Փետրվարի 26-ին «Ստեփանակերտ» մեդիա ակումբը քննարկում էր կազմակերպել Արցախից բռնատեղահանվածների նկատմամբ ատելության խոսքի տարածման պատճառահետևանքային կապերի և դրան հակազդելու միջոցների, նշյալ թեմայով հանրային քննարկումների մթնոլորտի առողջացմանը նպաստելու մասին։ Սույն հոդվածում տեղ են գտել նաև այդ քննարկման ժամանակ հնչած տեսակետներն ու առաջարկությունները:
Անհանդուրժողականությունը հայ հասարակության տարբեր հատվածների միջև երկար պատմություն ունի: Բնակչության մեծ տեղաշարժերը, որոնք տեղի են ունեցել նախորդ դարում, ուղեկցվել են նմանատիպ, իսկ հաճախ ավելի դաժան խնդիրներով, որոնց հիմա բախվում են արցախցիները բռնի տեղահանությունից հետո։ Կարևոր խնդիր եղել և մնում է անօթևան մնացած խմբի թիրախավորումը, փոխադարձ անհանդուրժողականությունը։ Հերթական ալիքն առաջացրել է նոր սրացումներ, բայց պատումները հիմնականում նույնն են եղել, որոնց հիմքում մյուս խմբին «ճիշտ» կամ «իսկական» հայի հատկանիշներից զուրկ համարելն է։
Փոխադարձ թիրախավորման բազմաթիվ դրվագներ են պահպանվել ժամանակակիցների գրվածքներում։ Հայտնի օրինակ է նախորդ դարասկզբին Արարատյան դաշտի հայերի և Օսմանյան կայսրությունից տեղահանված հայերի միջև տարածված փոխադարձ ատելությունը։ Հրաչյա Աճառյանն իր հուշերում պատմում է, որ Էջմիածնում տեղացիների կողմից ընդգծված վատ վերաբերմունքի էր արժանանում տաճկահայ լինելու պատճառով։ «․․․Այսպես սկսվեց ատելությունը երկու տարրերի միջև։ Տաճկահայ բառը ավելի ատելի և նախատական դարձավ։ Մինչև անգամ ամուսնական խնամիությունները դադարեցին երկուսի միջև և ամբողջ Կովկասը, մանավանդ Արարատյան նահանգը բռնված էր փոխադարձ ատելությամբ, արհամարհանքով և կռվով» (Հրաչյա Աճառյան, «Կյանքիս հուշերից», էջ 203)։ Միևնույն ժամանակ, Աճառյանը նույնպես նախապաշարմունքների կրող էր․ Արարատյան դաշտի բնակիչներին համարում էր պակաս գործունյա, իսկ արտաքինից բնորոշում էր որպես «գեշ»։ Ցեղասպանության հետևանքով Արևելյան Հայաստանում ապաստանած գաղթականի մտքերը տեղացիների մասին արտացոլում են գտնում նաև Չարենցի «Խմբապետ Շավարշ»-ում»․
«Ընդունեցին— թուրքից էլ վատ, այո՛.
«Ռուսահայ եղբայրնե՜րը»… «Հայրենի՜ք». «Հայ»,
Կուշտ, ականջները դինջ, ապահով։
Բայց ինչո՞ւ ընդունեցին այդքան վա՛տ, վա՛տ,
Օտարի, թշնամու, գրողի պես.
Դե, հայեր են լիրբ, մուխաննաթ[4],—
Մտածում Էր Շավարշը— հայեր են գեշ,
Այլասերված հայեր, ռսացած․․․»։
Ակնհայտ է, որ հակադարձ պատումները տեղացիների կողմից այն մասին էին, որ վրա հասած աղետի մեղավորները «թրքացած» ու «անշնորհակալ» տաճկահայերն են։
Մեզ համար ավելի թարմ է 1988-ից հետո Ադրբեջանից տեղահանված հայերի խնդիրը, որին Հայաստանը բախվել է որպես անկախ պետություն։ Հետխորհրդային տնտեսական նոր իրողության պայմաններում նրանց մեծ մասը չի կարողացել մշտապես հաստատվել Հայաստանում։ Նոնա Շահնազարյանի մենագրությունում կարդում ենք. «Հետազոտության իրականացման պահին ձևավորված իրավիճակում հետպատերազմյան ղարաբաղյան հասարակությունում առաջացել են մի քանի խմբեր, որոնք ենթարկվել են բազմակի մարգինալացման։ Նրանց թվին են պատկանում փախստականները Ադրբեջանից և կանայք։ Փախստականների հետագիծն այսպիսին է․ Ադրբեջանից արտաքսել են որպես հայերի, Հայաստանում և Ղարաբաղում ընդունում են որպես եկվորներ։ Նրանց ունեզրկել են Ադրբեջանում և տեղափոխվել են աղքատ ռեգիոն, գումարած հետխորհրդային բարդությունները։ Հասարակության անցումը դեպի կլանային սկզբունքներ նույնպես առաջին հերթին հարվածել է նրանց»։
Վերոնշյալ օրինակները ցույց են տալիս, որ կենցաղային մակարդակում անհանդուրժողականությունը սնվում է միևնույն պատումներից, փոխվում են միայն թիրախային խմբերը։ Եթե նախկինում «ռսացած» էին Կովկասի հայերը, իսկ «թրքացած»՝ օսմանյան հայերը, ապա հետագայում «ռսացան» Բաքվի հայերը, իսկ «թրքացան» ղարաբաղցիները։ Ըստ երևույթին, արտաքին տարբերությունների բացակայության պայմաններում, անհանդուրժողականության «գրգռիչ» է հանդիսանում լեզուն (օտար կամ բառբառ)։
2020-ի պատերազմից և 2023-ի բռնի տեղահանությունից հետո անհանդուրժողականությունն արցախցիների նկատմամբ (արցախատյացություն) մտահոգիչ աստիճանի է հասել։ Ատելության խոսքի գեներացման համար սոցիալական ցանցերը լայն հնարավորություններ են բացում։ Արցախին կամ արցախցիների վերաբերող ցանկացած նյութ, որ հարապարակում են լրատվամիջոցները, որքան էլ ապաքաղաքական լինի, կարող է առաջացնել ատելության և փոխադարձ վիրավորանքների բազմաթիվ մեկնաբանություններ։ Օրինակ, «Ազատություն» ռադիոկայանը Ֆեյսբուքում հրապարակում էր արել վարչապետի ուղղությամբ խնձոր նետած տարեց արցախցու դատական գործի վերաբերյալ։ Հրապարակումն ազգային նշանակության թեմա չի արծարծում, բայց լրատվականի էջի ամենադիտված ու մեկնաբանված (մոտ 1000 մեկնաբանություն) հրապարակումներից է։ Բանը հասել է նրան, որ խմբագրությունը, կանխազգալով մեկնաբանությունների բովանդակությունը, առաջին ամրագրված մեկնաբանությունում հորդորում է վիրավորանք, հայհոյանք ու բռնության կոչեր պարունակող մեկնաբանություններ չգրել․ դա, իհարկե, որևէ արդյունք չի ունեցել։ Միայն այդ հրապարակման մեկնաբանությունները կարդալը բավական է հասկանալու անհանդուրժողականության աստիճանը, որ տիրում է մեր հասարակությունում, առնվազն, վիրտուալ տիրույթում։
Ներկայումս չկան պատճառներ, որ անհանդուրժողականությունը կարող է մոտակա ժամանակներում մարել, սակայն կան մի շարք գործոններ և գործիչներ, որոնք վատթարացնում են վիճակը։ Վատթարացնող գլխավոր հանգամանքն իշխող ուժի և նրանց հետ փոխկապակցված անձանց կողմից պարբերաբար հնչող խոսքերն են, որոնք ուղղակի կամ անուղղակի թիրախավորում են արցախցիներին, ինչն էլ տիրաժավորվում է նրանց կողմից վերահսկվող լրատվամիջոցներում։ 2020-ի պատերազմից հետո նոր միտում առաջացավ՝ արցախցիների թիրախավորումը հասավ քաղաքական բարձր ամբիոններ։ Պատերազմի հետևանքով առաջացած ներքաղաքական լարվածության պայմաններում արցախատյացությունը դարձավ իշխանական քարոզչության բաղադրիչներից մեկը։ Չի կարելի ասել, որ դա համակարգային բնույթ է կրում, սակայն հատկանշական է, որ քարոզչական զինանոցում նույն պատումներն են, որոնք տեղ են գտնում կենցաղային խոսույթում։ Փոխադարձ վիրավորանքներով, պիտակավորմամբ հագեցած քաղաքական խոսքի մեջ այդ պատումները հարմար տեղավորվում են։ Հնչելով բարձրաստիճան պաշտոնյայի շուրթերից՝ այդ պատումները որոշակի լեգիտիմություն են ստանում, իսկ թիրախավորող խոսքը սովորական երևույթ է դառնում։
Օրինակ, բավականին տարածված պատումը՝ պատերազմի ժամանակ արցախցիների համատարած դասալքության մասին, լայն արձագանք է գտնում Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի հանրային խոսքում։ 2023-ի հուլիսի վերջին իր մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողի սադրիչ հարցից հետո վարչապետը հունից դուրս է գալիս և սկսում է մեղադրանքներ տեղալ արցախցիների հասցեին «փախուստի» համար՝ հավելելով, որ Ղարաբաղի բարբառով խոսելը չի նշանակում հերոս լինել։ Ստեփանակերտում Աննա Հակոբյանի հիմնադրամի ամանորյա միջոցառման չեղարկումն առիթ հանդիսացավ, որ նա նույնպես թիրախավորի արցախցիներին՝ մեղադրելով նրանց վախկոտության և երեխաներին քաղաքականացնելու մեջ։ Լարված հարաբերությունները Հայաստանի և Արցախի իշխանությունների միջև առաջացնում են փոխադարձ մեղադրանքներ, որտեղ հաճախ կոնկրետ անձանց հասցեին հնչած խոսքերը մատուցվում են ընդհանուրին վերաբերվող ձևով։ Այսպես, Ալեն Սիմոնյանի խոսքը «մնալ կռվելու» մասին դժվար է ընկալել որպես մի քանի հոգու ուղղված, ինչպես ինքն է պնդում։ Մինչդեռ, նույնիսկ մի քանի հոգու ուղղված լինելու պարագայում այդ բառերը ոչ մի աղերս չունեն իրականության հետ և լեգիտիմացնում են մերկապարանոց մեղադրանքներն առ այն, որ Հայաստանի կողմից տրամադրված զենքի հանձման համար պատասխանատու է միայն Արցախի իշխանությունը։
Թիրախավորման մեկ այլ բաղադրիչ առնչվում է բռնի տեղահանումից հետո Հայաստանում հաստատված արցախցիների կարգավիճակի հետ։ ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձանց մասնակցությունը Հայաստանի քաղաքական այնպիսի գործընթացներում, ինչպիսին են ըննդիմության ցույցերը, խտրական վերաբերմունքի առիթ է իշխանական գործիչների և նրանց կողմից վերահսկվող լրատվամիջոցների համար։ Փաշինյանի կարծիքով՝ Արցախի ժողովուրդը նախկինում պետք է եղել իշխանություն պահելու համար, իսկ ներկայումս ընդդիմության կողմից օգտագործվում է որպես «ցույցի մատերիալ»։ Հայաստանում քաղաքական գործընթացներին արցախցիների մասնակցության քննադատության փաշինյանական մոտեցումը հիմնավորվում է նրանով, որ նրանք հայաստանյան ընտրություններին չեն մասնակցել և նրանց գործողությունները հավասարեցվում են օտարերկրյա քաղաքացիների կողմից քաղաքական ակցիաներին միանալուն։ «Հայաստանի ընտրված ղեկավարին մեղադրելով՝ արցախցին անուղղակի ու՞մ է մեղադրում»․- ասում է վարչապետը։ Նույն տրամաբանությունն է իշխանական պատգամավոր Գագիկ Մելքոնյանի խոսքի մեջ․ «Արցախցիները թող այստեղ ապրեն, աշխատեն, բայց մեր երկրի գործերին չխառնվեն, իրենց հյուրի նման թող պահեն, ոչ թե ուզենան տանտեր դառնալ, քսան տարի տանտեր են եղել, դրա համար երկիրն այս վիճակում է»։
Ընդդիմության ակցիաներին մասնակցելու պատճառով թիրախավորման մեկ այլ հայտնի օրինակ է ցուցարարների գաղտնալսման՝ Քննչականի կոմիտեի նյութը, որտեղ խոսում են Ղարաբաղի բարբառով։ Այս ձայնագրությունը տարածել են բոլոր իշխանական մեդիա ռեսուրսները, այդ թվում «Հանրայինը» և հիմնականում շեշտում էին, որ խոսողներն Արցախից են։ Զավեշտալի է, որ «Հայկական ժամանակ»-ի հրապարակման մեջ խոսակցությունը «թարգմանել» են, բայց ոչ թե գրական հայերեն, այլ արարատյան բարբառով։ Իշխանական լրատվամիջոցներն այդ ցույցերը լուսաբանում էին այնպես, որ տպավորություն ստեղծվի, թե մասնակիցների մեծ մասն արցախցի է, այսինքն՝ քաղաքացի չհանդիսացող անձինք, եկվորներ։ Այստեղից ուղղակիորեն բխում է արցախցիների և հատկապես Արցախի ղեկավարության պիտակավորումը որպես արտաքին ուժերի (իմա՝ Ռուսաստանի) շահերի սպասարկողներ։
Փաշինյանի կարծիքով՝ «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց որոշ շրջանակ կամա թե ակամա անում է գործողություններ և քայլեր, որոնք սպառնալիք են ստեղծում Հայաստանի ազգային անվտանգության համար․․․ և անհրաժեշտության դեպքում պետք է արվեն և ձեռնարկվեն համապատասխան քայլեր, որպեսզի նաև արտաքին ուժերը որոշ շրջանակների Հայաստանի Հանրապետության անվտանգության համար սպառնալիք ստեղծելու նպատակով չօգտագործեն»։ Այն բանում, որ «որոշ արցախցիներ», մասնավորապես, Սամվել Շահրամանյանը, արտաքին ուժերի կողմից է կառավարվում ի վնաս Հայաստանի, իշխանական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը կասկած չունի։ Նրա խոսքերով, Շահրամանյանին «դեսանտ» են իջեցրել Երևանում՝ Հայաստանի Հանրապետությունը լուծարելու նպատակով։ Անգամ Քննչական կոմիտեի պաշտոնական հաղորդագրությունը խտրական դրսևորումներ ունի, երբ հատուկ ընգծվում է իշխանությունը յուրացնելու փորձի մեջ մեղադրվող անձանցի մի մասի ԼՂ նախկին բնակիչ լինելու հանգամանքը։
Վերոնշյալ կեղծ պատումներով չի սահմանափակվում արցախցիների թիրախավորումը։ Տարածված է նաև նրանց «անշնորհակալ» լինելու մասին թեզը, ըստ որի կառավարությունից աջակցություններ են ստանում, բայց շարունակում են բողոքել։ Փաշինյանն այդ մասին ուղղակի ասաց․ «դավաճանական կառավարության աջակցություններն ինչու՞ եք ստանում»։ Կարելի է հիշատակել նաև արցախցիների նույնականացումը Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահների հետ։
Այս ամենով հանդերձ, մեզ համար կարևոր է հասկանալ, թե որն է այդ ամենը հնչեցնելու մոտիվը, և ինչպես պետք է դրա դեմ պայքարել։ Ոմանք ակնհայտ անձնական նախապաշարմունքներ ունեն, բայց ավելի հիմնավոր է սեփական ձախողումների մեղքը այլոց վրա բարդելու բացատրությունը։ Պարտությունը և Արցախի կորստի մեղքը վերջինիս ղեկավարությանը և բնակիչներին վերագրելը հարմար է Հայաստանի իշխանությունների համար և այն պատճառով, որ ինքնին խոցելի վիճակում հայտնված և լեգիտիմ ներկայացվածությունից զրկված մեղադրվող կողմը չի կարող համարժեք պատասխան տալ, և որ այդ տեսակետը հանրության մի մասի մոտ ողջունվում է։ Մեկ այլ պատճառ է, որ քաղաքական գործիչը կամ լրատվամիջոցը ատելության խոսքի և պիտակավորման համար էական պատասխանատվություն չի կրում։
Մերկապարանոց պատումները հանրայնացնելով և լեգիտիմացնելով՝ Հայաստանի իշխանավորները վտանգավոր ճանապարհի վրա են։ Որոշակի լսարանի համար ականջահաճո խոսքեր ասելու համար բաժանարար հռետորաբանության օգտագործումն առաջին հերթին վնասում է Հայաստանի հասարակական համերաշխությունը և թունավոր հոգեբանական մթնոլորտ է ստեղծում։ Այս առումով, կա բարձր հավանականություն, որ գալիք ընտրություններին ընդառաջ նման անընդունելի դրսևորումները կշատանան։
Հասարակության մեջ առկա անհանդուրժողականությունը, փոխադարձ ատելությունը ավելի խորքային պատճառներ ունեն և «ղարաբաղցի-հայաստանցի» տարբերակումից եկող էմոցիաները մեծ խնդրի մի բաղադրիչն են։ Դրանց հաղթահարումը երկարատև, բազմակողմանի ջանքեր է պահանջում։ Կարևոր է, որ այստեղ տաբու թեմաներ չլինեն, հարցի մասին շատ խոսվի, քննարկվի բոլոր կողմերի հետ՝ կարծրատիպերը ջարդելու նպատակով։
Քաղաքական խոսքում և մեդիայում այդպիսի դրսևորումներն ավելի վտանգավոր են, ու դրանց դեմ ավելի թիրախային պայքար պետք է մղել։ Ալեքսանդր Սիրունյանի դեպքը ցույց տվեց, որ նրա բացահայտ արցախատյաց լինելու մեջ իշխանությունը խնդիր չէր տեսնում, մյուս կողմից՝ բավարար հակազդեցությունն արդյունք է տալիս։ Սիրունյանի առաջադրման չեղարկման ուղղությամբ հայաստանյան քաղհասարակության մի շարք կազմակերպություններ զգալի ներգրավվածություն են ունեցել։
Արցախցիների թիրախավորման դրսևորումների դեմ պայքարում շատ կարևոր դերակատարում ունի մեդիան։ Հայաստանում կան խոշոր լրատվամիջոցներ, որոնք իրենց հրապարակումներում միշտ կառուցողականորեն անդրադառնում են թեմային և լայն հանրային հնչեղություն ապահովում։ Պետք է փորձել ազդել նաև այն լրատվամիջոցների վրա, որոնք հակաարցախյան պատումներ են տարածում, աշխատել դրանց խմբագիրների հետ։
Արամ Թադևոսյան
Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի փորձագետ
2025. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: