Ամեն ինչ թողնելով Ավետարանոցում. թվում էր, թե սարսափելին հետևում է

  • 11:39 19.08.2023

Ամեն ինչ թողնելով Ավետարանոցում. թվում էր, թե սարսափելին հետևում է

Դիմա Բաղդասարյանը ծնվել է Ավետարանոց գյուղում, որն Արցախի ամենախիտ բնակեցված գյուղերից էր։ Մարդահամարի տվյալներով՝ մինչև 44-օրյա պատերազմը գյուղում ապրում էր ավելի քան 1000 մարդ։ Գյուղը հարուստ մշակութային և պատմական ժառանգություն ունի, բավական է հիշատակել միայն Կուսանաց Անապատի եկեղեցին։

Այն հիմնադրվել է 5-7-րդ դարերի հնագույն եկեղեցու տեղում, որն ավերվել էր։

Եկեղեցին ինքը կառուցվել է որպես Մելիք-Շահնազարյանների դամբարան, սակայն, ըստ Ս. Ջալալյանցի, եկեղեցին կառուցել են Հռիփսիմեն և Գայանեն՝ Տեր Առաքելի օգնությամբ։

Դիման ծնվել է 1988 թվականին չանախչեցիների ընտանիքում։ Չանախչի՝ այսպես էին անվանում Ավետարանոց գյուղը Խորհրդային Միության ժամանակ։

Նա հպարտությամբ խոսում է գյուղի դարավոր պատմության մասին։

Գյուղի բնակիչներն աչքի էին ընկնում իրենց հյուրընկալությամբ և գթասրտությամբ։ Նրա խոսքով՝ գյուղում յուրաքանչյուր հյուրի ընդունում էին որպես ընտանիքի անդամի։ Դիմայի ծնողները զբաղվում էին գյուղատնտեսությամբ, իսկ Դիման ամեն ինչում օգնում էր ծնողներին, միաժամանակ սովորում էր։

Ավարտել է գյուղի դպրոցը, ապա՝ Ստեփանակերտի գյուղատնտեսական ուսումնարանը։ 2006-2008 թվականներին ծառայել է Արցախի պաշտպանության բանակում։ 2014-ին աշխատանքի է ընդունվել Տիգրանակերտի թանգարանում։ 2016 թվականին նա ակտիվ մասնակցություն է ունեցել Ապրիլյան պատերազմին։

Դիման կարծում էր, որ 4-օրյա պատերազմն իր կյանքի ամենադժվար փորձությունն էր, սակայն պարզվեց, որ սա փորձությունների միայն սկիզբն էր։ 2017 թվականին նա սարսափելի վթարի է ենթարկվել, որի արդյունքում բազմաթիվ վնասվածքներ է ստացել։ Դիման կոմայի մեջ է անցկացրել 25 օր։

Հարազատներն ու բժիշկներն այլևս հույս չունեին, որ նա երբևէ կապաքինվի, բայց Տերը լսեց աղոթքները: Բժիշկների, ինչպես նաև Ստեփանակերտի վերականգնողական կենտրոնի մասնագետների մեծ ջանքերով նա ոտքի է կանգնել։

Դիման վերադարձավ առօրյա կյանքին, և թվում էր, թե ամենասարսափելին հետևում է։

Սակայն 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսվեց 44-օրյա արյունալի պատերազմը, որի արդյունքում Ասկերանի շրջանի մի մասը, այդ թվում՝ Ավետարանոց գյուղը, անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ։

Հայրենի գյուղում Դիման թողել է ամեն ինչ՝ տուն, ունեցվածք և մանկության ու պատանեկության երջանիկ տարիների հիշողություններ։

Հիմա Դիման ապրում է Ստեփանակերտում՝ բոլորի հետ միասին հաղթահարելով շրջափակման բերած անտանելի փորձությունները։

 

f