Սահմանադրության «փոփոխությունը»՝ Փաշինյանի համար իշխանությունը պահելու երաշխիք

  • 00:21 22.02.2025

Այսօրվա դրությամբ համաձայնեցվել է Հայաստանի հետ 17 կետից բաղկացած խաղաղության համաձայնագրի 15 կետը։ Չլուծված կետերից մեկը Զանգեզուրի միջանցքի բացումն է, երկրորդ կետը Հայաստանի Սահմանադրության փոփոխությունն է: Դրա մասին հայտարարել է Ադրբեջանի խորհրդարանի փոխնախագահ Զիյաֆաթ Ասկերովը։

Նա նաև ասել է, որ Բաքուն «ուզում է պայմանագիր կնքել հայկական պետության հետ, ոչ թե վարչապետի»։

Այս արտահայտությունը բացահայտում է ոչ միայն Փաշինյանի և հայկական պետության շահերի ահռելի հակասությունը, որը նկատում է Բաքուն։ Այնտեղ գիտեն, որ Փաշինյանի հետ ստորագրված պայմանագիրը կարող է այդպես էլ թղթի կտոր մնալ։ Նրանց պետք է ավելի հզոր երաշխիք, քան Փաշինյանի ստորագրությունը։ Իսկ նման երաշխիք կարող է լինել միայն հանրաքվեով ընդունված Սահմանադրությունը, որը կհաստատի հայ ժողովրդի «կամքը»՝ հրաժարվել սեփական իրավունքներից, հողերից, ինքնությունից եւ վերածվել անարմատ խաչմերուկի։

Իր հերթին, Սահմանադրության փոփոխության «մտադրությունը» կարող է Փաշինյանի համար իշխանությունը երկարաձգելու երաշխիք լինել։ Ասկերովը փաստորեն ասում է, որ Փաշինյանն իրենց համար արժեք ունի միայն Սահմանադրության փոփոխությամբ։

Նման կետեր խաղաղության պայմանագրում չեն քննարկվում, «Ազատությանը» փոխանցել է Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը՝ արձագանքելով Ադրբեջանի Մեջլիսի փոխնախագահի պնդմանը:

Բաքուն պահանջում է, որ Հայաստանը Սահմանադրության մակարդակում հրաժարվի Հայաստանի և Արցախի միացումի մասին 1989 թ․ դեկտեմբերի 1-ի որոշումից և Ցեղասպանության 1921 թ․ ռուս-թուրքական պայմանագրերով Հայաստանից զավթած հայկական տարածքներից։

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը չի բացառում, որ նոր Սահմանադրության տեքստի նախաբանից կհանվի Անկախության հռչակագրի հղումը: Սա այն դեպքում, երբ Սահմանադրական դատարանը սահմանազատման կանոնակարգի սահմանադրականության հարցը քննելիս արձանագրել է՝ մայր օրենքի նախաբանը, ինչպես նաև առաջինից երրորդ և 203-րդ հոդվածներն անփոփոխելի դրույթներ են:

Նա ասել է, որ Սահմանադրության նոր նախագիծը պետք է պատրաստ լինի մինչեւ 2026-ի ընտրությունները։

Դրանից առաջ Նիկոլ Փաշինյանն է հայտարարել Սահմանադրության փոփոխության անհրաժեշտության մասին, արդարացնելով այն «իրողությունների փոփոխությամբ»։

Հայաստանի քաղաքական ուժերը միանգամից հայտարարեցին, որ Փաշինյանը կատարում է Բաքի պահանջը, ինչը անընդունելի է։ ՀՀ կառավարությունը հերքում է, որ դա Բաքվի պահանջն է։ Բացի այդ, ակնարկներ են հնչում, որ կարող է Սահմանադրության ոչ մի փոփոխություն էլ չլինի։

NEWS.am–ի հետ զրույցում «Իրազեկ Քաղաքացիների Միավորում» խորհրդատվական ՀԿ-ի ծրագրերի համակարգող,  ՀՀ-ում սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանն ասել է, որ լավագույն դեպքում հանրաքվեն կարող է տեղի ունենալ 2027 թվականին, և 2026 թվականին ձևավորվելիք նոր խորհրդարանը նույնպես պետք է մասնակցություն ունենա Սահմանադրության ձևավորմանը։

«Այս իշխանությունը շատ ռեֆորմներ է տապալել, կա նաև հավանականություն, որ սահմանադրական ռեֆորմը ուղղակի չի ստացվի տեսանելի ապագայում»,–ասել է նա։

Վերլուծաբանները ասում էին, որ Ալիևը «համաձայնվել է» ընդունել Փաշինյանի «խոստումը»՝ փոխել Սահմանադրությունը, ինչն էլ Փաշինյանի համար իշխանությանը մնալու երաշխիք է դարձել։

 

f