Արցախցիների բնակապահովման ծրագրի փոփոխությունը ծաղր է

  • 13:09 21.02.2025

Արցախից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրում իրականացված փոփոխություններից հետո, ըստ որի սահմանվել է 4 մլն դրամ սահմանաչափով բնակավայրերի նոր ցանկ, արցախահայության մեջ առաջացել է բողոքի և դժգոհության ալիք։ Արցախցիները փոփոխության ենթարկված ծրագիրը համարում են ծաղր և անընդունելի։

Սոցիալական հարթակներում նրանք իրենց բողոքի խոսքն են բարձրացնում, ներկայացնում սպասվող դժվարությունները, ինչպես նաև առաջարկություններ անում

 -Արցախցիները ծրագիրը համարում են ոչ թե բնակարանային ապահովման ծրագիր, այլ իրենց հաշվին սահմանային բնակավայրերի վերաբնակեցման և շենացման ծրագիր։

-1-3 հոգուց կազմված ընտանիքները համոզված են, որ երբեք չեն կարողանա այդ գումարով բնակարան ձեռք բերել՝ անգամ եթե 3 մլն-ի փոխարեն մեկ շնչի համար հատկացվի 4 մլն դրամ։ Առանձնապես, երբ այդ մարդիկ 50-ից բարձր են և չեն կարող օգտվել հիպոթեքային վարկերից։

-Հավաստագրեր հատկացնելու փոխարեն արդյունավետ կլինի, որ կառուցվեն բազմաբնակարան շենքեր և տրամադրվեն արցախցիներին՝ համակցված բնակեցվելու ըստ նրանց բնակության վայրերի։

-Ամեն մարդ ինքն է որոշում՝ որտեղ ապրի։ Ոչ ոք իրավունք չունի պարտադրել նրան, անգամ եթե մարդ հայտնվել է անելանելի դրության մեջ։ Երևան քաղաքում անգամ դժվար է աշխատանք գտնել, ինչ մնաց՝ մարզերում։

-Չօգտվել բնակարանային անհեթեթ ծրագրից։ Խնդիր դնել՝ արցախցիներին ապահովել տներով։ Չոտնահարել արցախցու իրավունքները։

-Արցախցին սահմանից է եկել ու չի վախենում նորից սահմանում ապրել, սակայն առաջարկվող մարզերում ու համայնքերում զբաղվածության խնդիր կա։ Դրա մասին է վկայում տեղի բնակչության արտահոսքը։

– Ինչո՞ւ են արցախցիներին զրկում Երևանի մերձակա բնակավայրերում բնակվելու իրավունքից։ Մարդիկ պատրաստ են ապրել մայրաքաղաքից ոչ հեռու գյուղական համայնքներում, զբաղվել հողագործությամբ, ինչպես նաև աշխատանք գտնել Երևանում։

-Բնակապահովման ծրագիրը արցախահայությանը տանում է դեպի արտագաղթ։

-Ստեղծել վստահելի հանձնախումբ, որը կզբաղվի արցախցիների բնակապահովման ծրագրով։ Մշակել լիարժեք ծրագիր։

-Արցախցիներին առաջարկվում են բնակելի տներ ձեռք բերել այնպիսի բնակավայրերում, որտեղից մարդիկ գալիս ու աշխատանք են գտնում Երևանում։ Ինչպե՞ս հասկանալ։

-Ծրագիրն անիրական է և նվաստացնող։ Այն ոչ թե կօգնի արցախցիներին տուն ձեռք բերել, այլ կսփռի աշխարհով մեկ․․․

-Վերադարձ Արցախ․․․Հորդորել ՀՀ իշխանություններին ակտիվ միջոցներ ձեռնարկել արցախահայությանն Արցախ վերադարձնելու ուղղությամբ՝ միջազգային կազմակերպությունների երաշխավորությամբ։

-Արցախցին ի վիճակի չէ վարկ վերցնել, որ կարողանա գումար ավելացնել հավաստագրին։

-Պետությունը պետք է բնակարան տրամադրի յուրաքանչյուր ընտանիքի՝ իր կորցրած սեփականությանը համարժեք։

-Իշխանությունները շատ լավ գիտեն բնակարանների շուկայական գները և այն, որ նախատեսված գումարներով հնարավոր չէ տուն ձեռք բերել։

-Արցախցիները համաձայն չեն ցրված տեղաբաշխմանը, առաջարկում են Արցախ թաղամաս կառուցել ու բնակեցնել ժողովրդին։

-Կրկին ձախողված ծրագիր․ համախմբվել ու բոյկոտել։

Նման բազմաթիվ տեսակետներ են շրջանառվում արցախահայության մեջ։ Մարդիկ իրենց կարծիքներն ու առաջարկություններն են անում սոցցանցերում՝ հուսալով, որ իրենց ձայնը հասանելի կլինի, իսկ իրավունքները՝ պաշտպանված։ Արցախահայությունը իր վրդովմունքն է հայտնում չարդարացնող ծրագրի շուրջ և սպասում, որ բնակապահովման հարցն, ի վերջո, իր լուծումը կստանա։ Արցախցին համբերատար է ու չպետք է մոռանալ, որ նա միշտ ապրել է արժանապատիվ կյանքով, ստիպված թողել տարիների իր վաստակը, ձեռնունայն հեռացել իր տնից և երբեք չի հանդուրժի ծաղրուծանակի նմանվող որևէ վերաբերմունք։ Դե իսկ Արցախ վերադառնալու և հայրենի հողում ապրելու նրա ցանկությունն ու հավատը երբեք չեն մարելու։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

f