19 պաշտոնական պահանջ է դրված Հայաստանի առջեւ․ թող մարդիկ մտածեն իրենց զավակների մասին

  • 12:25 08.02.2025

Step1.am-ի զրուցակիցն է «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը։

Պարոն Պապյան, Նիկոլ Փաշինյանը ցեղասպանությունը եւ մեր պատմությունը մոռանալու մասին թեզեր է դրել շրջանառության մեջ, ինչպե՞ս ես սա գնահատում, ի՞նչ հետեւանք կունենա այս քաղաքականությունը։

-Պարզապես սա Նիկոլ Փաշինյանի կողմից Թուրքիայի եւ Ադրբեջանի պահանջների իրականացում է։ Ես ինքս բազմիցս ասել եմ, որ դեռեւս 1990-ական թվականներից Թուրքիան երեք պահանջ էր դնում Հայաստանի առջեւ՝ Ցեղասպանության մոռացություն, հրաժարում տարածքային, բարոյական կամ նյութական պահանջներից եւ հօգուտ Ադրբեջանի Արցախի հարցի լուծում։ Ես պետք է ասեմ, որ անգամ այն ժամանակ զիջումների հակված Լեւոն Տեր-Պետրոսյանն այդ զիջումներին չգնաց։ Հիմա Փաշինյանը գնաց, եւ պահանջներն արդեն երեքը չեն։ Արդեն 19 պաշտոնական պահանջ է դրված Հայաստանի առջեւ։ Այդ 19-ից 19-ին էլ Նիկոլն արդեն համաձյանել է, այդ թվում՝ համաձայնել է հրաժարվել միջազգային դատարաններում առկա մեր հայցերից։

Սա պարզապես Նիկոլ Փաշինյանի կեղծ դրույթի իրականացումն է, որ իբր թե Թուրքիան եւ Ադրբեջանը մեր նկատմամբ քաղաքականությունը մշակում են՝ ելնելով մեր քաղաքականությունից։ Ասում է՝ եթե մենք ամեն ինչից հրաժարվենք, իրենք իբրեւ էլ պարտք ու պահանջ չեն ներկայացնի, իբրեւ կլինի «խաղաղության պայմանագիր» եւ «խաղաղություն»։ Իրականում խաղաղություն չլինի, եւ ցեղասպանության հարցը կասկածի տակ դնելը ցեղասպանությունից հրաժարում է նշանակում, Լեմկինի ինստիտուտը դա հաստատեց։ Մենք արդեն այստեղ խնդիրներ ենք ունենում ոչ միայն մեր բարոյականության ու մեր պետության անվտանգության հետ, այլեւ հարվածի տակ ենք դնում բոլոր այն երկրներին ու կառույցները, որոնք հանդես են եկել հօգուտ ցեղասպանության ճանաչման։

-Նա փորձում է հայ ժողվորդին ներկայացնել, թե իբր պարտության միջոցով ձեռք ենք բերել անկախ, ինքնիշխան պետություն ունենալու հնարավորություն եւ պետք է օգտագործենք դա։ Սա ինչպե՞ս եք գնահատում։

-Նման անհեթեթություն ես առաջին անգամ եմ լսում, թեեւ բավական ծանոթ եմ թե համաշխարհային պատմությանը, թե միջազգային հարաբերություններին։ Ընդհանրապես ինքնիշխան պետությունը ստեղծվել է միշտ հաղթանակի շնորհիվ՝ կլինի Գերմանիայի միավորումը, Իտալիայի միավորումը։ Միշտ հաղթողն է ինքնիշխան պետություն ձեւավորվել, պարտությամբ ինքնիշխանություն ձեւավորելն առնվազն անհեթեթ է, հատկապես այն պարագայում, երբ 19 այնպիսի պահանջ են դնում, որոնցից յուրաքանչյուրի կատարումը կասկածի տակ է դնում քո ինքնիշխանությունը։ Եթե քո Սահմանադրությունը, որը քո հիմնական օրենքն է, փոխել են տալիս, ի՞նչ ինքնիշխանության մասին է խոսքը։ Երբ քո ներքին տնտեսական քաղաքականությունը, թե որտեղ ինչ պետք է կառուցես, վերահսկվում է արտաքին ուժերի կողմից, դա ինքնիշխանություն չէ։

Նիկոլ Փաշինյանը մի բան է անում՝ հնարավորինս երկարաձգում է իր իշխանությունը, դրա դիմաց պատրաստ է վճարել ամեն ինչով, թեկուզեւ Հայաստանի ինքնիշխանության վերջին մնացորդներով։ Ինքը պատրաստ է թուրքական վիլայեթի կամ պրոտեկտորատի կարգավիճակ ստանալ, այսինքն՝ ամբողջ արտաքին ու ռազմական քաղաքականությունը հանձնել Թուրքիային եւ Ադրբեջանին։ Եթե մի ժամանակ դա Ռուսաստանն էր վերահսկում, հիմա աստիճանաբար դա տեղափոխվում է Թուքիայի ու Ադրբեջանի հովանու ներքո, անունը դնում է ինքնիշխանություն։ Նիկոլ Փաշինյանն ընդհանրապես հայտնի է անտրամաբանական ձեւակերպումներ անելով, սա էլ դրանցից մեկն է, եթե չասենք, որ սա ուղղակի դավաճանություն է, որը հանցակազմ է պարունակում։ Դա նշանակում է, որ այն պատերազմը, որը մղել են մեր դեմ, իսկ մենք պաշտպանվել ենք, ովքեր պաշտպանել ու կռվել են, նրանք դեմ են եղել մեր ինքնիշխանությանը։ Հիմա էլ Նիկոլը սկսելու է պատժել նրանց, ովքեր հայրենիք են պաշտպանել։

-Դուք արտերկորւմ տարբեր հանդիպումների եք մասնակցում, ի՞նչ եք նկատում, Հայաստանի իշխանության այս քաղաքականությունն ի՞նչ արձագանք է ունենում դրսում, Արցախի կամ ցեղասպանության հարցերը հնարավո՞ր է փակել։

-Միջազգային ասպարեզում այս հարցերը կան, եւ ես կասեմ, որ խորը զարմանաք կա, որ հայկական կողմից որեւէ դիմադրություն չկա։ Բոլորը զարմացած են, Հայաստանի դիրքերը այդ բոլոր հարցերում բավական ուժեղ են, ինչո՞ւ անգամ փորձ չի արվում։ Մարդիկ, ովքեր փորձ ունեն, հասկանում են, որ ինչքան դու զիջես, այնքան պահանջելու են։ Եվ եթե իսկապես խաղաղություն ես ուզում, պետք է դիմադրես, պարտադիր չէ միայն զենքով, ի վերջո, կա նաեւ դիվանագիտական դիմադրություն։

Նիկոլի մասին ասում են, բառացի կարող եմ մեջբերել, «ինքը շիզոֆրոնիկ է»։ Բոլորը դա հասկանում են, ուղղակի աշխատում են այդ մարդու հետ, որովհետեւ հայ ժողովուրդը չակերտավոր «ընտրել» է նրան, նա է մեզ անամոթաբար ներկայացնում դրսում եւ ամեն տեսակի հիմարություններ է դուրս տալիս։

Վերաբերմունքը Նիկոլի նկատմամբ շատ վատ է, բայց խնդիրն այն է, որ իրենք մեր փոխարեն հարցը չեն լուծելու։ Իրենք պատրաստ են մեզ օգնել, բայց Հայաստանի իշխանության հարցը պետք է լուծի Հայաստանի ժողովուրդը։ Ժողովուրդն ինքը պետք է դուրս գա ու լուծի իր հարցերը, եթե չի ուզում, որ հենց այդ ժողովրդի զավակներն իրենց արյունով Նիկոլի սխալները փակեն։ Քաղաքական գործիչների սխալների համար վճարում են մարդիկ՝ իրենց կամ իրենց զավակների արյունով։ Նիկոլի այս քաղաքականությունը՝ թեկուզ հենց ցեղասպանությունը կասկածի տակ դնելը, բաձրարցնում է հնարավոր պատերազմի հավանականությունը։ Թող մարդիկ մտածեն իրենց զավակների մասին ու դուրս գան փողոց։

Ինչ վերաբերում է Սփյուռքին, 2015 թվականին նույն Լոս Անջելեսում 100 հազարավոր մարդիկ դուրս եկան փողոց՝ ցեղասպանության 100 ամյակ էին նշում ու ոգեկոչում։ Բա ո՞ւր են հիմա այդ հարյուրները կամ հազարները, թող բողոքեն։ Նիկոլ Փաշինյանը գնաց Վաշինգտոն, Վաշինգտոնից, Նյու Յորքից մեզ լիքը խելք սովորեցնողներ կան, բացի մի քանի դպրոցականի ու ուսանողից մարդ չկա՞ր բողոքող։ Բա կանգնեիք բողոքեիք, նույնը վերաբերում է Նիկոլի հետ հանդիպման գնացած մարդկանց, բա մի կես բերան չեք ասում՝ այս ի՞նչ եք անում։ Ի վերջո կա բարոյականություն, այդ մարդկանց մեծ մասի ծնողները ցեղասպանությունից փրկվածներ են։

Ռոզա Հովհաննիսյան