««Իսլամական պետության» դեմ պայքարին միանալը դա ըստ էության հետախուզական ոլորտի համագործակցություն է»

  • 10:43 17.01.2025

«Խոսքը գնում է այն մասին, որ ԱՄՆ-ի եւ Հայաստանի իշխանությունները որոշակի ապագայում հնարավոր է մի շարք միջպետական համաձայնագրեր կնքեն էներգետիկայի, առեւտրի եւ տնտեսական այլ ոլորտներում։ Ընդ որում, ԱՄՆ-ն նաեւ պատրաստ է Հայաստանի վստահելի ընկերություններին հնարավորություններին տալ մուտք ունենալ այն տեխնոլոգիաներին, որոնք ԱՄՆ-ն սահմանափակում է՝ հաշվի առնելով պատժամիջոցների քաղաքականությունը Ռուսաստանի դեմ»,- step1.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը՝ անդրադառնալով Հայաստանի եւ ԱՄՆ միջեւ ստորագրված ռազմավարական համագործակցության փաստաթղթին։

Ըստ Ղուկասյանի՝ բուն անվտանգությանը վերաբերող փաստաթուղթ չկա ապագայում հնարավոր կնքվելիք համաձայնագրերի թվում, բայց ընդհանուր առմամբ որպես քաղաքական նպատակ հռչակված է, որ Հայաստանի ուժեղացումը, առաջին հերթին տնտեսական ուժեղացումը նպատակ ունի հնարավորություն ստեղծել ունենալու ավելի մեծ պոտենցիալ՝ ՀՀ տարածքային ամբողջականությունը, սահմանների անձեռնմխելիությունը պաշտպանելու համար։

Անդրադառնալով այն դրույթին, որ այս փաստաթղթով Հայաստանը միանում է «Իսլամական պետությանը»  պարտության մատնելու կոալիցիային՝ Անդրիաս Ղուկասյանն ասաց․ «Իսլամական պետության դեմ պայքարը դա հատուկ ծառայությունների կոլեկտիվ միջոցառումների ամբողջական ծրագիր է, որտեղ ներառված են տարբեր պետություններ եւ որոնց նպատակն է կանխել ահաբեկչական գործիչների ներաթանցումը Եվրոպա եւ ահանբեկչության նկատմամբ հսկողություն սահմանել, կանխարգելման միջոցներ ստեղծել։ Դա ըստ էության հետախուզական ոլորտի համագործակցություն է, հետախուզության ոլորտում աջակցություն ցուցաբերելու հարցերին է վերաբերում»։

Ռոզա Հովհաննիսյան

f