Փաշինյանը փորձում է համոզել հայ ժողովրդին հրաժարվել «զոհի» հոգեբանությունից, մոռանալ անցյալը և առաջ նայել, միաժամանակ խոստովանում է, որ շարունակում է զոհաբերել հայկական հողերը, իրավունքները եւ շահերը։
«Երբեմն թվում է, թե հայերի միջազգային գործառույթն է դարձել զոհ գնալը, հայերի համար անելու այլ բան չկա, և միջազգային կոնսենսուս կա այս հարցում։ Մենք փորձում ենք փոխել այդ ճակատագիրը մեր ժողովրդի համար», – պնդում է Փաշինյանը։
Միեւնույն ժամանակ նա խոստովանում է, որ բազմաթիվ «զոհաբերությունների» է գնացել, հատկապես, հանձնելով Արցախը։ Հիմա էլ փորձում է “զոհաբերել” Ցեղասպանությունից տոժածների ժառանգների իրավունքները։
Նա ասել է, որ «44-օրյա պատերազմում պարտության միջով անցնելով ենք ձեռք բերել անկախ, ինքնիշխան պետություն ունենալու հնարավորություն»։ Նա խոստովանում է, որ Արցախը գիտակցաբար զոհաբերվել է «հանուն մնացած Հայաստանի»։
Ըստ Փաշինյանի՝ հիմա պետք է կենտրոնանանք այդ զոհողության հնարավորությունն օգտագործելու վրա. «Ես չէի ուզի նաև, որ այս վերլուծությունների արդյունքում գանք այն եզրակացության, որ մեր ընկած նահատակները, իրենց զոհողությունը ոչնչի մասին է եղել: Այդ զոհողությունները Հայաստանի անկախության և ինքնիշխանության համար են եղել, և մենք հիմա պարզապես պետք է կենտրոնանանք այդ զոհողության հնարավորությունն օգտագործելու վրա»:
“Զոհ չլինելու” Փաշինյանի կոչից կարելի է ենթադրել, որ հայերը ինքնակամ են զոհ դարձել, իրենք են իրենց կոտորել, տեղահանել Արցախից, եւ հենց որ հայերը իրենց զոհ չզգան, ամեն ինչ լավ կլինի։ Նման հոգեբանական աբսուրդը թույլ է տալիս չմեղադրել դահճին եւ նախապատրաստվել հաձորդ զոհաբերության։
Փաշինյանի 7 տարվա կառավարումը՝ անվերջ եւ գիտակցված զոհաբերում է հանուն մեկ չզոհաբերվող նպատակի՝ պահպանել իշխանությունը։