Փաշինյանը ԱՄՆ-ում․ Սփյուռքը կվերցնի՞ իր վրա հակաազգային պատասխանատվությունը

  • 12:11 04.02.2025

Ինչպես և սպասվում էր, Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոնում հայ համայնքի հետ հանդիպմանը նուրբ կոչ արեց հրաժարվել Ցեղասպանության և պահանջատիրության հարցերից, քանի որ հակառակ նժարին՝ անկախ Հայաստանի ապագան է։

Համայնքի ներկայացուցիչների արձագանքը դեռ անհայտ է, ինչպես նաև այն, թե ո՞ր քաղաքական շրջանակներն էին ներկայացնում հավաքվածները։ Կասկած չկա, որ հակադաշնակցական։ Այդ մասին է նաև վկայում այն, որ Փաշինյանը հանդիպել է միայն Ամերիկայի հայկական համագումարի ղեկավարության հետ։ Ինչպես հայտնի է, Ամերիկայի հայկական կազմակերպությունները կենտրոնացված են կամ դաշնակցական համարվող Ամերիկայի հայ ազգային հանձնախմբի, կամ հակառակ հայացքներ ունեցող Ամերիկայի հայկական համագումարի շուրջ։

Սփյուռքը Դաշնակցությունից «ձերբազատելու» փորձեր Փաշինյանը սկսել է իշխանության գալու պես։ Դժվար թե դա կապված լինի ՀՅԴ հանդեպ նրա անձնական վերաբերմունքի հետ։ Մյուս կողմից, եթե Փաշինյանը կրիմինալ է տեսնում ՀՅԴ գործունեության մեջ, ապա կարող է իրավական, նույնիսկ քաղաքական գործընթաց սկսել։ Հատկապես, որ նա խոսում է Դաշնակցության՝ երիտթուրքերի և Ռուսաստանի հետ հանցավոր կապի մասին։

Հոնվարի 31-ի իր հարցազրույցում Փաշինյանը ասել է ․ «Մենք իրողությունները դարասկզբին, դարի կեսերին, դարավերջին, էսօր էլ` կարող է ճշգրիտ չենք ընկալում։ Կարող է մենք չափից ավելի մեծ հույս ենք դնում արտաքին ինչ-որ քաջալերումներին… մեր իրականության մեջ ընկալվա՞ծ է երիտթուրքերի եւ ՀՅԴ-ի հարաբերությունների հարցը, իսկ կարո՞ղ է պարզվել, որ ինչ-որ շրջանակներ մեր ինչ-որ ցավոտ կետեր կարողանում են օգտագործել մեր անկախ ինքնիշխան պետությունն անհնար դարձնելու համար»։

ՀՅԴ-ի մեղքերի շատ երկար ցուցակ կարելի է կազմել և հրապարակավ մեղադրել։ Սակայն նույնիսկ ամերիկյան վերլուծաբաններ են նշում ՀՅԴ եւ “հակադաշնակցական” լոբբիների տարբերությունը․ ՀՅԴ-ն ոչ միայն կողմ է Ցեղասպանության ճանաչմանը, այլև խոսում է տարածքային եւ այլ պահանջներից, Սևրի պայմանագրից եւ այլ խնդիրներից։ Ճիշտ է, ՀՅԴ-ն չի պահանջում Կարսի պայմանագրի չեղարկում, սակայն դաշնակամետ Սփյուռքի եւ մյուսների պատճառով Էրդողանը չի կարողանում հասնել հայ-թուրքական ներկայիս սահմանի միջազգային ճանաչմանը։

Փաշինյանին պետք է Սփյուռքի, գոնե դրա մի մասի աջակցությունը «խաղաղության պայմանագրին», այլ կերպ ասած՝ հայ-թուրքական և խորհրդային սահմանների ճանաչմանը, ինչը անհնարին է առանց պահանջատիրությունից հրաժարվելուն։ Չէ՞ որ հենց Սփյուռքն է Ցեղասպանությունից գլխավոր «տուժողը» եւ պահանջատերը, և նրանց գույքային իրավունքներն են արձանագրված Լոզանի պայմանագրում, ոչ թե Հայաստանի։

Պատրա՞ստ են Սփյուռքի կազմակերպությունները հրապարակավ հրաժարվել պահանջատիրությունից։ Եւ ի՞նչ կլինի, եթե Փաշինյանին չհաջողվի «համոզել» Սփյուռքին, վախեցնելով Հայաստանի պետականության կորստով։

Նույնը, ինչ Արցախի պարագայում։ Եթե Փաշինյանը ստորագրի մի փաստաթուղթ, որը «պատմության գիրկ» կուղարկի հայերի իրավունքները և շահերը նախկին Օսմանյան կայսրությունում, «մեղավոր» կլինեն Սփյուռքի կազմակերպությունները։ Ինչպես հիմա Արցախի հանձնման մեջ մեղադրում են արցախցիներին, մյուս կողմից ճանաչելով, որ գիտակցաբար են զոհաբերել Արցախը։

«Մենք այս ամեն ինչին /գաղափարախոսության փոփոխության/ եկել ենք 44 օրյա պատերազմի պարտության բերումով եւ այս պարտության պատճառների խորքային եւ ոչ խորքային պատճառներով: Մենք, իմ գնահատմամբ, այսօր այդ պարտության միջով անցնելով, ձեռք ենք բերել անկախ, ինքնիշխան պետություն ունենալու հնարավորություն: Ես երկար եմ մտածել եւ եկել այն եզրահանգման, որ զոհողությունները ոչ թե ոչնչի, այլ Հայաստանի ինքնիշխանության համար են եղել եւ մենք հիմա պարզապես պետք է կենտրոնանք այդ զոհողության հնարավորությունը օգտագործելու վրա»,-ասել է Փաշինյանը Վաշինգթոնում:

f