Ղարաբաղյան շարժմանը մասնակցում էին բոլոր արցախցիները։ Շատ շատերը տանում էին ընդհատակյա գործունեություն ու գործում առանց վախենալու և երկմտելու: Այդ մարդկանցից է Ասկերանի շրջանի Ակնաղբյուր գյուղի բնակիչ Կամո Իսաբաբյանը, ով իրականացնում էր Ակնաղբյուրի ենթաշրջանի բնակչության ստորագրահավաքը։
-Արցախյան շարժումը շատ խորը պատմական հիմքեր ունի և երկար նախապատրաստական փուլով է անցել, 88-ի փետրվարի 20-ին չի ծնվել: Պարզապես այդ թվականին էր եկել գործելու իսկական ժամանակը:
1977 թվականին պատահաբար իմ ձեռքն ընկավ Հովհաննես Շիրազի <<Ղարաբաղի ողբը>>` հայ ազգի ամենաազդեցիկ բանաստեղծություններից մեկը, որը խրված էր վայ ազգերի կոկորդը և անմարսելի էր նրանց համար: Հաճախ էի Շիրազի և Սևակի հայրենասիրական բանաստեղծություններն արտասանում մարդաշատ տեղերում։ Հաճախ կշտամբում էին ինձ և զարմանում համարձակությանս վրա՝ ապրել այդպիսի երկրում և հանդգնել նման բանաստեղծություններ կարդալ, այն էլ՝ հասարակության մեջ։ Երբեմն ըմբոստանում էի, երբեմն էլ՝ լռում: Մի անգամ խիզախեցի և Բաքվում կազմակերպված հարսանիքի ժամանակ Շիրազ արտասանեցի։
Երբ սկսվեց Արցախյան շարժումը, լեզուս և ձեռքերս ազատ արձակվեցին: Այլևս չէի կարող զսպել ըմբոստացած գաղափարներս: Ամեն տեղ սկսվեց ստորագրահավաքը։ Ես ինձ վրա վերցրի այդ գործը և մեր մոտակա գյուղերից 1500-ից ավելի ստորագրություն հավաքեցի ու փաստաթուղթը ներկայացրի Ասկերան՝ այդ աշխատանքները համակարգող Սլավիկ Միրզոյանին: Հետագայում բոլոր ստորագրությունների հետ ուղարկեց Մոսկվա: Իսկ Մոսկվայում սոսկ խոսքերով էին կերակրում մեզ՝ ասելով, որ Արցախն անպայման կմիանա մայր Հայաստանին, սակայն իրականում ոչ մի քայլ և շարժ չկար:
Ակնաղբյուրցիները ներգրավվել էին զարգացող իրադարձությունների մեջ
-Մեր գյուղն իսկապես ակտիվ բնակչություն ուներ: Համարյա ամեն օր հավաքվում էինք գյուղի ակումբում և թռուցիկներ կարդում: Սկզբից լցվել էինք լավատեսությամբ՝ կարծելով, թե շատ շուտով և խաղաղ ճանապարհով կլուծվի մեր հարցը: Բայց եղավ այն, ինչ թելադրում էր Ադրբեջանը: Մեր ձորակի բոլոր գյուղերն արդեն սուզվել էին շարժման մեջ: Յուրաքանչյուրի շուրթերին <<Շարժում>> բառն էր: Մեր համագյուղացի Արկադի Եսայանը, ով շատ ակտիվ մասնակից էր (ցավոք, վաղաժամ հեռացել է կյանքից), թռուցիկներ էր բերում գյուղ, կարդում մեզ համար, իսկ մենք ոգևորված և ինքնամոռաց լսում էինք: Անգամ իր հիվանդության ծանր օրերին գնում և մասնակցում էր ցույցերին: Ցավոք, քչերը գիտեն այդ մարդու կատարած վտանգավոր առաքելության մասին:
Կամո Իսաբաբյանը 1988-ի փետրվարի 20-ին Երևանում էր
-1988 թվականի փետրվարի 20-ին շատերի հետ ես ևս մեկնել էի Երևան՝ մասնակցելու հանրահավաքին։ Երևանի Ազատության հրապարակում (Օպերայի դիմաց) հանդիպեցի Ավետարանոցի հիվանդանոցի բժիշկ Գեորգի Մնացականյանին, մեր համագյուղացիներ Արշավիր Ղարամյանին, Հովիկ Ավանեսյանին, Նորագյուղից Վալերի Պետրոսյանին: Մինչ նրանց հանդիպելը՝ թռուցիկներ էի բաժանում: Այդ ժամանակ երեք տղամարդ մոտեցան ինձ և սկսեցին ռուսերեն լեզվով հարցեր տալ: <<Ինչպե՞ս եք, ի՞նչ եք անում այստեղ, ինչպե՞ս է Ղարաբաղում իրավիճակը>>,- հարցնում էին ինձ և առաջարկում առանձնանալ, հետո զրուցել: Մեկի մոտ թերթի մեջ փաթաթած ինչ-որ բան կար: Ես զգաստացա ու հասկացա նրանց մտադրությունը․ սկսեցի կանչել մեր տղաներին, այդ երեքն անմիջապես անհետացան: Հավանաբար այդ պատմական օրն առաջին զոհը պետք է լինեի։ Օպերայի մոտից պատվիրակություններ էին ուղարկվում այն ժամանակ առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանի մոտ: Հերթական մեքենայով ես էլ ուղևորվեցի, բայց այլևս չէին թողնում, որ շենքը մարդ մտներ: Սակայն Գերոգի Մնացականյանը ներսում էր: Իգոր Մուրադյանը եկավ և մեզ հավաստիացրեց, որ իրենց լավ ընդունել են ու ամեն ինչ լավ է լինելու։
Պատմական այդ օրը Կամոն շատ հետաքրքիր ծանոթություններ ունեցավ
-Օպերայի շենքում էինք ու հանկարծ ինձ մոտեցավ Սիլվա Կապուտիկյանն ու ասաց․ որդի՛ս, մի տես ինչ նորություն կա Արցախից: Մեծ բանաստեղծուհու ներկայությունից ոգևորված՝ դուրս թռչեցի շենքից ու պարզեցի, որ Ստեփանակերտում դեռ չեն ավարտել նիստը․ նորից հետ դարձա ու այդքանն ասացի Կապուտիկյանին: Այդ օրը Սլավիկ Միրզոյանը, Հրաչյա Հովհաննիսյանը, Վաչե Սարուխանյանն էլ էին Օպերայի հրապարակում: Նրանց ելույթները լի էին վստահությամբ և մեծ հույսով: Այդ օրը մի հետաքրքիր անակնկալ ևս եղավ: Ծանոթացա 50-ին մոտ մի տղամարդու հետ, հրավիրեց իրենց տուն: Պարզվեց, որ այդ մարդն արձակագիր Պարույր Թևոսյանն է: Արմատներն Արցախի Շոշ գյուղից էին, իսկ ինքը ծնվել է Թբիլիսիում: Հետաքրքիր զրույց ունեցանք։
Իսկ Արցախում ժողովուրդն ըմբոստացել էր և բռունցք դարձել
-Ժողովուրդն արդեն չէր կարողանում զսպել բողոքի իր ձայնը, չէր ցանկանում հպատակվել անարդարություններին։ Գյուղում գյուղատնտեսական աշխատանքներ էին ընթանում: Մեր կոլտնտեսության ժողովներից մեկի ժամանակ ասացին, որ պետք է հացահատիկ տարվի Ակնա: Կարգադրեցին բեռնել մեքենաները և տանել: Գիշերվա կեսին մեր գյուղի ուսուցիչներից մեկի՝ Արտուր Ավանեսյանի հետ գնացինք հարևան Ջրաղացներ գյուղը և բեռնատար մեքենաներից մեկի անվադողերը ծակեցինք: Եվ այդպես շարունակ։ Չէինք պատրաստվում այլևս ենթարկվել նման հրամաններին: Մենք ուզում էինք ազատ ապրել, իսկ դրա համար պետք էր դիմել զենքի օգնությանը: Հասկացել էինք, որ միայն զենքի միջոցով կլուծվի մեր հարցը։
Եվ անհավասար պատերազմում մի բուռ ազգով կարողացանք հաղթել թշնամուն, և դա արեցինք մեր ուժի, խելքի, կամքի, հավատի շնորհիվ: Հաղթանակի հասնելու համար մենք կորցրինք հազարավոր տղաների։ Ցավոք, ամեն ինչ ջուրն ընկավ։ Կորցրել ենք Արցախը, բայց չի կորել հետվերադարձի մեր հավատը։
Արցախյան շարժման ակտիվիստ Կամո Իսաբաբյանը շարունակել է իր պայքարը և ակտիվորեն մասնակցել Արցախյան պատերազմին, երկու անգամ վիրավորվել և երկու անգամ ուղեղի ցնցում ստացել: Հաշմանդամ մարդը չի դադարել շարունակել իր պայքարը։ Նա ապրիլյան քառօրյա պատերազմի կամավորականների շարքերում էր։
Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ
2025. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: