Power base․ Արցախից զրկվելն ու Արցախից հրաժարվելը Հայաստանի Հանրապետության ռազմավարարական ինքնասպանությունն է

  • 15:52 21.02.2025

Eduard Abrahamyan-ը գրում է

Հայ հանրությունն ու քաղաքական էլիտաների մեծ մասն այսպես էլ չգիտակցեց, թե ինչ բացառիկ ռազմավարական նշանակություն ուներ Արցախը Հայաստանի Հանրապետության համար։

Արցախը Հայաստանի Հանրապետության համար ներկայի և ապագայի կենսունակության, ինչպես նաև հայկական պետականությունը տարածաշրջանում մշտապես ինքնատիպ ու ուրույն աշխարհաքաղաքական գործոն պահելու և զարգացնելու առանձնահատուկ կոմպոնենտ-բաղադրիչ էր։

Միջազգային հարաբերություններում մնան սուպեր-տարածքները փոքր պետությունների պարագայում կոչվում են «ուժի բազա»-ներ (power base), որն «օդի ու ջրի պես» ապահովում է անվտանգային առումով խոցելի ու սակավ կարողունակություններ ունեցող փոքր պետության կենսունակությունը։

Անշուշտ, հանրությանը հնարավորություն չեն տալիս գիտակցել, թե Արցախն իր աշխարհագրական դիրքով՝ Օմարից մինչև Արաքս, ինչ բացառիկ կարևորություն ուներ Հայաստանի Հանրապետության համար անվտանգային, անվտանգությունը կազմակերպելու և Ադրբեջանին ուժային զսպման տեսանկյունից։

Արցախով Հայաստանի Հանրապետությունը ուներ ինքնաբավ օպերատիվ խորություն։ Արցախն իր Լեռնային հատվածներով մինչև Ակնայի և Վարանդայի բնական սահմանագիծը, մերձարաքսյան հատվածը, բարդ լեռնային ռելիեֆը՝ ներդաշնակ Սյունիքի ու Վայոց Ձորի, ինչպես նաև Գեղարքունիքի հյուսիս-արևելյան հատվածի հետ համակցված ճիշտ ռազմավարական պլանավորման ու պաշտպանական քաղաքականության պայմաններում ստանում էր ռազմավարական խորության նշանակություն Հայաստանի Հանրապետության համար։

Այն ուներ պաշտպանիչ պատյանի դեր և նշանակություն, ինչն էլ մեծացնում էր Հայաստանի Հանրապետության արտաքին մանևրականությունը և զսպում/մեղմացնում արտաքին ուժային ճնշման ազդեցությունը՝ սուվերեն որոշումներ կայացնելու վրա։ Դարձնում էր Հայաստանի Հանրապետությունը որոկապես այլ աշխարհագրությամբ ու քաղաքական դիրքավորմամբ խաղացող։

Առկա էր ուժային կոնֆիգուրացիա-աշխարհագրական ուժային պարիտետ Հայաստանի ու Ադրբեջանի միջև, քանի որ երկուսն էլ համարվում էր, որ ունակ են պրոյեկտել ուժ ու ազդեցություն անմիջական միջավայրի վրա։ Այն հիմնովին քանդվեց, երբ Հայաստանը զրկվեց/հրաժարվեց Արցախից։

Էլ չենք ասում, թե Արցախն ինչ բացառիկ պարենային, ջրային ու էներգետիկ անվտանգության ու կենսունակության նշանակություն ուներ Հայաստանի Հանրապետության համար։ Հենց պետական վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ Արցախի կորստի հետևանքով պարենային և ջրային կախվածությունը դրսից (Ռուսաստանից և Ադրբեջանից համապատասխանաբար) մեծացել է էականորեն, քան Արցախով Հայաստանի ժամանակ էր։

Մի պահ պատկերացրեք, եթե Հայաստանի Հանրապետության կառավարող էլիտաները լինեին մի քիչ ավելի իմաստուն ու դեռ 1990-ականներից իրապես ձգտեին կառուցել արդյունավետ կառավարմամբ պետական համակարգ և գործակալություններ՝ ինչ հավելյալ մեծ ներուժ ու շոշափելի նյութական, տնտեսական, դեմոգրաֆիկ, անվտանգային ու աշխարհաքաղաքական բարիք կտար Արցախը Հայաստանի Հանրապետությանն իր պարենային առկա և պոտենցիալ արտադրության, ինչպես նաև բնական հանածոների, ինտելեկտուալ պոտենցիալի, ջրային ու վերականգնվող էներգիայի պաշարներով՝ դարձնելով Հայաստանի Հանրապետությունը տարածաշրջանում ոչ միայն ինքնաբավ, այլ նաև ինստիտուցիոնալ առումով կուռ ու ազդեցիկ խաղացող, նույնիսկ դոմինանտ իր երկու հարևանների հանդեպ, եթե հիմքերը 1990-ականներից ճիշտ դրված լինեին։

Ի դեպ, Արցախի արտադրողական պոտենցիալի մասին խոսել են Ադրբեջանի տնտեսության նախարարը և երկրի նախագահը 2023-ին՝ հայտարարելով, որ ղարաբաղյան և արևելա-զանգեզուրյան տնտեսական գոտիները լինելու են Ադրբեջանի ոչ հիդրոկարբոնային տնտեսության լոկոմոտիվը։

Արցախի կորուստի հետևանքով, Հայավային Կովկասում հայկական էթնո-քաղաքական տարրի դեմոգրացիկ սփռվածությունը կրճատվեց մոտ 35%-ով, էականորեն մեղմացնելով հայկական էթնո-քաղաքական գործոնի նշանակությունը տարածաշրջանում և տալով ադրբեջանական էթնո-քաղաքական գործոնին էլ ավելի մեծ «գործելու տարածություն» (action space)։

Արցախի կորուստը զրկեց Հայաստանին Ադրբեջանին զսպման քաղաքականության իրականացնելու համար արդյունավետ ուժ ու ազդեցություն պրոյեկտելու հնարավորությունից։ Առանց Արցախ Հայաստանի հանդեպ Ադրբեջանը ձեռք է բերում աշխարհագրական գերակայություն բոլոր ասպարեզներում՝ իր նախիջևանյան Սադարակից մինչև Ղազախի շրջան Հայաստանը վերցնելով ռազմավարական պինդ ակցանի ու կիսաշրջապատման մեջ՝ թե ռազմական, թե լոգիստիկ, թե դեմոգրաֆիկ և թե տնտեսական ու նույնիսկ սոցիալ-հոգեբանական առումներով։

Արցախի կորուստը, Արցախից հրաժարվելը արդեն իսկ ունի ու դեռ ունենալու է շարունակական բացասական հետևանքներ Հայաստանի Հանրապետության պաշտպանունակության, կենսունակության և գոյաբանական անվտանգության համար՝ իր ֆունդամենտալ խոցելիություններով էականորեն սահմանափակելով Հայաստանի արտաքին քաղաքական, լոգիստիկ, տնտեսական և ժողովրդագրական կարողությունները ապագայում։

Արցախից զրկվելն ու Արցախից հրաժարվելը Հայաստանի Հանրապետության ռազմավարարական ինքնասպանությունն է։ Արցախից հրաժարվելը նշանակեց Հայաստանի Հանրապետության ապառազմավարականացում։ Արցախի ճանաչումն էլ գլխավոր ռազմավարական օպոնենտի կազմում վերջնականապես խլեց Հայաստանի Հանրապետության որպես հայկական քաղաքական նախագծի, հայկական աշխարհաքաղաքական ինքնապրոյեկտման հնարավորությունը։ Նշանակում, է խլել ոչ միայն Հայաստանի Հանրապետության գեոպոլիտիկ ապագան, այլ զրկել նրան ողջ ռազմավարականությունից, ռազմավարական գրավչությունից ու կարևորությունից։

Հայաստանին առանց Արցախի մնում է մեկ ճանապարհ՝ այն է լինել որևէ հարևանի աշխարհաքաղաքականության ու ռազմավարության կցատարածք։ Այս պարագայում՝ Ադրբեջանի, որը հավակնում է ստանձնել արցախազուրկ Հայաստանի Հանրապետության աշխարհաքաղաքական «խնամակալի» դերը՝ ենթարկեցնելով ու հնազանդեցնելով այն իրեն, աստիճանաբար «մարսելով» այն, աբսորբացնելով, դարձնելով Ադրբեջանի գեոպոլիտիկայի մաս ու շարունակություն։ Ադրբեջանն արդեն իսկ մշակել է և առաջ է մղում Հայաստանի Հանրապետության իր ռազմավարական շահերին հարմարեցված պրոյեկտ-տեսլականը։

Չգիտակցել Արցախի ռազմավարական բացառիկ նշանակությունը Հայաստանի Հանրապետության համար որպես միջազգային հարաբերությունների սուբյեկտի, նշանակում է ոչինչ չհասկանալ ռազմավարությունից ու չունենալ ռազմավարական միտք։

Հետևաբար, Հայաստանի Հանրապետության անվտանգային ու միջավայրաին վերլուծությունների մեկնարկային կետը պիտի լինի այն, որ Հայաստանի Հանրապետությունն առանց Արցախի շատ ավելի թույլ ու խոցելի է (դարձել), քան Արցախի տիրապետման պարագայում էր ու կարող էր լինել։ Իսկ Ադրբեջանը շատ ավելի հզոր, ազդեցիկ ու տարածաշրջանային գործընթացներ թելադրող է դարձել Արցախով, քան այն առանց Արցախի էր ու կարող էր լինել։

Արցախը կարևոր ուժի բազա է երկու օպոնենտների համար, զրկելով մեկին դրանից՝ ուժեղանում է մյուսը, և հակառակը։ Այն Հայաստանի Հանրապետության պարագայում ամենաքիչը տալիս էր հնարավորություն զսպել հակառակորդին ու պահպանել ուժային կոնֆիգուրացիա-պարիտետ աշխարհագրության շնորհիվ, նույնիսկ եթե առկա էր մեծացող ռազմական քանակական-որակական դիսբալանս։

Արցախը Ադրբեջանի տիրապետության պարագայում հնարավորություն է տալիս իր օպոնենտին վերջնականապես դարձնել դիսֆունկցիոնալ, ապառազմավարականացված և ենթարկայության տակ առնված կցատարածք։ Այսինքն Հայաստանի Արցախից զրկման/հրաժարման գործոնը անկախ փոփոխական է՝ Հայաստանի առկա դիրքավորումը, վիճակն ու հնարավորությունները տարածաշրջանային առկա ու ապագա դինամիկայի պայմաններում վերլուծելու պարագայում։

Իսկ սա, ի վերջո, նշանակում է, որ զարգացնել, պաշտպանել, բարձրացնել Հայաստանի Հանրապետության սուվերենությունն ու անկախ որոշումներ կայացնելու հնարավորությունը, բարձրացնել կենսունակությունն ու չեզոքացնել խոցելիությունները լինելու է շատ ավելի բարդ ու դժվարին գործ, քան այն կլիներ Արցախի տիրապետման պարագայում։ Մարդամեկն այս ամենը շատ լավ հասկանում է։ Դրա համար էլ խոսում է միայն գոնե պետության կախվածությունների բազմազանեցման մասին, ինչն էլ ցուցիչ է արցախազուրկ Հայաստանի Հանրապետության խղճուկ աշխարհաքաղաքական կարգավիճակի և ապառազմավարականացման և սուբ-հեգեմոնիկ հավակնություններ ունեցող Ադրբեջանի շահերի սպասարկման ֆունկցիայի մասին։

ԲԱՅՑ, կան ոչ դասական, ինովացիոն ու ասիմետրիկ լուծումներ։ Քաղաքական էլիտայի մտքին տեղ լինի։

f