Արցախի տեղահանությունից հետո՝ գրեթե մեկուկես տարի է, ինչ «Ղողանջ» կենտրոնը, որը Երևանում գործում է 2001 թվականից, իր հովանու տակ է վերցրել ինչպես արցախցի երեխաների, այնպես էլ արցախցի մի խումբ մանկավարժների։ ԱՀ ԿԳՄՍ նախկին նախարարի խորհրդական, երկարամյա մանկավարժ, հոգեբան Աիդա Գյանջումյանը Դիանա Գրիգորյանի առաջարկությամբ ստանձնեց կենտրոնում կյանքի կոչված «Մենք Արցախի մշակույթի պահապաններն ենք» ծրագրի ղեկավարի պաշտոնը։
Կենտրոնում գործում է 8 խմբակ՝ հայրենաճանաչություն, մարաշի ասեղնագործություն, ազգային երգ, ազգային պար, կերպարվեստ, կավագործություն, ծրագրավորում, հոգեբանություն։ Այս խմբակները ծառայում են մեկ ընդհանուր նպատակի՝ երեխաների մեջ պահել սերը դեպի հայրենիքը, մշակույթը, մեր արմատները և, իհարկե, առաջ շարժվել հայեցի դաստիարակությամբ։
Կենտրոնի աշխատանքների մասին է պատմում Աիդա Գյանջումյանը։
-Մինչև 2022-ի դեկտեմբերի 12-ի շրջափակումը ես Արցախից մի խումբ երեխաներ էի բերել Երևան՝ Եվրատեսիլին մասնակցելու համար, ու շրջափակման պատճառով չկարողացանք վերադառնալ տուն։ 38 օր մնացինք Գորիսում։ Այդտեղ ես հանդիպեցի երկու հրաշալի մարդու՝ Դիանա Գրիգորյանին և Նունա Ալեքյանին։ Այդ հանդիպումը մեծ նշանակություն ունեցավ իմ կյանքում։
Արցախից տեղահանվելուց հետո՝ երբ հասանք Երևան, Դիանա Գրիգորյանի հրավերով աշխատանքի մտա «Ղողանջ» կենտրոնում, որտեղ աշխատում եմ մինչև հիմա։ Կենտրոնում Դիանա Գրիգորյանի նախաձեռնությամբ կյանքի կոչվեց «Մենք Արցախի մշակույթի պահապաններն ենք» ծրագիրը, որը հովանավորվում է «Սյուն» հիմնադրամի կողմից։
Կենտրոնն իր հարկի տակ է ընդունել արցախցի երեխաների ու մանկավարժների։ Այստեղ են աշխատում ազգային երգ առարկայից Արմինե Յախշիյանը, դաշնակահարուհի Ինգա Լալայանը, ազգային պար առարկայից՝ Լարա Սաֆարյանը, ասեղնագործությունից՝ Նորա Գաբրիելյանը։ Նվիրված, թիմային աշխատանք ենք տանում, որպեսզի կարողանանք մեր ազգային մշակույթը երեխաների միջոցով հարատև պահել։
Սկզբնական շրջանում որոշել էինք արցախցի երեխաների հետ հոգեբանություն առարկան առանձին պարապել հատուկ մոտեցում ցուցաբերելու համար։ Այժմ բոլոր երեխաները միասին են պարապմունքներ անում, որովհետև սահուն ինտեգրում է կատարվել։ Ղողանջի բոլոր երեխաները լավ հասկանում են արցախյան բարբառը, երբեմն էլ բարբառով են խոսում իրար հետ։ Ուրախությամբ եմ ասում, որ կենտրոնում տիրում է լույսի, բարու և ջերմության մթնոլորտ։
Անհոգ մանկություն տալու փոխարեն մենք մեծ բեռ ենք թողել մեր երեխաների ուսերին, և միայն ու միայն ճիշտ դաստիարակելու դեպքում կարող ենք աջակցել նրանց ու հասցնել իրենց նպատակներին։ Մենք անում ենք հնարավորը, որ առողջ, հայրենասեր և ուժեղ սերունդ մեծանա։ Մեր կենտրոնում երեխաների մեջ սերմանվում է սեր դեպի մեր հարուստ ազգային արժեքները, դրանց ծագումնաբանությունը։ Ցանկանում ենք նրանց ցույց տալ, թե ով ենք, որտեղից ենք եկել և ուր ենք գնում։
Կազմակերպվում են էքսկուրսիաներ, հյուրընկալվում են տարբեր մշակութային գործիչներ։ Վերջին մեր հանդիպումը ՀՀ վաստակավոր գործիչ, երգիչ, երգահան Էդգար Գյանջումյանի հետ էր։ Երեխաներն իրոք զգացին՝ ինչ է բարությունը, մարդկային ջերմ փոխհարաբերությունը։ Նրանք իրենց աչքերով տեսան և ծանոթացան հայտնի երգահանի հետ և միասին երգեցին նրա երգերից։
2024-ի հուլիսի 17-ին է կայացել կենտրոնի հաշվետու համերգը, որին ներկա էին նաև հովանավորները։ Տեսնելով մեր կատարած աշխատանքները՝ նրանք առայսօր շարունակում են հովանավորել ծրագիրը։
Յուրաքանչյուր նախաձեռնություն ի կատար է ածվում Դիանա Գրիգորյանի շնորհիվ։ Բոլոր մանկավարժների անունից շնորհակալություն եմ հայտնում նրան արցախցի երեխաներին ու մանկավարժներին իր թևերի տակ առնելու համար։ «Ղողանջ» կենտրոնը մի օջախ է, որտեղ մենք մեզ զգում ենք՝ ինչպես մեր տանը։ Համոզված եմ, որ տիկին Դիանայի գլխավորությամբ հնարավորություններ կլինեն կյանքի կոչել նոր ծրագրեր ու մտահղացումներ։
Ղողանջի դռները բաց են բոլոր երեխաների առաջ։ Կենտրոնում սիրով սպասում են նրանց, ովքեր կցանկանան նույնպես ընդգրկվել այդ ջերմ ու համերաշխ օջախում։ Ցանկացողները կարող են դիմել «Մենք Արցախի մշակույթի պահապաններն ենք» ծրագրի ղեկավար Աիդա Գյանջումյանին՝ զանգահարելով 097207017 հեռախոսահամարին։ Կենտրոնը գտնվում է Նոր Նորքի 5-րդ մասիվի Արտեմ Միկոյան 1 հասցեում։
Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ