Ֆրանսիայի նախագահ Մակրոնի ԱՄՆ կատարած վերջին այցը կարծես թե չի կոտրել սառույցը Եվրոպայի և Միացյալ Նահանգների միջև: Այցից հետո Թրամփի «հակաեվրոպական» հռետորաբանությունն ավելի ծայրահեղ է դարձել։
Այս ֆոնին Հայաստանի փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը հայտարարեց, որ Եվրահանձնաժողովի կազմի փոփոխությունից հետո Հայաստանն ակնկալում է եվրոպական միջնորդական առաքելության վերսկսում և Կայա Կալլասի այցը Հայաստան և Ադրբեջան։ Երեկ Արարատ Միրզոյանը նույնիսկ զանգահարել է տիկին Կալլասին, սակայն, ըստ պաշտոնական հաղորդագրության, նա հիմնականում խոսել է ԵՄ-ՀՀ հարաբերությունների մասին։ Այցի ամսաթիվը դեռ պարզ չէ, ամբողջովին պարզ չէ նաև, թե արդյո՞ք նոր եվրոպական միջնորդությունը կլինի Շառլ Միշել-Մակրոն նախաձեռնության շարունակությունը, որի արդյունքում Ալմա-Աթայի հռչակագիրը ընդունվեց որպես կարգավորման մեկնարկային կետ:
Ալմա-Աթայի հռչակագիրը և խորհրդային սահմանները հանկարծակի հիշել են Եվրոպայում՝ կապված ուկրաինական ճգնաժամի հետ՝ 1991 թվականի սահմաններին իբր Ռուսաստանի վերադարձին հասնելու համար։ Սակայն այսօր Թրամփը արդեն հայտարարել է, որ կփորձի Ուկրաինային «վերադարձնել» հնարավորինս շատ օկուպացված հողեր, «բայց դա դժվար կլինի»։ Այսինքն՝ Ուկրաինայի և Հայաստանի վերաբերյալ Ալմա-Աթայի հռչակագիրը կորցրել է իր արդիականությունը, և «խորհրդային սահմաններն» այլևս գոյություն չունեն։ Իսկ Պարույր Հովհաննիսյանի դիմումը ԵՄ-ին՝ միջնորդությանը վերադառնալու խնդրանքով, վկայում է այն մասին, որ Բաքվի և Երևանի միջև «երկկողմ ձևաչափը» նույնպես սպառել է իրեն։
Արցախյան հիմնախնդրի լուծման միակ ձևաչափը մնում է ԵԱՀԿ Մինսկի խումբը, որը սառեցվել էր 2020 թվականի Արցախում պատերազմից և վերջնականաապես՝ Ռուսաստանի Ուկրաինա ներխուժումից հետո։ Ռուսաստանը Մինսկի խմբի սառեցումը բացատրեց նրանով, որ արևմտյան համանախագահները՝ ԱՄՆ-ն և Ֆրանսիան, իբր չեն ցանկանում կապ հաստատել Մոսկվայի հետ։
Այժմ, երբ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև բանակցությունների երկու փուլն արդեն կայացել է, և նախագահ Մակրոնը մեկնել է ԱՄՆ՝ հանդիպելու Թրամփին և պատրաստ է զանգահարել Պուտինին, Մինսկի խմբի ձևաչափի վերականգնումն ավելի քան արդիական է դառնում։
Դեռևս 2020 թվականի պատերազմից առաջ Մինսկի խումբը գրեթե միակ օրինական հարթակն էր ԱՄՆ-ի, Ռուսաստանի և ԵՄ-ի համար, որտեղ այս երեք ուժային կենտրոնները համագործակցում էին, և ոչ միայն Արցախի հարցում։ Արցախի հարցը միակն էր, որի վերաբերյալ երեք համատեղ հայտարարություն արեցին Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահները։ Եվ դրանցից ոչ մեկում որևէ հիշատակում չկար «խորհրդային սահմաններին» կամ Ալմա-Աթայի հռչակագրի մասին։ Փոխարենը անդրադարձ է եղել միջազգային իրավունքի երեք հիմնարար սկզբունքներին՝ ներառյալ ինքնորոշումը և ուժի չկիրառումը։
Հիմա ժամանակն է վերսկսել Մինսկի խմբի ձևաչափը, հրաժարվել Պրահայի համաձայնագրից և տխրահռչակ «խորհրդային» սահմաններից և գործել միջազգային իրավունքին համապատասխան։ Ավելին, եթե Պաղեստինի հակամարտությունում ԱՄՆ-ը խոսում է Իսրայելի «բիբլիական իրավունքի» մասին այդ հողերի նկատմամբ, ապա «պատմական իրավունքի» սկզբունքը պետք է գործի նաև Հայաստանի հանդեպ։
Քանի դեռ Մինսկի խումբը չի վերսկսել իր աշխատանքը, փորձեր են արվում ստիպել Հայաստանին անել քայլեր, որոնք կհանգեցնեն անշրջելի որոշումների։
Նաիրա Հայրումյան