսաչափական տվյալներ՝ մատնահետք, ձեզ կլուսանկարահանեն եւ կտրամադրեն պլաստիկ քարտ, որից հետո պետք է անպայման կնքել աշխատանքային պայմանագիր։ Եթե անձը մուտք է գործել ՌԴ աշխատելու նպատակով, բայց չունի աշխատանքային պայմանագիր, սա հիմք է չեղարկելու նրա միգրացիոն հաշվառումը, եւ անձը կվաստակի մուտքի արգելք»,- ասաց Բեժանյանը։
2025. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: