Հույս ունեմ, որ այսքանից հետո կհաստատվի աշխատանքային ստաժս

  • 19:41 04.02.2025

Արցախցիները շարունակում են բախվել տարբեր խնդիրների։ Կենսաթոշակառու տարիքի հասած արցախցիների զգալի մասը փաստաթղթերի բացակայության պատճառով չեն կարողանում ձևակերպել օրենքով իրենց հասանելիք թոշակը։

Այդ խնդրի առաջ է կանգնել նաև արցախցի Իրինա Սամվելի Ասրյանը։ Նա Ստեփանակերտ քաղաքից է։ Տեղահանությունից հետո բնակություն է հաստատել Երևան քաղաքում։ Քանի որ լրացել է զինվորական կենսաթոշակի անցնելու սահմանային տարիքը, Իրինան ցանկացել է ՀՀ-ում անցնել զինվորական թաշակի, սակայն 2023-ի սեպտեմբերի 19-ի պատերազմի հետևանքով աշխատանքային գրքույկի կորստի պատճառով առաջացել են աշխատանքային ստաժի հաշվարկման խնդիրներ։

-2000-ի մայիսի 1-ից մինչև 2002-ի փետրվարը աշխատել եմ ԼՂՀ Ստեփանակերտի քաղաքային դատարանում։ 2002-ից մինչև 2010 հունիսի 1-ը՝ ԼՂՀ առաջին ատյանի դատարանում։ Հետո պայմանագրային զիծառայության եմ անցել ԼՂՀ ՊԲ-ում՝ ծառայելով մինչև 2023-ի Արցախի տեղահանումը։ 2024-ի հունվարին լրացել է իմ զինվորական կենսաթոշակի անցնելու սահմանային տարիքը, և ես դիմել եմ ՀՀ ՊՆ, որ նշանակվի իմ երկարամյա ծառայության թոշակը, սակայն գրությամբ մերժում եմ ստացել, քանի որ բացակայում են առնվազն 25 օրացույցային տարվա աշխատանքային ստաժ ունենալու մասին հավաստի փաստաթղթերը։

Գրությունը ստանալուց հետո դիմել եմ ՀՀ ԱՆ և <<Հայաստանի ազգային արխիվ>> ՊՈԱԿ, սակայն գրությամբ կրկին մերժում եմ ստացել՝ տվյալներն առկա չլինելու պատճառով։ Քանի որ այլ ճանապարհով հնարավոր չէր հաստատել աշխատանքային ստաժս, դիմել եմ Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան։ Դատարանը մերժել է իմ դիմումը։

Նշված վճռի դեմ ներկայացրել եմ վերաքննիչ բողոք և ՀՀ վերաքննիչ դատարանի որոշմամբ՝ առաջին ատյանի դատարանի վճիռը բեկանվել է և գործն ուղարկվել այլ կազմով նոր դատական քննության։

Գործընթացը շարունավում է, և ես հույս ունեմ, որ արդարությունը կհաղթանակի ու կհաստատվի աշխատանքային ստաժս, որից հետո հնարավորություն կունենամ անցնել զինվորական թոշակի,-ասում է Իրինա Ասրյանը։

Իրինան, ինչպես նաև արցախցիների մեծամասնությունը, ապրում է վարձակալած բնակարանում։ Այն, որ ապրիլ ամսից 40+10 աջակցության ծրագիրը կգործարկվի նոր տարբերակով, և ինքը չի ընդգրկվի շահառուների ցանկում, լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս։

-Ունեմ նաև վարսահարդարի մասնագիտություն և բավականին փորձ, սակայն չեմ կարող աշխատանքի անցնել, քանի որ իմ խնամակալության տակ է գտնվում անկողնուն գամված տարեց մայրս։ Նա ունի դեղորայքի և մշտական բուժօգնության կարիք։ Չգիտեմ՝ ինչպես ենք ապրելու, երբ 40+10 դրամ աջակցությունն ավարտվի։ Զինվորական թոշակի անցնելս կթեթևացնի մեր վիճակը։

Այսպիսի անելանելի վիճակի առաջ կանգնած են շատ արցախցիներ, ովքեր փաստաթղթերի բացակայության պատճառով չեն կարողանում թոշակի անցնել։ Կարծում եմ՝ բնակվարձերի աջակցության ծրագիրը պետք է շարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ չի լուծվել արցախցիների բնակարանային հարցը,- խոսքը եզրափակում է Իրինան։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

f