Այսօր Սաուդյան Արաբիայում կկայանա Ուկրաինայի հարցով ԱՄՆ-Ռուսաստան բանակցությունների երկրորդ փուլը, որին, ըստ ամենայնի, կրկին չի մասնակցի Կիևը։ Սակայն Վաշինգտոնն ու Մոսկվան կարծում են, որ բանակցությունները արդյունավետ կլինեն, իսկ Թրամփը նույնիսկ ասել է, որ ուկրաինական պատերազմը կարող է դադարեցվել մի քանի շաբաթից։
Բանակցությունների առաջին փուլից հետո մի քանի օրվա ընթացքում շատ բան է փոխվել. Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հրաժարական տալ՝ հանուն Ուկրաինայում խաղաղության, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը բանաձեւ է ընդունել, որում Ռուսաստանը չի նշվում որպես ագրեսոր, իսկ Թրամփն ու Պուտինը սկսել են խոսել այն մասին, որ ԱՄՆ-ը մասնակցելու է հազվագյուտ մետաղների մշակմանը ոչ միայն Ուկրաինայում, այլև Ռուսաստանում։
Այս ֆոնին երեկ եվրոպացի առաջնորդներն այցելեցին Կիև, որտեղ հայտարարվեց, որ Ուկրաինան կարող է դառնալ ԵՄ անդամ մինչև 2030 թվականը։ Ինքը՝ Պուտինը հայտարարել է, որ դեմ չէ Ուկրաինայի և ԵՄ-ի միջև բանակցություններին, սակայն չի ընդունում Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին։
Երեկ Ուկրաինան նոր հարձակում է ձեռնարկել Ռյազանի նավթավերամշակման գործարանի վրա՝ փաստացի ոչնչացնելով Ռուսաստանի այս խոշորագույն ձեռնարկությունը։ Իսկ այսօր Ռուսաստանը հզոր հրթիռային հարված է հասցրել ուկրաինական բնակավայրերին։ Այնուամենայնիվ, Ռուսաստանում և Ուկրաինայում սկսեցին խոսել պատերազմի ավարտի մասին։
ԱՄՆ նոր վարչակազմն ասում է, որ Ուկրաինան չպետք է դիմակայեր Ռուսաստանին, քանի որ ի սկզբանե հայտնի էր, որ Կիևը չէր կարողանա հաղթել Ռուսաստանին նույնիսկ Արևմուտքի օգնությամբ։ Կողմերը կարող էին պայմանավորվել այն մասին, ինչ այժմ առաջարկվում է, 2022 թվականի մարտին Ստամբուլում։ Բայց չպայմանավորվեցին, և այս երեք տարիների ընթացքում հարյուր հազարավոր մարդիկ սպանվեցին, տներ ու ենթակառուցվածքներ ավերվեցին, միլիոնավոր մարդիկ փախստական դարձան, այդ թվում՝ ռուսներ։
Արցախում՝ 2020-2023 թթ., Պաղեստինում՝ 2023-25 թթ. և Ուկրաինայում 2022-25թթ. նմանատիպ պրոցեսներ են տեղի ունենում՝ իրավունքը բռնությամբ կոտրելու միտմամբ։
2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից ի վեր Հայաստանի կառավարությունը բազմիցս ասել է, որ դիմադրությունն անիմաստ է. այն կբերի ավելի շատ զոհերի և նույնիսկ պետականության կորստի։ 2020 թվականին պաշտոնական Երեւանի ճիշտ քաղաքականությամբ հնարավոր կլիներ դիվանագիտական մակարդակով պաշտպանել իրավունքը և հայկական գրծոնը։ Բայց Երևանը նախընտրեց «ձեռքերը վեր բարձրացրած» քաղաքականությունը, որով իշխանության եկավ Փաշինյանի կառավարությունը։ Այս քաղաքականությունը բերեց աշխարհաքաղաքականության մեջ Հայկական գործոնի զրոյացման։
Պաղեստինը դեռ դիմադրում է, և չի բացառվում, որ Պաղեստին պետություն ստեղծվի, և թեև Թրամփը պահանջում է բոլոր պաղեստինցիների արտաքսումը, արաբական աշխարհը թույլ չի տա, որ պաղեստինյան գործոնը զրոյացվի։
Ինչ վերաբերում է Ուկրաինային, ապա այն գոյատևել է 3 տարի, սակայն Թրամփի նոր աշխարհակարգը չի ենթադրում օրենքի գերակայություն, և Ուկրաինան ստիպված է լինելու զիջել իր տարածքների մի մասը։ Բայց կմնա աշխարհաքաղաքական գործոն։
Վերլուծաբանները նշում են, որ Զելենսկու հրաժարականից անմիջապես հետո Ուկրաինայում իշխանության կգան Պուտինին և Թրամփին հավատարիմ ուժերը։ Պատահական չէ, որ ԵՄ-ն փորձում է կասեցնել Զելենսկու հրաժարականը, որպեսզի ինչ-որ կերպ պահպանի իր ազդեցությունը գործընթացների վրա։ ԵՄ-ում արդեն բացահայտ ասում է, որ եթե Պուտինն ու Թրամփը սկսեն «պառակտել» ԵՄ-ն, ապա հնարավոր է վերադարձ Վարշավյան պայմանագրի սահմաններին։ Պուտինը նախկինում կոչ է արել դուրս բերել ՆԱՏՕ-ի զորքերը այն երկրներից, որոնք դաշինքի անդամ չեն եղել մինչև 1997 թվականը:
Ինչպե՞ս կդասավորվի Հայաստանի ճակատագիրը այս ֆոնին. Լավրովն այժմ սերտորեն ներգրավված է դրանում՝ երեկ նա Անկարայում էր, իսկ այսօր արդեն թռչում է Թեհրան, և հիմնական խնդիրներից մեկը Հարավային Կովկասն է, հաղորդակցությունների բացումը։ Փաշինյանը Զելենսկու նման հրաժարական չի տա. նա կասի, որ ամեն ինչ «ճիշտ» է արել, և առանց նրա ոչինչ չի ստացվի։
Այս ամենը հանգեցնում է նրան, որ Հայաստանի հաջորդ Սահմանադրությունը դառնալու է «խաչմերուկի» սխեման:
Նաիրա Հայրումյան