Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ մեր հարաբերություններն այսօր պետք է լինեին միջազգային դատարաններում միայն

  • 17:22 18.01.2025

Բաքվի հայերի հիշատակին նվիրված խաչքարի մոտ այսօր տեղի ունեցավ ակցիա։ Այս օրերին լրանում է Բաքվի հայերի նկատմամբ ցեղասպանական գործողությունների տարելիցը։ Ակցիայի կազմակերպիչները նշում են, որ 1990 թվականի հունվարի 13֊ը Բաքվի հայության ցեղասպանության պիկն էր, իսկ հայերի կոտորածը Բաքվում անթաքույց սկսվել էր 1988֊ի մարտին՝ Սումգայիթից անմիջապես հետո։ Բաքվի 500 000 հայերը կոտորվեցին, փախան ու ցրվեցին, իսկ խորհրդային ուժերը խառնվեցին միայն 1990 թվականի հունվարի 20֊ին, երբ թափի մեջ մտավ ռուսների կոտորածը։

Սումգայիթի հայերի իրավունքների պաշտպանության նախաձեռնող խմբի ղեկավար Հրայր Ուլուբաբյանը լրագրողների հետ զրույցում կոչ արեց համախմբվել՝ այսօրվա մարտահրավերներին դիմակայելու համար։

«Եթե Հայաստանում տեղի ունեցող գործընթացներն այսպես էլ շարունակվեն, Հայաստանը կարժանանա Արցախի ճակատագրին։ Իշխանավորները կամ անճար են, կամ դավաճան, ոչինչ չեն անում։ Մեծ Թուրան ստեղծելու ծրագիրը Թուրքիան Արդբեջանի ու մյուս ուժերի հետ համառորեն իրականացնում է, եւ դրա դեմ հայկական կողմը ոչինչ չի անում։ Այսօր ամբողջ խնդիրը մտավորականների վրա է մնում։ Մտավորականները  պետք է կազմակերպեն, համախմբվեն, ազգային ազատագրական պայքար սկսեն։ Այս հարցում պետք է ազգային ազատագրական պայքար սկսենք, ոնց որ 1988-ին ենք սկսել։ Այն ժամանակ Արցախը պետք է ազատագրեինք ու միացնեինք Հայաստանին, դա խափանեցին, հենց հայկական իշխանությունները խափանեցին։ Եվ այսօր էլի նույն հայկական իշխանությունների գործելաոճը տանում է Հայաստանի վերացմանը։ Հայ մտավորականները պետք է սթափվեն, միաբանվեն ու պայքար սկսեն, Արցախն էլ ազատագրենք, Հայաստանն էլ։ Եվ դա ռեալ բան է, ուղղակի մեր միասնությունից է կախված, եթե կարողանանք այդ միասնական պայքարը սկսել, ոչ իշխանությունները, ոչ էլ թուրքը չեն կարող դիմադրել դրան։ Առաջին պատերազմը, երբ մենք հաղթել ենք, մարդկային քանակով էլ, ռազմական տեսակետից էլ մենք զիջում էինք Ադրբեջանին, բայց մենք հաղթեցինք մեր միասնությամբ ու վերին ուժերի միջամտությամբ»,- նշեց Ուլուբաբյանը։

Ըստ նրա՝ Ադրբեջանի ու Թուրքիայի դեմ պայքարում պետք է այսօր ճշմարտությունը ներկայացնենք, թե ինչ է կատարվել Արցախում եւ Հայաստանում՝ դեռեւս 20-րդ դարի 1918-1920 թվականներին։ Հայաստանի տարածքները կեղծիքով ու խաբեությամբ տվել են թուրքերին, կոտորել են հայ ժողովրդին, այնուհետեւ Սումգայիթում, Բաքվում պետականորեն կազմակերպված ցեղասպանություն է տեղի ունեցել՝ Մոսկվայի կողմից հրահրված, Մոսկվայի հետ համաձայնեցված։

«Ադրբեջանի ու Թուրքիայի հետ բանակցությունները խայտառակություն են հայ ժողովրդի ու հայ ազգի համար։ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ մեր հարաբերություններն այսօր պետք է լինեին միջազգային դատարաններում միայն, քանի որ ցեղասպանությունների շարք է տեղի ունեցել հայերի նկատմամբ։ Իսկ միջազգային դատարաններ պետական մակարդակով պետք է դիմենք։ Հիմա մենք պետություն ունենք, բայց իշխանություն չունենք, երկրի ղեկավարներն առայժմ խոնարհ ծառայում են մեր թշնամուն, ուրեմն՝ մենք պետք է համախմբվենք»,- հավելեց Հրայր Ուլուբաբյանը։

f