Step1.am-ի զրուցակիցն է Գերմանիայի «Հայ ակադեմիականների միության» նախագահ, պատմաբան Ազատ Օրդուխանյանը։
-Պարոն Օրդուխանյան, Նիկոլ Փաշինյանը սկսել է Ցեղասպանությունը ժխտող թեզեր շրջանառել, ինչպե՞ս եք սա գնահատում։ Սփյուռքում ի՞նչ տրամադրություններ են։
-Նիկոլ Փաշինյանը եւ իր թիմը քաղաքական անչափահասներ են եւ վարում են մի քաղաքականություն, որն իրենց ուղիղ տանում է իրենց քաղաքական գերեզմանը։ Իրենք ծանոթ չեն 1920-1930-ական թվականների հայոց պատմությանը, եթե ծանոթ լինեին, կհասկանային, թե ինչ է նշանակում Ցեղասպանության, Արեւմտյան Հայաստանի հարցի շրջանցում, այդ հարցը մոռացության տալ։ Կարծում եմ, որ փողոցներն ընկնելու ու հեծանիվ քշելու փոխարեն լավ կլիներ, եթե Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը նստեին Ազգային գրադարանում եւ երկու-երեք գիրք ավել կարդային։ Թերուս մարդիկ են, անտեղյակ մեր անցյալից, կրկնում են նույն սխալները, որոնք անում էին հայ բոլշեւիկները 1920-1930-ական թվականներին, եւ իրենք էլ դարձան իրենց քաղաքականության զոհը։ Ժամանակ ունեն, հեծանիվ քշելու փոխարեն թող նստեն այդ պատմությունը կարդան։
–Սփյուռքի համար ընդունելի՞ է այս քաղաքականությունը, մենք տեսանք, որ ԱՄՆ-ում ու Շվեյցարիայում հայ համայնքի հետ հանդիպումների ժամանակ Փաշինյանն այս թեզերն առաջ էր տանում։
-Ամեն դեպքում մի քանի հոգանոց դահլիճ լցնելը դժվար չէ վարչապետի համար։ Բայց դա հայկական համայնքի ձայնն ու տեսակետը չէ։ Միշտ կարելի է նույնիսկ Հայաստանից իրենց համար մարդիկ բերել ու տեղավորել այնտեղ, բայց նաեւ այստեղ կարող են գտնվել մարդիկ, որոնք պաշտպանում են իր տեսակետները, բայց դա ոչ Սփյուռքի ձայնն է, ոչ էլ Սփյուռքի մոտեցումը։
Շվեյցարահայ համայնքի ընկերներն արդեն շատ արագ պատասխան տվեցին համայնքային մակարդակով եւ ժխտեցին այն, ինչ ինքը փորձում էր իրականություն ներկայացնել։ Նույնը կլինի նաեւ ԱՄՆ-ում, արդեն տեսանելի է, թե ինչպիսի արձագանքներ կան Սփյուռքում, եւ դա շատ նորմալ է, որ Սփյուռքն արձագանքում է շատ բուռն։ Տասնյակ տարիների աշխատանքը, որից Հայաստանի իշխանություններն անտեղյակ են, փորձում են ինչ-որ խեղկատակ ձեւակերպումներով շրջանցել ու մոռացության տալ։
Կրկնում եմ, Նիկոլ Փաշինյանը մտնում է մի դաշտ, որտեղ ծիծաղելի ձեւակերպումներ է անում։ Մարդ արդեն հասկանում է, որ այս մարդը ոչ գիրք է կարդացել, ոչ պատմություն գիտի, ոչ էլ այդ բնագավառում որեւէ տեսական գիտելիք ունի, բայց փորձում է տեսակետներ հայտնել։ Զավեշտ է ուղղակի, ինքնության մասին ինքը տեսակետներ է հայտնում, լսում ես, չգիտես ինչ ասես այդ մարդուն։ Մեկը չկա՞ իր խորհրդատուներից, որ հուշի իրեն ու ասի՝ այս դաշտ մի մտիր, դու այստեղ այնքան անգրագետ ես, այնքան բոբիկ ես։ Իր խորհրդատումները պետք է ասեն՝ բավական է ժողովրդին ու աշխարհին ծիծաղեցնես քո վրա։ Բայց միայն ծիծղաղելը չէ, դա նաեւ շատ վտանգավոր է, որովհետեւ համաշխարհային մակարդակով Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին թիկունքից այդպես հարվածելը չափազանց նենգ ու ստոր քայլ է, որն անում են Նիկոլի իշխանության ներկայացուցիչները։
Կարծես 1920-30-ական թվականների կրկնությունն ենք ապրում, երբ ռուս-թուրքական գործարքի հետեւանքով մեր արեւմտահայ ֆիդայիններին հերթով վերացնում էին, նրանց, ովքեր երկրի պահանջով էին ապրում՝ Արարատով, Սիփանով կամ Նեմրութով։ Կարծես հիմա փորձում են նույնը կրկնել, բայց նորից եմ ասում՝ երեւի ծանոթ չեն այդ մարդկանց ճակատագրին։ Նրանք բոլորն իրենց վարած քաղաքականության զոհը դարձան, իրենց գերեզմանափորը հանդիսացան։ Նույնը լինելու է նրանց հետ, պատմությունը երկրորդ ու երրորդ անգամ չի կարող կրկնվել։
-Նա փորձում է հայ ժողվորդին ներկայացնել, թե իբր պարտության միջոցով ձեռք ենք բերել անկախ, ինքնիշխան պետություն ունենալու հնարավորություն եւ պետք է օգտագործենք դա։
-Դրանք չորրորդ դասարանի երեխաների մտքեր են, որոնք դեռ 5-6-րդ դասարանի հայոց պատմության դասագրքերը չեն կարդացել։ Անգրագետ, քաղաքական անչափահասներ են, մանուկներ, որոնք կամ վախենում են ինչ-որ ուժերից, կամ կաշառվել են։ Ուրիշ բացատրություն չի կարող այստեղ լինել, մարդ այսքան ապուշ չի կարող լինել։ Իր խելքի բանը չէ, ոլորտներ է մտնում, տեսական գիտելիքներ է փորձում հաղորդել, բայց իր գրագիտության մակարդակը չի հերիքում այդ բնագավառում խոսք ասելու։ Գոնե իրեն հուշեն՝ մի խոսիր այդ մասին, քո խելքի բանը չէ, այդ տղա, դու չես հասունացել այդ դաշտում խոսք ասելու համար։
Օր առաջ, ժամ առաջ, վայրկյան առաջ իրենք պետք է հեռանան։ Պիտի հեռանան եւ անիծված լինեն հավիտյանս։ Նեմրութը, Սիփանը, Արարատը, Եփրատը, Արածանին մոռացողները հավիտյանս անիծված լինեն։ Իրենք չեն, որ որշելու են մեր ինքնությունը, ճակատագիրն ու հայրենիքի սահմանները, մեր պատմությունը, խորհադանիշները։ Իրենք չունեն դա, բայց մենք ունենք եւ հաստատ կպահենք։ Իրենք կգան ու կգնան, ինչպես 1920, 30, 40-ական թվականներին բոլշեւիկները եկան ու գնացին։ Հիմա նեոբոլշեւիկներն են եկել, նորից կգնան, ոչինչ, ժամանակավոր բաներ են սրանք, կանցնեն կգնան։ Պատմությունն ու հայ հանրության մեծամասնությունն իրենց կվերցնի ու շպրտի մի աբղանոց, որտեղ իրենք ու իրենց ազգանունները հավերժ կմնան։
Սփյուռքի մեծ մասը արհամարհում է այս հայտարարությունները, փաշինյանները կգան ու կգնան, մենք շարունակում ենք մեր գործը։
Ռոզա Հովհաննիսյան