Ջիմը մրսել էր, դրա համար դպրոց չի գնացել: Նա հիվանդ էր եւ տանն էր մնացել չորս օր: Երկրորդ օրը նա հարցրել էր մորը. «կարո՞ղ եմ այսօր դպրոց գնալ…»: Ոչ, արգելել էր մայրը… Բայց արեւը շողում էր…
2023թ. հունվարին արեւը Ճարտարում շողում էր, Սուրենն անգլերեն էր սովորում եւ դպրոց չգնալու համար ավելի լուրջ պատճառ ուներ, քան Ջիմը, ում պատմությունը նա կարդում էր դասագրքում: Սուրենի սեղանին արեւային էներգիայով լիցքավորվող լապտերը շատերին կհիշեցնեն հովհարային անջատումներն Արցախում եւ բլոկադայի օրերն առհասարակ (ինչ մոռացկոտ ենք, չէ՞):
Սուրենի անունը մոռացել էի եւ որոշեցի ճարտարեցիներից ճշտել: Ֆեյսբուքում հենց Սուրենն էլ արձագանքեց. «ես եմ»: Երկխոսությունը շարունակելու համար ես հարցնում եմ, թե արդյոք չի կարողացել Հայաստան բերել լապտերը: Իսկ ի՞նչ ենք կարողացել բերել, համրեցնում է Սուրենը:
Ճարտարը նոր էր քաղաքի ստատուս ստացել: Խմբագիրն ինձ գործուղղել էր այնտեղ: «Գիտենք, որ բլոկադա է, բայց անընդհատ Ստեփանակերտի մասին ենք լսում: Դուք տեղյա՞կ եք, թե ինչ է կատարվում գյուղերում, շրջաններում», այս բովանդակությամբ մի էլնամակ էի ստացել նրանից: Ոչ, տեղյակ չէի/չէինք, բայց հայտնի անեկդոտն արդեն տարածվել էր:
Կողքի գյուղից զանգում են Ճարտար.
— Բարեւ ձեզ, գյուղապետարա՞նն է:
— Քաղաքապետարան, – հանդիմանում է Ճարտարի (արդեն) քաղաքապետը:
— Լավ… Գյուղի ձու ունեք՞ (լյավ… շենի ծյու օնի՞ք), կատակում է զանգի տերը: Չեմ զարմանա, եթե նա Խնուշինակից լիներ:
Վագզալ
Ստեփանակերտի ավտոկայանի մասին շատ երկար կարելի է գրել: Այն արդեն կառուցված էր, երբ ես ծնվել էի, կամ փոքր էի եւ մանրամասներ չեմ հիշում, բայց մեր գյուղ տանող ПАЗ-ը գոնե լավ եմ հիշում, որը նույն սրտխառնոցն էր առաջացնում, ինչ իմ մանկապարտեզի սուպը (ի դեպ, հետխորհրդային տարածքում ПАЗ-երի պարկն այսօր Վանաձոր է, եթե օրգանիզմի պինդ դիմադրողականություն կամ ցանկություն ունեք նորից փորձարկելու):
Ինչպես դուք, ես էլ սոցիալական մեդիայում եմ տեսել, որ Ալիեւն այդ շենքը` Ստեփանակերտի ավտոկայանը քանդել է` դեպի համալսարան տեսարան բացելու միտումով: Անկեղծ ասած, ես նույնպես ավտոկայանի շենքի հետ ինչ-որ բան էի ուզում անել: Ոչ թե քանդել, բայց վերանորոգել. «ո՞ւմից ենք պակաս, ինչո՞ւ մեր ավտոկայանն էլ այնպես չլինի, ինչպես Տոկիոում», երազում էի ես:
Այսպես Արցախի շրջափակման օրերին, հունահռոմեական ճարտարապետությունից անհաջող կրկնօրինակած այդ շենքի դիմաց տասից ավել սպիտակ, կակաոյի երանգով Hyundai-ներ են կանգնած` ցլերի կամ ծուլորեն որոճող կովերի պես (որքան հիշում եմ` Հայաստան Հիմնադրամի միջոցներով գնված), բայց միայն Ճարտար գնացող Ford-ի վարորդը վառելիք ուներ:
Մենք գնում ենք Ճարտար սիթի, ինչպես տեղացի մեկն էր սրամտել` տրաֆարետի վրա մարկերով ավելացնելով city: Թույլատրվածից կրկնակի են մարդիկ ներսում, գուցե եռակի: Մանկապարտեզի փայտե մի աթոռիկ էլ վարորդ է ավելացրել միջանցքում: «Հա, հարմար է», ստում էր պլաստիկ ծաղիկներ բռնած դրա վրա նստած մի օրիորդ: Ուղեւորները թաղում են գնում ու գանգատվում բլոկադայի դժվարություններից. «այսքանից հետո ջուրն ի՞նչ ենք անում, դա էլ կտրեն, պրծնեն…»: Այդպես էլ արեցին ամռանը:
Ճարտար (սիթի)
Ես հիվանդանոցի գլխավոր բժիշկ տիկին Հասմիկից հարցազրույց էի վերցնում: Հոսանքի պակասի մասին Սուրենն արդեն պատմեց վերեւ: Ամերիկացի իմ լավ բարեկամն ինձ կիսաառողջ մի iPhone 6 էր նվիրել, երբ մինչեւ բլոկադան ես Վրաստանում էի: Հենց այդ iPhone-նն էլ իր առողջական խնդիրներով հանդերձ ուժ էր գտնում իր մեջ պատմել աշխարհին, թե ինչ է կատարվում ի վերջո Լեռնային Ղարաբաղում, այդ ծանր գործն անելով France 24, DW, BBC, CNN, ABC, Euronews (ո՞ր մեկը հիշել) փոխարեն, որոնց մուտք Արցախ ռուսներն արգելել էին:
Այսպես, հարցազրույցի կեսից տիկին Հասմիկը ներողություն էր խնդրում եւ գնում հիվանդներին նայելու, իսկ իմ հեռախոսը մեռնում էր, նույն հեռախոսը, որը Ford-ի վառելիքի խնայողություններով է մի կերպ Ճարտար հասել եւ որից նորություններ էր սպասում ամբողջ աշխարհը:
Տիկին Հասմիկի սեղանին Աստվածաշունչ կար: Պատմում էր, որ անգամ մոտիկ գյուղերից չեն կարողանում հիվանդանոց հասնել, «մենք էլ ձեր համար ենք անհանգստանում, այստեղ գոնե այգի կա, հողից մի բան գոյանում է, իսկ քաղաքաո՞ւմ…», ասում էր նա:
Հ.Գ. Ես նաեւ 14 տարվա վաղեմության ֆոտոռեպորտաժ ունեմ Ճարտարից: Հույս ունեմ շատերն իրենց կգտնեն այնտեղ, եւ ես լավ հիշողություններ կարթանցնեմ նրանց մեջ:
Մարութ Վանյան
2025. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: