Հարցազրույց կովկասագետ Հովիկ Ավանեսովի հետ:
-Ի՞նչ նպատակ էր հետապնդում Ղարիբ Բաբայանի հետ կապված գործողությունը: Արդյո՞ք այն անձնավորված էր:
-Հիմնական նպատակը՝ ազատ կարծիք արտահայտելու սահմանափակումն էր: Վերջին շրջանում Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության մասին հրապարակումները բավականին մեծ հետաքրքրություն էին առաջացրել հատկապես որոշ օտարերկրյա փորձագետների շրջանակներում: Բնականաբար, սահմանափակելով հանրային խոսքը, սահմանափկվում է նաև Կենտրոնի կողմից հրապարակվող այդ կարևոր հոդվածաշարի հրապարակումները և այդ ամենի մասին իրազեկվածության մակարդակի բարձրացումը: Պարոն Բաբայանի փոխարեն կարող էր լինել մեզնից յուրաքանչյուրը: Սա հստակ ազդակ է այս ոլորտով զբաղվող փորձագետների և մասնագետների համար:
– Պարոն Ավանեսով, դուք նշեցիք, որ Ադրբեջանի ցեղասպան գործողության մասին հրապարակումները հետաքրքրություն են առաջացրել օտարերկրյա փորձագետների շրջանակներում, կարո՞ղ եք մանրամասնել՝ թե ինչ համատեքստում:
-Բնականաբար, Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության մասին համակողմանի ուսումնասիրությունների և վերլուծությունների համար օբյեկտիվ պատկերացումների համատեքստում:
-Մենք գիտենք, որ մի շարք աջակիցներ հավաքվել էին ի աջակցություն պարոն Բաբայանի արդյո՞ք դա ևս անձնավորված էր, թե դա համակարգային բողոքի նշան էր:
– Այն բոլոր մարդիկ, ովքեր հավաքվել էին դատարանի մոտ, հստակ գիտեն, որ նույնը կարող էր պատահել նրանց հետ, այդ պատճառով պետք է պատրաստ լինել միմյանց անջակցելուն:
– Փաստացի կարող ենք նշել, որ այս ամենը նաև ուղղված էր մյուսներին վախեցնելուն:
– Բացի այդ, այս քայլով փորձ է արվում ամեն կերպ խոչընդոտներ ստեղծել հատկապես արցախյան հասարկական կազմակերպությունների համախմբմանը:
-Ի վերջո եթե հավաքագրենք և արձանագրենք տեղի ունեցածի պատճառները, ինչի՞ կարող են դրանք հանգեցնել:
-Այս ամենը հստակ ցույց է տալիս, որ մեր հասարակությունը անտարբեր չէ հակաօրինական գործողություններին և դրան հակադարձում է համախմբավածությամբ: Սա նախադեպ է ստեղծում, որպեսզի հետագա ցանկացած նման գործընթաց ստանա նույն հասարակական ակտիվ դիմակայությունը: Սակայն պետք է նշենք, որ հանրային խոսքի սահմանափակումը ևս պետք է հանվի, ինչի մասին նաև ընդգծել են մի շարք իրավական գործունեություն ծավալող անձինք: Մեկ բան ևս պետք է նշել, որ հաջորդը կարող ես լինել դու, բայց այնուամենայնիվ, դու մենակ չես: Չնայած այն հանգամանքին, որ որոշ դեպքերում մարդիկ գիտեին՝ հնարավոր է, նրանց դեմ ուժ կիրառվի, նրանք դուրս են եկել և իրենց աջակցությունը ցուցաբերել:
-Այս գործողությունների մասին հայտարարություն է տարածել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը: Արդյո՞ք այդ հայտարարությունը արդարացնում է ձեր սպասելիքները:
-Իմ կարծիքով, ՀՀ ՄԻՊ գրասենյակը արագ արձագանքման խումբ պետք է ուղարկեր այն ժամանակ, երբ հայտարարվել էր դատի և խափանման միջոց սահմանելու մասին: Բայց ՄԻՊ-ը արձագանքել էր գրեթե մեկ օր հետո:
-Ըստ ձեզ, այս դեպքը եզակի՞ էր, թե առաջկայում պետք է սպասել նմանատիպ այլ գործողությունների:
-Մենք պետք է պատրաստ լինենք, որ նման դեպքերը կրկնվելու են։ Այդ պարագայում ևս պետք լինի համարժեք հասարակական արձագանք։
Ալվարդ Գրիգորյան