ԵՄ-ն չի կարողացել ընդունել Ուկրաինայի «միջազգային ճանաչված սահմաններին» աջակցող բանաձև

  • 11:03 07.03.2025

Նախօրեին Բրյուսելում հավաքված ԵՄ երկրների առաջնորդները չկարողացան ընդունել Ուկրաինային աջակցության միասնական բանաձեւ. Հունգարիան չստորագրեց բանաձեւը։ Բանաձեւը պարունակում է կետ, որը հակասում է ԱՄՆ դիրքորոշմանը, եւ այն վերաբերում է Ուկրաինայի հնարավոր տարածքային զիջումներին, որոնք նախատեսված են ամերիկյան «կարգավորման» ծրագրով։

Եվրոպական խորհուրդը պնդում է, որ Ուկրաինան օգտագործում է իր ինքնապաշտպանության իրավունքը ռուսական լայնածավալ ագրեսիայի դեմ, ԵՄ-ն վերահաստատում է իր անսասան աջակցությունը երկրի անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը միջազգայնորեն ճանաչված սահմաններում։ ԱՄՆ նախագահի վարչակազմի հայտարարությունների ֆոնին, թե Կիևի համար «անիրատեսական» է վերադարձնել Ռուսաստանի կողմից գրավված տարածքները, Բրյուսելի առաջնորդները կարևոր համարեցին ընդգծել «միջազգային ճանաչված սահմանները»:

Բայց Հունգարիայի դիրքորոշումը ցույց տվեց, որ այս սկզբունքը կարող է չգործել, ինչը նշանակում է, որ «միջազգային ճանաչված սահմանները» մշտական ​​չեն և սուրբ կով չեն: Հունգարիան նույնպես դեմ չէ ստանալ Ուկրաինայի Կարպատյան հատվածը, որն իրենն է համարում։

ԵՄ երկրները չափազանց անհանգստացած են Եվրոպայում սահմանների փոփոխություն թույլ տալու ԱՄՆ-ի փորձից, քանի որ նրանք տարածքային պահանջներ են ակնկալում առաջին հերթին Ռուսաստանից։ Բալթյան երկրներն ու Լեհաստանն այս մասին բացահայտ են խոսում։

Նույն արտակարգ գագաթնաժողովում եվրոպացի առաջնորդները որոշել են ուժեղացնել ԵՄ պաշտպանությունը և այդ նպատակով հատկացնել 800 միլիարդ եվրո։ Միաժամանակ նախագահ Մակրոնն առաջարկել է ընդլայնել Ֆրանսիայի միջուկային զսպման վահանը ողջ Եվրամիության վրա։ Բայց դա դժվար թե կանխի «Եվրոպայի սահմանների փոփոխությունը»։

Ուկրաինայի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները օրերս մտադիր են հանդիպել Սաուդյան Արաբիայում և պարզաբանել հիմնական հարցը՝ արդյո՞ք Ուկրաինան համաձայն է հրաժարվել Ռուսաստանի կողմից արդեն իսկ օկուպացված տարածքներից և խաղաղություն հաստատել։ Թե՞ Ուկրաինան՝ ԵՄ աջակցությամբ, կշարունակի պայքարը, թեև ԱՄՆ-ն ասում է, որ տարածքների վերադարձն իրատեսական չէ։ Զելենսկին կանգնած է չափազանց բարդ ընտրության առաջ, որը կորոշի աշխարհում հետագա զարգացումների պարադիգմը։

Դա վերաբերում է նաև Հարավային Կովկասին, որտեղ Շառլ Միշելին և Մակրոնին հաջողվեց ստանալ Հայաստանի կառավարության համաձայնությունը՝ երկրի սահմանները 1991 թվականի Ալմա-Աթայի տխրահռչակ հռչակագրի շրջանակներում սահմանելու մասին։ Հենց այս սահմաններն են կոչվում «միջազգային ճանաչված»: Բայց եթե Ուկրաինայում գործարք կնքվի, որը կխախտի 1991 թվականի սահմանները, ապա ԵՄ-ի, Ֆրանսիայի, Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված Պրահայի համաձայնագիրը ինքնաբերաբար կդադարի գործել: